Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բունդեստագը քննարկում է «սեպտեմբերի 4»-ի հանգամանքները

Փետրվար 11,2010 00:00

Գերմանիայի Բունդեստագում ձեւավորված հատուկ հանձնաժողովը, որը ստեղծվել էր ՆԱՏՕ-ի ուժերի կողմից 2009թ. սեպտեմբերի 4-ի գիշերը աֆղանական երկու բենզակիրները պայթեցնելու հանգամանքներն ուսումնասիրելու համար, երեկ սկսել է այդ գործի գլխավոր «հերոսի» հարցաքննությունը: Հիշեցնենք, որ այդ օրը կոալիցիոն ուժերը, ավիացիոն հարվածներ հասցնելով, պայթեցրել էին երկու բենզակիրներ՝ պատճառաբանելով, թե թալիբները փորձել էին դրանք առեւանգել: Արդյունքում՝ խաղաղ բնակչության շրջանում ավելի քան 140 մարդ էր զոհվել: «Spiegel»-ի փոխանցմամբ՝ հիշյալ հանձնաժողովը լսելու է գնդապետ Գեորգ Կլյայնին, որը աֆղանական Կունդուզ գավառում տեղակայված հրամանատարական կենտրոնից ուղղակիորեն ղեկավարել էր հիշյալ գործողությունը: Ըստ աղբյուրի՝ նրա հայտարարությունները նոր ոչինչ չեն կարող ավելացնել այդ գործի քննությանը, որովհետեւ զինվորականը նախկինի նման կփորձի արդարացնել իր գործողությունները:
Հանձնաժողովում ավելի մեծ նշանակություն է տրվում գործով անցնող մեկ այլ՝ գերմանական բանակի հատուկ ջոկատի (KSK) զինծառայողներից մեկի ցուցմունքներին: Հիշյալ գործում նշված է միայն նրա անվան սկզբնատառը՝ «Ֆ», թեեւ սա էլ հորինովի է, քանի որ Աֆղանստանում բոլոր հատուկ ջոկատայինները գործում են մտացածին անվան տակ: Այս զինվորականի ցուցմունքները չափազանց կարեւոր են, քանի որ նա գործողության պահին անմիջականորեն գտնվել է հրամանատար Կլյայնի կողքին եւ արձանագրել է նրա կողմից արձակված բոլոր հրամանները:
«Spiegel»-ի տրամադրության տակ հայտնվել են կարեւորագույն եւ գաղտնի փաստաթղթեր, որոնք կասկածի տակ են առնում ՆԱՏՕ-ի զինվորականների արդարացումները: Ըստ այդ փաստաթղթերի՝ կոալիցիոն ուժերն այդ պահին անկազմակերպ եւ չհամագործակցված են գործել: Նրանք ի սկզբանե նպատակ են ունեցել բռնել թալիբների դաշտային հրամանատարներից մեկին՝ Մուլլա Շամսուդին, հետո գործողությունը, որը կրում էր «Ջոկեր» անվանումը, հետաձգվել է բրիտանացի հատուկջոկատայինների խնդրանքով՝ նախ, թալիբների կողմից պատանդ վերցված «The New York Times»-ի  թղթակից Սթիվեն Ֆարրելլին ազատելու նպատակով: Այդ օպերացիան նշանակված է եղել սեպտեմբերի 9-ին: Բայց KSK-ն, սեպտեմբերի 4-ին թալիբների կողմից բենզակիրների առեւանգմանն ականատես լինելով, թերեւս որոշել էր, որ դա լավագույն առիթն է «Ջոկեր» օպերացիան իրականացնելու եւ Շամսուդին ոչնչացնելու համար, իսկ գործողությունը ղեկավարել է հենց Կլյայնը: Հիմա Բունդեստագի հանձնաժողովը փորձում է պարզել, թե վարկածներից ո՞րն է իրականում տեղի ունեցել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել