Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍՈՎԵՏԱԿԱՆ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊՈՎ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ»

Փետրվար 11,2010 00:00

Նման կարծիք հայտնեցին ռեժիսոր Ռուբեն Բաբայանը եւ կինոգետ Զավեն Բոյաջյանը «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքով նախատեսված աղմկահարույց չափորոշիչների մասին:

Երեկ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքով նախատեսված չափորոշիչների թեմայի շուրջ «Հայելի» ակումբում իրենց տեսակետներն արտահայտեցին Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը եւ կինոգետ, Հանրային հեռուստաընկերության կինոյի եւ կրկնօրինակման բաժնի գլխավոր խմբագիր Զավեն Բոյաջյանը: Վերջինս կարծում է, որ նոր չափորոշիչներ հորինելու կարիք ամենեւին չկար, իսկ խնդիրները կարգավորելիս կարելի էր վերցնել վաղուց գոյություն ունեցող համաշխարհային փորձը. «Աշխարհի գրեթե բոլոր երկրներում գոյություն ունի կինոնկարների դասակարգման համակարգ, դա սանդղակ է, որտեղ ֆիլմերն ըստ բովանդակության բաժանվում են տարբեր կատեգորիաների եւ որոշում, թե որ ֆիլմը ինչ հանդիսատես պետք է դիտի»: Ըստ Բոյաջյանի՝ հայաստանյան չափորոշիչներում կան բազմաթիվ խոցելի բնորոշումներ, որովհետեւ գրված են ոչ մասնագետների կողմից: «Ի՞նչ է նշանակում՝ տղամարդու կամ կնոջ պատկերում հեռավոր պլանով սեռական օրգանների պատկերում: Ոչ մի հիշատակում չկա, թե դա որ ժամին է լինելու… Կամ սեռական գործողության եւ դրա իմիտացիայի ներկայացում: Կինոյում սեռական գործողություն չի կատարվում, եթե խոսքը պոռնոգրաֆիայի մասին չէ: Ի՞նչ է նշանակում ձայնային եղանակով սեռական գործողության ոչ մանրամասնեցված նկարագրություն… դուրս է գալիս, որ մանրամասնեցված նկարագրություն կարելի է, ոչ մանրամասնեցված՝ չէ՞: Այսօրվա կինոն արտացոլում է ժամանակակից 21-րդ դարի մարդու կյանքը, որտեղ էրոտիկան, սեքսը մեծ նշանակություն ունեն, իսկ էկրանը հայելի է, որն արտացոլում է իրականությունը: Նույնիսկ ամենաանմեղ ֆիլմերում «բաց» դրվագներ կան»,- զարմանում է Զ. Բոյաջյանը, հավելելով, որ չափորոշիչների կիրառումը հեռուստաընկերություններին կդրդի, որ մկրատը վերցնեն ու ֆիլմերը կրճատեն: Կինոն, ըստ Բոյաջյանի՝ արվեստի ստեղծագործություն է, եւ այդպես չի կարելի նրա հետ վարվել: Կինոգետը կարծում է, որ չափորոշիչները գրված են սովետական մտածելակերպով, քանի որ դրանցում դրված է արգելքների քաղաքականություն. «Չեմ կարծում, որ արգելելով ինչ-ինչ բաներ, երեւույթները դուրս կգան գործածությունից, դրանք ընդհատակում կխորանան: Սա, ի վերջո, վերածվում է ջայլամի պահվածքի…»: Նախագիծը, կինոգետի ձեւակերպմամբ, ոչ պրոֆեսիոնալ մարդկանց մասնակցությամբ արված որոշում է՝ խոցելի, հակասական ու անհասկանալի բնորոշումներով:
Տիկնիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանն էլ գտնում է, որ այսօր հասարակությունը բազմաթիվ խնդիրներ ունի եւ միայն հեռուստատեսության վրա բարձրացված մահակով հարց չի լուծվի. «Իմաստ չունի հնարել հեծանիվ, քանի որ այդ դեպքում այն դուրս է գալիս քառակուսի ակերով եւ դժվար է լինում քշել: Եթե սա իրավական փաստաթուղթ է, ապա պահանջում է կոնկրետ բնորոշումներ, որպեսզի հետո չդառնա վիճարկելի»: Պատմության եւ ներկա իրականության խեղաթյուրման մասին կետը, պարոն Բաբայանի կարծիքով, «սովետական» է. «Ո՞րն է խեղաթյուրվածը, այն, ինչ նախկինում ցուցադրվում էր ամեն օ՞ր, թե՞ այն, ինչ հետո պատմությունը պարզեց»: Հոգեւոր, մշակութային արժեքների, ազգի երախտավորների նսեմացման եւ վարկաբեկման կետն էլ, Բաբայանի կարծիքով, գրված է գիտության հետ երբեւէ չառնչվող անձանց կողմից՝ հակագիտական, հակապատմական մոտեցումներով. «Դրանով մենք փակում ենք մի ամբողջ դաշտ… Ո՞վ է որոշել, որ Վարդան Մամիկոնյանի, Անդրանիկի կամ Վազգեն Սարգսյանի մասին խոսակցությունը փակված է: Առանց կասկածի՝ էլ ի՞նչ գիտություն»:

Հ. Գ. Արդեն թարմացված գործում է  «Հայելի»  բանավեճի ակումբի hayeli.am կայքը: Քանի որ սովորաբար վիճահարույց թեմաներով ասուլիսներից հետո բանախոսները դժգոհ են մնում՝ համարելով, որ իրենց խոսքը աղավաղվել է, hayeli.am կայքը հնարավորություն է ընձեռում նրանց կարդալ ասուլիսի ընթացքում հնչած տեսակետների սղագրությունը՝ առանց խմբագրման:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել