Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բացահայտ հաշվեհարդար

Փետրվար 12,2010 00:00

\"\"Դիտորդին սպառնում են «սաղ չթողնել»

Թիվ 10 ընտրատարածքում հունվարի 10-ին կայացած ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած «Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Անահիտ Սարգսյանի երեկ տարածած հաղորդագրության համաձայն, նախորդ օրը երեկոյան, ժամը 21.00-ի սահմաններում, դիտորդական առաքելության ղեկավար Անահիտ Սարգսյանն իր դստեր հետ ենթարկվել է բռնության: Դեպքը տեղի է ունեցել այն շենքի բակում, որտեղ բնակվում է Ա. Սարգսյանը: «Առավոտի» հետ զրույցում տիկին Անահիտը պատմեց, որ սովորաբար երեկոյան այդ ժամերին ինքն իր դստեր հետ դուրս է գալիս զբոսանքի. «Մի քանի օր առաջ կասկածելի երկու մարդու էի նկատել, անգամ հարեւանուհուս այդ մասին պատմեցի: Մենք Տերյան փողոցի վրա ենք բնակվում՝ նախկին Կրուպսկայայի դպրոցի կողքից դեպի մեր շենք տանող նեղ ճանապարհ կա: Այդ հատվածում սովորաբար մութ է լինում, իսկ վերջերս ես առանց այդ էլ զգուշանում էի եւ այդ տարածք հասնելով՝ զանգահարում եմ ամուսնուս, որ մուտքի լույսը վառի: Երեկ չհասցրեցի զանգել: Այդ հատվածում բետոնե ավտոտնակներ կան, երբ հասանք դրանց, ինչ-որ մեկը շատ արագ ետեւիցս եկավ ու հայտնվեց ինձ դեմ-դիմաց: Միջահասակ, նիհար տղա էր, գլխին էլ կեպի կար»: Այդ անհայտ երիտասարդը բավականին ամուր, այնքան, որ անգամ մուշտակը չի պաշտպանում ցավից, սեղմում է տիկնոջ ձախ արմունկը, քաշելով մի կողմ՝ ասում է. «Քեզ չէի՞նք ասել, որ խելոք մնաս, էս ի՞նչ «կաշեր» ես եփել, կգնաս ու կմաքրես, թե չէ՝ սաղ չենք թողնի»: Այդ ընթացքում մի բարձրահասակ եւ թիկնեղ տղամարդ էլ մոտենում է Ա. Սարգսյանի դստերը: Լարված իրավիճակում, առանց այդ էլ փոքր-ինչ նյարդային խնդիրներ ունեցող երեխան սկսում է բղավել, ինչից Անահիտ Սարգսյանին ահաբեկողը հանկարծակիի է գալիս. «Խառնվեց իրար, ու զգացի, որ փորիս ինչ-որ բան սեղմեց: Ինձ թվաց՝ ատրճանակի պես մի բան էր: Դանակ չէր, հաստատ: Այդ ժամանակ նա նորից արմունկս քաշեց ներքեւ ու պատվիրեց՝ «ասածներս լավ հիշի», եւ երկուսով էլ շատ արագ հեռացան»: Երեխայի ձայնին տիկին Անահիտի ամուսինն է դուրս գալիս պատշգամբ եւ լույսը վառում, բայց արդեն կասկածելի անձանց տեսնել հնարավոր չի լինում: Տիկին Անահիտը պնդում է, որ միայն պատահականության արդյունք էր, որ իրենք այդ իրավիճակից անվնաս են դուրս եկել:
«Առավոտի» հարցին՝ քանի որ այդ մարդիկ շատ հստակ խոսել են ընտրությունների հետ կապված ձեր իրականացրած գործունեության մասին, ենթադրվում է, որ պետք է նախկին թեկնածուներից որեւէ մեկի կողմից «գործուղված» լինեն. կասկածներ ունե՞ք այդ առիթով՝ Ա. Սարգսյանը պատասխանեց. «Կոնկրետ ոչ մեկին կասկածել չեմ կարող, բայց տրամաբանությունս հուշում է, որ ովքեր կանգնած են Նիկոլ Փաշինյանի հետ կապված այս ամբողջ պատմության ետեւում՝ նրանք էլ պատասխանատու են: Իմ դիտորդական գործունեությունն ավելի շատ ուղղվեց Նիկոլ Փաշինյանի, այսպես ասած, իրավունքների պաշտպանությանը, քանի որ ընտրությունների հետ կապված այդ ողջ ընթացքում նրա շահերն էին անընդհատ ոտնահարվում»: Հիշեցնենք, որ օրեր առաջ տիկին Անահիտը հաղորդագրություն էր տարածել, որ իր դիտորդական գործունեության առիթով անհայտ անձինք սպառնացել էին իրեն եւ «ակնարկել», որ իր գործունեության առիթով կարող է տուժել ոչ միայն տիկինը այլեւ նրա երեխաները: Իշխանություններին, այդ թվում՝ իրավապահ մարմիններին, այդ առիթով ուղղված դիմումներն ու հայտարարությունները մնացել են անհետեւանք: Իր եւ դստեր հետ կատարվածը Անահիտ Սարգսյանը համարում է «իշխանությունների դատապարտելի անգործության հետեւանք» եւ գտնում է, որ այդ ամենի ողջ պատասխանատվությունը կրում է իշխող վարչախումբը, որի «կրավորական կեցվածքը նպաստում է երկրում վախի, բռնությունների մթնոլորտի տարածմանը եւ ընտրությունների նկատմամբ բնակչության հավատի իսպառ վերացմանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել