Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ ԽՈՇՏԱՆԳՈՒՄ ԵՆ

Փետրվար 12,2010 00:00

Պնդում է քաղբանտարկյալների իրավական աջակցության ծառայության ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը

Փետրվարի 3-ին ԱԺ նախկին պատգամավոր, արցախյան ազատամարտի մասնակից եւ «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը, որը 8 տարվա ազատազրկման է դատապարտվել, իբր, 2008թ. մարտի 1-ին «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» եւ ապօրինի զենք-զինամթերք պահելու համար, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից (ցեբե) տեղափոխվել էր «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն: Այստեղ նա սրտի նախնական հետազոտության էր ենթարկվել, եւ պարզվել էր, որ Միքայելյանի մոտ առկա է սրտանոթի 80 տոկոս նեղացում, ինչը առանց համապատասխան բժշկական միջամտության կարող էր սրտի կաթվածի հանգեցնել: Փետրվարի 4-ին պատգամավորը սրտի մեկ ժամ տեւած վիրահատության էր ենթարկվել. սրտի առաջային վայրէջ զարկերակին ստենդ էր տեղադրվել: Վիրահատությունը հաջող էր անցել, բայց հակառակ Միքայելյանի բուժող բժիշկ Արեւիկ Ստեփանյանի կանխատեսումների, իսկ նա ասել էր, որ վիրահատությունից հետո հիվանդը առնվազն եւս երկու-երեք օր կմնա իրենց հսկողության տակ եւ նոր միայն դուրս կգրվի, Միքայելյանին նշվածից ավելի վաղ, դեռ նորմալ չապաքինված կրկին տեղափոխել էին «Դատապարտյալների հիվանդանոց»:
Հիշեցնենք, որ այդպես եղավ նաեւ նախորդ անգամ, երբ անցյալ տարվա դեկտեմբերին քաղբանտարկյալի պարբերական գանգատներից եւ բազմաթիվ միջնորդություններից հետո նրան տեղափոխեցին «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ նա եւս երեք՝ շնչուղիների շրջանում, վիրահատությունների էր ենթարկվել, բայց դեռ լիովին չապաքինված վերադարձվել էր «ցեբե»: Ի դեպ, դեռ այն ժամանակ էր, որ նրան բուժող բժիշկն ահազանգել էր, թե նախկին պատգամավորի շնչուղիների շրջանում միանգամից մի քանի վիրահատություն էր կատարվել։ Բուժող բժիշկը ահազանգել էր, որ Միքայելյանի մոտ կան նաեւ սրտանոթային խնդիրներ, եւ նա նեղ մասնագետ բժիշկների մշտական հսկողության տակ գտնվելու կարիք ունի: Այն, որ իշխանությունները՝ ի դեմս ՀՀ արդարադատության նախարարության եւ մասնավորապես քրեակատարողական վարչության, երբեւէ բարեհաճ ու մարդկային չեն եղել քաղբանտարկյալների նկատմամբ ու ավելին՝ հնարավոր ամեն ինչ արել են նույնիսկ արհեստականորեն ձգձգելու համար նրանց անհրաժեշտ բուժօգնությունը՝ ցուցաբերելու համար՝ փաստ է: Այդպես է եղել ե՛ւ Մկրտիչ Սափեյանի, ե՛ւ Մյասնիկ Մալխասյանի, ե՛ւ Հակոբ Հակոբյանի, ե՛ւ Արման Բաբաջանյանի ու Տիգրան Առաքելյանի, ե՛ւ Կարեն Թարխանյանի եւ մյուսների դեպքերում: Եթե սրան հավելենք նաեւ այն, որ վիրահատությունից հետո «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխված Սասուն Միքայելյանը այսօր էլ շարունակում է անմխիթար վիճակում մնալ եւ դրանով հանդերձ՝ ամեն օր «ցեբե»-ից Նորք-Մարաշի սրտաբանական հիվանդանոցի ճանապարհն անցնել հետվիրահատական զննությունների ենթարկվելու համար, ապա հստակ է, որ իշխանությունները որոշել են ոչ միայն ամբողջովին քայքայել նախկին պատգամավորի առողջությունը, այլեւ նրան խոշտանգումների ենթարկել: Սա արդեն ոչ թե «Առավոտի», այլ Քաղբանտարկյալների իրավական աջակցության ծառայության ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի դիտարկումն է:
Բանն այն է, որ Միքայելյանի հարազատները ահազանգում են, թե հրամանատարը շարունակում է գանգատվել ցավերից ու նաեւ շնչարգելությունից, անքնությունից: Նույնը հաստատում են նաեւ նրան բուժող բժիշկները: Նրանց ախտորոշմամբ՝ Միքայելյանը սրտի իշիեմիկ հիվանդություն ունի, ողնաշարի հրազենային վնասվածք, դիսկերի խախտում, ինչը կարող է նաեւ ողնաշարի հետ կապված խնդիրներ ու ցավեր առաջացնել: Իսկ «ցեբե»-ում նրան հսկում են, գուցե, շատ բարեխիղճ, բայց սուղ հնարավորություններ ունեցող եւ ոչ նեղ մասնագետ բժիշկներ: Ս. Միքայելյանին այսօր, նրան բուժող բժշկի ասելով, անհրաժեշտ է ֆիզիկական ակտիվություն պահպանել, մշտապես գտնվել դիետայի եւ սրտաբանի հսկողության տակ, հոգեկան հանգիստ վիճակում լինել, ինչն անհնարին է բանտային պայմաններում:
Թե ինչո՞ւ Միքայելյանն այդ վիճակում տեղափոխվեց «Դատապարտյալների» հիվանդանոց, նրա ընկերները ենթադրում են՝ որովհետեւ իշխանությունները քինախնդիր են եւ փոքրհոգի:
Իսկ Արմեն Խաչատրյանը, որին վերն արդեն մեջբերել ենք, ասաց. «Ի՞նչ է նշանակում՝ ամեն օր հիվանդ մարդուն հիվանդանոցից հիվանդանոց տանել-բերել: Եթե կար բուժզննության անհրաժեշտություն, ինչո՞ւ նա հապճեպ կերպով այդ հիվանդանոցից տեղափոխվեց ՔԿՀ: Եթե այն, ինչ կատարվում է Սասուն Միքայելյանի նկատմամբ, կատարվեր որեւէ այլ քաղաքացու հանդեպ՝ էլի դա անթույլատրելի կլիներ ու կդիտվեր որպես խոշտանգում եւ անգամ ոչ թե Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 3-րդ, այլ 2-րդ հոդվածի՝ ապրելու իրավունքի խախտման փաստ:
Օրենքով սահմանված կարգով կա հիվանդությունների ցանկ, որոնք անհամատեղելի են ազատազրկման հետ, եւ եթե այս իշխանությունները գոնե տեղ-տեղ օրենքով առաջնորդվեին, ապա մասնավորապես ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան օղակներում արդեն իսկ այդ մասով պետք է վարույթ սկսված լիներ: Երբ մարդու առողջությանը, հիմա արդեն կյանքին վտանգ է սպառնում, առանձին պաշտոնյաներ չէ, որ պետք է որոշեն՝ Միքայելյանի հիվանդությունը բանտային պայմանների հետ համատեղելի՞ է, թե՞ ոչ: Դրա համար կա հստակ ընթացակարգ: Այլ բան է, որ այդ նիստը կարող էր տեւել կես ժամ, բայց դա էր ճիշտ ձեւը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել