Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՁԵՐԲԱԶԱՏՎԵՔ «ՉԻ ԿԱՐԵԼԻՆԵՐԻՑ»՝ ՊԱՀՊԱՆԵԼՈՎ ՀԻԳԻԵՆԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Փետրվար 11,2010 00:00

Մաշկավեներաբանը համոզված է, որ շատերը նույնիսկ պահպանակ օգտագործել չգիտեն

\"\"

«Վերջին շրջանում Հայաստանում սեռավարակների զգալի աճ է նկատվում»,- ասում է մաշկավեներաբան Արտակ Ղազարյանն ու հավելում, որ շատացել է նաեւ սեռավարակների հայտնաբերման մակարդակը:
«Այսօր հայտնի են սեռավարակներ, որոնք չունեն ախտանիշներ: Անախտանիշ հիվանդությունների շարքին կարելի է դասել քլամիդիոզը, ուրիոպլազման, միկոպլազման: Այս հիվանդությունները, սովորաբար, չունեն ախտանիշներ: Վերոնշյալ սեռավարակներից պրակտիկայում ավելի հաճախ է հանդիպում ուրիոպլազմա հիվանդությունը: Որոշ բժիշկներ, չգիտես ինչու, ընդունում են, որ ուրիոպլազման սապրոֆիտ միկրոբ է եւ կարող է լինել սեռական օրգաններում: Բայց եթե մի ինֆեկցիա, որը բերում է չբերության, շագանակագեղձի բորբոքման, կանանց մոտ փողերի կպումների, արգանդի վզիկի բորբոքման, հետեւաբար, այդ ինֆեկցիան ընդունել որպես սապրոֆիտ, այսինքն՝ նորմա, իմ կարծիքով կասկածելի մոտեցում է, եւ ես այդ մոտեցմանը դեմ եմ»,- ասում է Ա. Ղազարյանը: Մեր հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված, որ ԱՄՆ-ում քլամիդիոզ վեներական հիվանդությամբ ավելի շատ հիվանդանում են տնային տնտեսուհիները, այլ ոչ՝ մարմնավաճառները, բժիշկը պատասխանեց. «Պատճառը, հավանաբար, այն է, որ մարմնավաճառներն ավելի ուշադիր, հետեւողական են իրենց ինտիմ կյանքի նկատմամբ, քան տնային տնտեսուհիները…»:
Մեր դիտարկմանը, թե հայ տղամարդը կողմնակի կապերում իրեն ավելի անկաշկանդ է զգում Հայաստանից դուրս… Կա՞ն, արդյոք, ինֆեկցիաներ, որոնք մուտք են գործում հարեւան երկրներից եւ սպեցիֆիկ բնույթ ունեն, բժիշկը նշեց. «Որպես այդպիսին՝ հարեւան երկրներից ներմուծված սպեցիֆիկ ինֆեկցիաներ չկան: Ինչ վերաբերում է դիտարկմանը հայ տղամարդկանց մասին՝ դա չարժե ընդհանրացնել, ամեն ինչ կապված է մարդու կրթական ու բարոյական զարգացման աստիճանից: Օրինակ, կան մարդիկ, ովքեր օգտագործում են պահպանակներ, կան՝ որ ոչ…»:
Ի դեպ, պահպանակների մասին էլ հարցրինք, որ շատերն այսօր հավատարիմ են մնում այն ընդունված անհեթեթ կարծիքին, որ պահպանակով սեքս անելը նույնն է, թե ինչ-որ մեկին ձեռնոցներով սիրես կամ համբուրվես ապակու ետեւից: «Սովորելու վրա է: Եթե մեկ-երկու անգամ սկսես օգտագործել պահպանակներ, հատկապես կողմնակի հարաբերությունների ժամանակ, մյուս անգամ առանց պահպանակի հաստատ սեքս չես անի»,- ընդգծում է մաշկավեներաբանը ու հավելում, որ, իհարկե, պահպանակը չի տալիս սեռավարակներից խուսափելու 100%-անոց երաշխիք, քանի որ շատերը նույնիսկ չգիտեն, թե ինչպես է պետք օգտագործել այն: «Պահպանակը սխալ օգտագործման դեպքում պատռվում է: Թեեւ վարակը կարող է փոխանցվել մինչեւ բանը պահպանակին հասնելը: Վարակի աղբյուր կարող է դառնալ լորձը, իսկ դա սովորաբար տեղի է ունենում սիրախաղի ժամանակ»,- ասում է Ա. Ղազարյանը եւ չի բացառում, որ «ֆրանսիական համբույրներն» էլ կարող են վարակիչ լինել, թեեւ իր պրակտիկայում այդ համբույրից տուժած հիվանդ չի գրանցվել: Գրանցվել են հիվանդներ՝ տուժած օրալ սեքսից:
Մաշկավեներաբանին հարցրինք, արդյո՞ք ժամանակակից հայ տղամարդը հասցրել է ազատվել մեկ այլ բարդույթից եւս՝ պատրա՞ստ է իր սեռավարակի մասին տեղյակ պահել զուգընկերուհուն. «Պատասխանատու մարդիկ շատ հաճախ են հանդիպում: Նրանք նույնիսկ հոգում են իրենց զուգընկերուհու բուժման ճիշտ կազմակերպումը: Հաճախ զուգահեռ բուժվում են: Այլ պարագայում բուժումը կհավասարվի զրոյի, քանի որ վարակը նորից կկրկնվի»:
Հայկական բարդութավորման թեման շոշափեցինք նաեւ այս հարցում: Վեներոլոգները, սեքսոլոգները ասում են, որ դրսում իրենց հիվանդները, մեղմ ասած, իրենց չեն նկատում: Հավանաբար հայերի շրջանում այս բժիշկների մոտ այցելության մասին ընդունված չէ բարձրաձայն խոսելը:
«Անկեղծ ասած՝ ես նման բան չեմ նկատել: Վերջերս մի հետաքրքիր դեպք կատարվեց ինձ հետ: Դրսում տեսա իմ նախկին հիվանդներից մեկին, քեֆը լավ էր: Տեսնելով ինձ՝ իր մի քանի ընկերների մոտ բարձրաձայն շնորհակալություն հայտնեց, որ բուժվել եւ արու զավակ է ունեցել»,- պատմեց բժիշկը ու կատակով մեջբերեց ֆրանսիական ասացվածքը՝ եթե տղամարդը կյանքում մեկ անգամ չի հիվանդանում հոնորեայով, դեռ տղամարդ չի: Ա. Ղազարյանը կարծում է, որ տղամարդը մինչ ամուսնական կյանքը պետք է սեռական կյանքով ապրի ու փորձ ձեռք բերի, այլապես հետո ի հայտ են գալիս խնդիրներ:
Կրկին դառնալով հիվանդություններին՝ հարցրինք՝ հնարավո՞ր է վարակվել ընդհանուր հիգիենայի պարագաների համատեղ օգտագործման հետեւանքով. «Ինչպես նշեցի, ցանկացած ինֆեկցիա փոխանցվում է լորձի միջոցով, խոնավ պայմաններում: Վարակի աղբյուր կարող է դառնալ խոնավ սրբիչը, սպունգը, օրինակ՝ հերպեսի աղբյուր կարող է հանդիսանալ ուրիշի շրթներկը,   խոնավ պայմաններում հայտնված խոզանակը եւ այլն»:
Հետաքրքրվեցի նաեւ, թե սեքսից հետո հատկապես տղամարդկանց ինչո՞ւ են խորհուրդ տալիս օգտագործել գարեջուր. «Գարեջուրն ակտիվացնում է թաքնված ինֆեկցիան: Գարեջուրն ալկոհոլ է, որը սեռական օրգաններում արյան շրջանառությունն ուժեղացում է: Այն կարող են օգտագործել նաեւ կանայք: Կարելի է նաեւ օգտագործել կծու, թթու սննդամթերք»,- պարզաբանում է Ա. Ղազարյանը եւ պատասխանում մեր վերջին հարցին, թե արդյո՞ք վեներական հիվանդություններից խուսափելու միակ ճանապարհը ինքնազսպումն է: «Ինքնազսպումն էլ կարող է առաջ քաշել մի շարք հոգեբանական խնդիրներ: Ինքնազսպման ժամանակ տղամարդիկ սկսում են զբաղվել ձեռնաշարժությամբ: Հասուն տղամարդկանց մոտ այս երեւույթը դիտարկվում է որպես հիվանդություն: Ունեցել եմ այս խնդրով հիվանդ, որը, լինելով ամուսնացած, հաճույք ստանում էր միմիայն ինքնաբավարարման տարբերակով: Ինչ վերաբերում է կանանց, ապա գրեթե նույն պատկերն է: Կինը ինքնազսպման հետեւանքով դառնում է լարված, ագրեսիվ ու դյուրագրգիռ: Ինքնազսպումը կանանց մոտ կարող է առաջացնել վագինիզմ հիվանդություն»,- եզրափակում է Ա. Ղազարյանը ու խորհուրդ տալիս չզսպել ցանկությունները եւ հնարավորինս ձերբազատվել «չիկարելիներից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել