Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՁԵՌՆԱՄԱՐՏ Ի ՍԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ»

Փետրվար 11,2010 00:00

Անցյալ տարի «Առավոտի» հունիսի 12-ի համարում տեղեկացրել էինք, որ Վիլյամ Սարոյանի ծննդյան 100-ամյակի շրջանակներում Ն. Գոգոլի անվան թիվ 35 դպրոցը հանդես էր եկել ինքնատիպ նախաձեռնությամբ՝ հրատարակելով գրողի պատմվածքների՝ «Մարդկության տունը» խորագրով  ժողովածուն: Այն կազմել եւ ծանոթագրել էր դպրոցի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու Ասատուր Սարյանը: Գրքի խմբագիրներն են Արմեն Հովակիմյանն ու Գեւորգ Մադոյանը, նկարիչը՝ Մայիս Մարգարյանը: Գրքում զետեղված էին Սարոյանի 1930-50-ականներին գրած այն պատմվածքները, որոնք նվիրված են դպրոցական կյանքին կամ որեւէ կերպ առնչվում են այդ թեմային: Ընթերցողի դատին հանձնվող նոր՝ «Ձեռնամարտ ի սեր Հայաստանի» գիրքն ամփոփում է Սարոյանի այն գրվածքները, որոնց մեծ մասը, ըստ Ա. Սարյանի, նախորդ ժողովածուի նյութերի հետ ունենալով բովանդակային ընդհանրություն, դուրս էր մնացել այդ ժողովածուից: Այնպես որ, «Ձեռնամարտ ի սեր Հայաստանի» ժողովածուն մասամբ կարելի է համարել «Մարդկության տունը» գրքի թեմատիկ եւ գաղափարական շարունակությունը:
«Ձեռնամարտ ի սեր Հայաստանի» ժողովածուի բոլոր գործերը, բացառությամբ «Լորի» եւ «Պարոն Ֆլեմինգը եւ աշխարհի 7 հրաշալիքները» պատմվածքների, հայերեն լույս են տեսնում առաջին անգամ:
«Ամենեւին զերծ լինելով «լավ թարգմանիչ» լինելու հավակնությունից՝ ասենք միայն, որ աշխատել ենք անել հնարավորը՝ մեր ուժերի ներածին չափով: Հայաստանում կան լավ թարգմանիչներ, որոնք, տիրապետելով լեզուների իմացության ավելի բարձր մակարդակի, ունենալով առավել մեծ փորձ ու տաղանդ, ցանկության դեպքում կարող են ընթերցողի սեղանին դնել նոր եւ որակյալ թարգմանություններ: Տողերիս հեղինակն իրեն համարում է ընդամենը մեկը, ով բարձր է գնահատում Սարոյանի ստեղծագործությունները…»,- գրում է Ա. Սարյանը:
Գիրքը հրաշալի հնարավորություն է սարոյանական արվեստին վերստին հաղորդակից լինելու եւ կյանքի մասին խորհելու, մանավանդ, ինչպես Սարոյանի հերոսն է ասում. «Կյանքը կախված է յուրաքանչյուր մարդու տեսանկյունից»: Ու տա Աստված, յուրաքանչյուրի մոտ կյանքն այնպես դասավորվի, որ հակված չլինի մտածել «մարդու հավերժական չնչինության» ու «հզորության բացակայության» մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել