Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պայմաններ կան, սեր չկա

Փետրվար 11,2010 00:00

«Սպորտի նկատմամբ սեր չկա: Վերջին 20 տարիներին սպորտը մեր հասարակության առօրյա կյանքից կտրվել է, երեխաներն ավելի շատ սկսել են կոմպյուտերային խաղերով հետաքրքրվել, խնդրում ենք, որ հաճախեն մարզադպրոց»,- «Առավոտի» հետ զրույցում այսպիսի մտահոգություն հայտնեց Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Արտուր Ասլանյանը: 2006 թվականից գործող մարզադպրոցում այսօր անվճար հիմունքներով հաճախում է 296 երեխա՝ ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ըմբշամարտ մարզաձեւերից: Մարզադպրոցը խմբակներ ունի նաեւ Գորիսի շրջանի մի քանի գյուղերում: Խնածախում երեխաները հնարավորություն ունեն զբաղվել վոլեյբոլով, Շինուհայրում՝ ըմբշամարտով: Գորիսի այս մարզադպրոցը, ի տարբերություն հանրապետության շատ այլ մարզական օջախների, չունի ջեռուցման խնդիր, իսկ մարզադահլիճը, տնօրենի խոսքով, համապատասխանում է միջազգային բոլոր ստանդարտներին: Սակայն կա գույքի ու մարզահագուստի խնդիր. «Մարզահագուստ, մարզագույք չենք ստանում, 3 տարի այստեղ աշխատում եմ, ստացել ենք մեկ վարժասարք»: Ա. Ասլանյանի խոսքով,  սպորտի նկատմամբ ուշադրությունը նվազել է նախեւառաջ դպրոցներում, որտեղ առաջին հերթին  ֆիզկուլտուրան պետք է դարձնել մասսայական: «Պետք է սպորտային օբյեկտներն ավելի շատ լինեն, ծնողները՝ մանկապարտեզից սկսած, զբաղվեն իրենց երեխաներով: Չնայած պայմաններ կան, բայց չեմ տեսնում մի երեխա, որ նվիրված լինի որեւէ մարզաձեւի»,- նշում է վոլեյբոլի մարզիչ Ա. Ասլանյանը: Եթե մայրաքաղաքում կամ այլ շրջաններում ձգտում են հանրապետությունից դուրս մրցումների մասնակցել ու տեղեր գրավել, ապա Գորիսի տարածքային մարզադպրոցի տնօրենի համար ձեռքբերում է 2009 թվականին վոլեյբոլ եւ բասկետբոլ մարզաձեւերից Հայաստանի առաջնությանը մասնակցելը: Սյունիքի մարզում տղաների թիմն առաջինն է, իսկ հանրապետությունում՝ 3-րդը:
Գորիսում հաճախ են լինում համաքաղաքային հուշամրցաշարեր, ֆուտբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի առաջնություններ, իսկ հանրապետությունից դուրս՝ մարզադպրոցի սաները երբեւէ հանդես չեն եկել: Տնօրենը նշում է. «Մենք մեր ուժերի չափով միայն փորձում ենք առողջ, ֆիզիկական դաստիարակություն տալ»: Իսկ մարզից դուրս մրցումների չմասնակցելու պատճառը, ըստ տնօրենի, ֆինանսական միջոցների բացակայությունն է. «Մեր բյուջեն տարեկան 11 մլն է, որից պետք է աշխատավարձ վճարենք, գույք գնենք ու մնացած ծախսերը: Կան միջոցառումներ, որոնց լավ կլիներ մասնակցեինք, բայց չենք կարողանում, որովհետեւ գումարը չի բավականացնում»:
Մեր զրուցակիցը գտնում է, որ սպորտը մարզերում անտեսված է. «Ամեն ինչ, այդ թվում սպորտի նկատմամբ ուշադրությունը՝ կենտրոնացած է Երեւանում: Կուզեի, որ մարզերին ավելի շատ ուշադրություն դարձնեին: Վիճակն է՛լ ավելի տխուր է գյուղերում: Քաղաքի մարզադպրոց շատ քչերը հնարավորություն ունեն հաճախելու, որովհետեւ ծախսերը շատ են, իսկ տրանսպորտ չկա: Շատ լավ մարզիկներ ծնվում են գյուղերում: Եթե մարզերի նկատմամբ ուշադրություն լինի՝ արդյունք անպայման կլինի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել