Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՖՈՒՏԲՈ՞Լ, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փետրվար 11,2010 00:00

Վարշավայում կայացած վիճակահանության արդյունքում Հայաստանի հավաքականը հայտնվեց «B» խմբում, թեեւ իրականում, ըստ բուն վիճակահանության, մեր ընտրանին տեղ պիտի զբաղեցներ «A» խմբում, որտեղ արդեն տեղավորվել էր Ադրբեջանը:

\"\"

Հենց այդտեղ էլ գործեց ՈՒԵՖԱ-ի կազմկոմիտեի որոշումը, ըստ որի՝ Հայաստանի ու Ադրբեջանի, Վրաստանի ու Ռուսաստանի հավաքականները միեւնույն խմբում հայտնվել չեն կարող: Վիճակահանության նախօրեին հրավիրված մամուլի ասուլիսում ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հայտարարեց, որ հարցը քննարկվել է ազգային ֆեդերացիաների հետ. «ՈՒԵՖԱ-ի կազմկոմիտեի որոշումը թելադրված է հենց սպորտն ու քաղաքականությունը չխառնելու ձգտմամբ։ Մենք այս հարցը քննարկելիս խորհրդակցել ենք ազգային ֆեդերացիաների հետ»: Պլատինին նաեւ հիշեցրել էր Եվրո-2008-ի ընտրական փուլի չկայացած հանդիպումները Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ՝ ասելով, իբր այն ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը չցանկացան խաղալ միմյանց դեմ։ Թեեւ իրականում Հայաստանը պատրաստ էր հանդիպմանը եւ տվել էր անվտանգության բոլոր անհրաժեշտ երաշխիքները, իսկ չխաղալու որոշումը ընդունել էր ՈՒԵՖԱ-ն: Պլատինին էլ Հայաստան կատարած այցի ժամանակ ընդունել էր, որ սխալ որոշում է կայացվել, սպորտն էլ քաղաքականացվել է:
Այս անգամ որքանո՞վ է արդարացի ՈՒԵՖԱ-ի ընդունած որոշումն ու արդյո՞ք հակառակ արդյունք չի ունենա: Ասել է թե՝ ֆուտբոլն ավելի չի՞ քաղաքականացվի: «Առավոտի» այս հարցերին պատասխանում են «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցն ու «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը:
Ըստ Սուրենյանցի, ՈՒԵՖԱ-ի այս որոշումը կարող է արդարացված լինել, եթե իրենք կարծում են, որ քաղաքականությանը կամ երկու ժողովուրդների մերձեցմանն օգնել չեն կարող: Միեւնույն ժամանակ, Հայաստանի ու Ադրբեջանի՝ նույն խմբում ընդգրկված լինելը կարող է զուտ մարզական առումով վնաս հասցնել մրցաշարին: Սուրենյանցը փաստում է, որ համաշխարհային պատմության մեջ բազմաթիվ են դեպքերը, երբ սպորտը, մասնավորապես ամենատարածված մարզաձեւը՝ ֆուտբոլը, օգնել է տարբեր հակամարտությունների կարգավորմանը ու բարեկամացրել է ժողովուրդներին. «Հիշենք ամենաթարմ օրինակը, երբ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկը տրվեց ֆուտբոլային հանդիպումով, ինչն էլ թույլ տվեց նախագահների փոխադարձ այցերի կատարումը: Ու անկախ այդ գործընթացի այսօրվա պրոբլեմներից, պետք չէ մոռանալ, որ հենց ֆուտբոլային հանդիպումը մեկնարկ տվեց վերջինին»: Իհարկե, նման դեպքերում, ինչպես նշում է Սուրենյանցը, քաղաքական չկարգավորված խնդիրները հաճախ ստվերում են մարզական կողմը, խաղի մարզական նշանակությունը:
Եթե Սուրենյանցը ՈՒԵՖԱ-ի որոշումը դիտարկում է թե արդարացված լինելու եւ թե արդարացված չլինելու տեսանկյունից, Արմեն Մարտիրոսյանը միանշանակ կարծում է, որ ՈՒԵՖԱ-ի կայացրած որոշումը ավելի խորացրեց սպորտի ու քաղաքականության միաձուլումը: «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը նշում է, որ որեւէ խնդիր չի տեսնում, եւ խաղերը պիտի տեղի ունենային: «Դրա լավագույն ապացույցն այն է, որ Ադրբեջանի մարզիկները միշտ երաշխիքներ ստացել են Հայաստան գալու համար: Անցած տարի ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը թիմ եկավ Հայաստան, մրցանակներ շահեց ու որեւէ խնդիր չառաջացավ, մեր հունահռոմեական ոճի ըմբիշներն էին գնացել Բաքու, ու էլի ոչ մի խնդիր չէր եղել: Ես կարծում եմ, որ խաղերը պարտադիր պիտի նշանակվեին եւ կայանային»: Ծայրահեղ դեպքում, ըստ Մարտիրոսյանի, խաղերը կարելի էր անցկացնել դատարկ տրիբունաներով: Սակայն պատգամավորը համոզված է, որ նույն այս տրամաբանությամբ շարժվելու դեպքում բոլոր տեսակի մարզաձեւերից Հայաստանում կամ Ադրբեջանում մրցումներ չպետք է անցկացվեն: Ավելին՝ ըստ Մարտիրոսյանի, եթե երկրները անվտանգության երաշխիքներ չեն կարողանում ապահովել որեւէ թիմի համար, ապա ոչ մի մրցաշար չպիտի անցկացնեն:
Քաղաքական գործիչներն անդրադարձան նաեւ «B» խմբում մեր հավաքականի հնարավորություններին: Սուրենյանցի համոզմամբ, այս վիճակահանության արդյունքում խմբերը բավականին թույլ են ստացվել եւ ֆուտբոլային առումով՝ ոչ ներկայացուցչական: Սակայն դա չպիտի մխիթարի հայ ֆուտբոլասերներին: «Հավաքականի այսօրվա վիճակով, առաջատար ֆուտբոլիստների ակնհայտ ու մարզչական նորմալ շտաբի բացակայության պայմաններում չեմ կարծում, որ մեզ առավելապես պետք է հուզի այն հարցը, թե ովքեր են մեր մրցակիցները: Մինչ մեր հավաքականը չունենա ուրույն ձեռագիր, մեծ ակնկալիքներ չենք կարող ունենալ՝ անկախ մրցակիցներից: Բայց՝ դատելով խմբում ընդգրկված թիմերի կազմից, կարծում եմ, որ ֆուտբոլային պատասխանատուները որոշակի հավակնոտ խնդիրներ պետք է ձեւակերպեն ու, ըստ այդմ, փորձեն հավաքականին տրամադրել՝ այդ հավակնությունները բավարարելու»,- կարծում է Սուրենյանցը: Իսկ Արմեն Մարտիրոսյանի համոզմամբ, դեռ վաղ է կանխատեսումներ անել. «Արդյունքների, կանխատեսումների մասին դեռ վաղ է խոսելը, քանի որ դեռ բավական ժամանակ կա մինչ մրցաշարի սկիզբը: Համենայնդեպս, կարծում եմ, որ հնարավորություն կա այս դասավորվածությամբ նորմալ խաղ ցուցադրելու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել