ՀՀ նախագահի լոնդոնյան ելույթի մասին այս կարծիքին է ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
– Տպավորություն կա, թե հերթական ակտիվության փուլն է հայ-թուրքական հարաբերությունների անավարտ գործընթացում, եւ ՀՀ նախագահի լոնդոնյան ելույթը կարծես որոշակի շեշտադրումներ մտցրեց այս ամենում:
– Վերջին շրջանում բավականին ակտիվ իրադարձություններ տեղի ունեցան՝ կապված թե՛ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների եւ թե՛ Լեռնային Ղարաբաղի հարցի հետ: Մենք տեսանք, որ Թուրքիայի քաղաքական վերնախավը աչքի ընկավ ապակառուցողական մոտեցումներով, եւ վարչապետից մինչեւ արտգործնախարար սկսեցին ոչ կոռեկտ հայտարարություններով հանդես գալ, որոնք չէին բխում արձանագրությունների ոգուց: Ադրբեջանի ղեկավարն էլ խոսում էր ռազմական հռետորիկայով, եւ կարիք կար, որ Հայաստանը եւս մեկ անգամ հստակեցներ իր դիրքորոշումը: Առիթը դարձավ Լոնդոնում մեր երկրի նախագահի ելույթը՝ նվիրված Հարավային Կովկասի անվտանգության խնդիրներին: Այն միաժամանակ խորքային, կառուցողական եւ տարածաշրջանային առաջնորդի, ազգային-պետական գործչի ելույթ էր, որում հստակ պաշտպանված էին հայության եւ Հայաստանի շահերը: Ելույթը բաղկացած էր երկու մասից՝ Լեռնային Ղարաբաղին եւ հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հարցեր: ԼՂ-ին վերաբերող հատվածում կային հստակ մեսիջներ՝ ուղղված թե միջազգային հանրությանը եւ թե Ադրբեջանին: Նախագահը շատ հստակ ասաց, որ անվտանգությամբ ինքը սկսել է զբաղվել դեռ 20 տարի առաջ, երբ Ղարաբաղի ժողովուրդը բնաջնջման եզրին էր եւ սկսել էր պաշտպանել իր իրավունքները: Սրանով նախագահը հստակ հակահարված տվեց Ադրբեջանի կեղծ քարոզչությանը: Նա ավելի հեռուն գնաց եւ հայտարարեց, որ ԼՂ-ն երբեք չի եղել Ադրբեջանի կազմում, ընդհակառակը՝ բռնակցվել է Ադրբեջանին կուսակցական որոշմամբ, եւ եթե ԽՍՀՄ ցանկացած սուբյեկտ իրավունք ուներ անկախանալու, ինչո՞ւ այդ իրավունքը չպետք է ունենար նաեւ Լեռնային Ղարաբաղը: Նախագահը տարածքային ամբողջականության ջատագովներին հիշեցրեց, որ այդ սկզբունքը չի կարող կապվել Ղարաբաղի հետ, քանի որ ԼՂ-ն երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: Ավելի կարեւոր եմ համարում, որ նախագահն այդ բարձր ամբիոնից հայտարարեց, որ ԼՂ հարցի լուծումը մենք պատկերացնում ենք որպես ԼՂ ժողովրդի հավաքական կամքի արտահայտություն, իսկ այդ հավաքական կամքը բոլորիս եւ ողջ աշխարհին հայտնի է: Նա նշեց, որ ԼՂՀ-ն արդեն կայացած պետություն է եւ, հղում անելով հայտնի «Ֆրիդոմ Հաուսզ» կազմակերպությանը, ասաց, որ ժողովրդավարությունն այստեղ ավելի զարգացած է, քան Ադրբեջանում: Իլհամ Ալիեւի մի առիթով արած հայտարարությանը, թե Ադրբեջանը պատրաստ է շատ բարձր կարգավիճակ տալ Ղարաբաղին, հակադարձելով՝ ՀՀ նախագահն ասաց, որ Ադրբեջանը վաղուց սպառել է ազգային փոքրամասնություններին կարգավիճակ տալու երաշխիքը, հիշեցրեց Նախիջեւանի մասին, ասելով, որ այսօր այնտեղ ոչ մի հայ չկա: Նա բացեց աշխարհի աչքերը, ասելով, որ Ջուղայում ադրբեջանցի զինվորները վանդալիզմի չտեսնված օրինակներ են ցուցաբերել՝ ավերելով պատմական հայկական հուշարձանները: Նա ըստ էության հայտարարեց, որ ոչ տեսականորեն եւ ոչ էլ գործնականորեն խոսք լինել չի կարող Ղարաբաղը Ադրբեջանի կազմում տեսնելու մասին:
– Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին խոսելիս Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Եթե արդարանան մեր մտավախություններն այն մասին, որ Թուրքիայի նպատակը ժամանակ ձգելն է, մենք կդադարեցնենք այդ գործընթացը»: Ի՞նչ է սա նշանակում:
– Ելույթի հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հատվածում եւս նախագահը հանդես եկավ որպես տարածաշրջանային առաջնորդ, վերահաստատեց, որ մենք պատրաստ ենք հարաբերությունների հաստատման առանց նախապայմանների եւ շատ ենք կարեւորում երկկողմ, երրորդ երկրներին չվերաբերող հարաբերությունների հաստատումը, եւ ասաց, որ Հայաստանը, ի տարբերություն Թուրքիայի, որ նախապայմաններով է խոսում, պատրաստ է վավերացնել արձանագրությունները, եւ դրանք ուղարկվելու են ԱԺ՝ քննարկման համար: Սակայն դրանք մեր խորհրդարանը կվավերացնի Թուրքիայի խորհրդարանի վավերացումից հետո, քանի որ Թուրքիան է մշտապես ձգձգել այս գործընթացը: Նա հստակ հայտարարեց, որ եթե երեւա, որ Թուրքիայի նպատակը հարցի ձգձգումն է եւ ոչ թե արձանագրությունների վավերացումը, ապա Հայաստանը կդադարեցնի այս գործընթացը: Սա, կարծում եմ, շատ հստակ պատասխան էր եւ Էրդողանին, եւ Դավութօղլուն: Մենք ունենք նախագահ, որը տարածաշրջանային անվտանգության ու կայունության ապահովման լավագույն օրինակն է ցույց տալիս: Եվ հստակ ասում է, որ մեր երկիրը երբեք չի անի քայլեր, որոնք չեն բխի հայության եւ Հայաստանի շահերից:
– Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ հայ-թուրքական սահմանի բացմանը պատրաստ է հրավիրել նաեւ Ադրբեջանի նախագահին: Դա ռեա՞լ եք համարում:
– Իսկ ինչո՞ւ՝ ոչ, այո, սահմանի բացման դեպքում նախագահը պատրաստ է նրան հրավիրել՝ սեփական օրինակով ցույց տալու համար, որ խնդիրների լուծման լավագույն միջոցը ոչ թե ռազմատենչ հայտարարություններն են ու հոխորտանքը, այլ բանակցությունները եւ երկխոսությունը: Կարծում եմ՝ նախագահի այս ելույթից պիտի գոհ լինի մեր հասարակությունը՝ թե երկրի ներսում եւ թե Սփյուռքում, որովհետեւ Սերժ Սարգսյանը բարձրաձայն՝ ի լուր աշխարհի ասաց այն, ինչը բխում էր հայության սրտից, ինչն իրականություն էր, ինչն անցած մոտ երկու տարվա ընթացքում ասել է մշտապես: