Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՒՍԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ԴԵՌ ՉԵՆ ԸՆՏՐԵԼ

Փետրվար 11,2010 00:00

«Առավոտի» դեկտեմբերի 1-ի «Աթոռակռի՞վ, թե՞ արդարության պահանջ» հոդվածում անդրադարձել էինք Երեւանի պետական կոնսերվատորիայի ուսխորհրդի նախագահի ձգձգվող ընտրություններին: Մի խումբ ուսանողներ բողոքում էին, որ թեեւ 2009թ. ապրիլին լրացել էր Կոնսերվատորիայի ուսխորհրդի նախագահ Գուրգեն Բավեյանի նախագահության 2 տարին, եւ պիտի կայանային նոր ընտրություններ, սակայն այդ ընտրությունները ամիսներ շարունակ չէին կայանում: Գ. Բավեյանը դեկտեմբերին արդեն 7 ամիս ուսխորհրդի նախագահի պաշտոնակատար էր, եւ, ըստ բողոքող ուսանողների, ամեն ինչ անում էր՝ ընտրությունները հետաձգելու եւ որպես պաշտոնակատար ավելի երկար մնալու համար: Ինքը՝ Գ. Բավեյանը, մեզ հետ զրույցում հավաստիացրել էր, որ ուսխորհրդի նախագահի ընտրությունները չեն կայանում մի պատճառով՝ թարմացվում է ուսխորհրդի կանոնադրությունը, որը պետք է հաստատվի նաեւ բուհի գիտխորհրդի կողմից, որից հետո կանցկացվեն ընտրություններ: Մեր զրույցը տեղի էր ունեցել նոյեմբերի վերջին, եւ, ըստ Գ. Բավեյանի, դեկտեմբերի կեսերին պետք է կայանար գիտխորհրդի նիստ, որում կհաստատվեր ուսխորհրդի կանոնակարգը, եւ դրանից հետո կկայանային ուսխորհրդի նախագահի ընտրություններ:
Երեկ Գուրգեն Բավեյանից հետաքրքրվեցինք՝ ընդունվե՞ց վերջապես ուսխորհրդի կանոնադրությունը, եւ կայացա՞ն ընտրություններ: Պարզվեց, որ՝ ոչ: Փաստորեն, Կոնսերվատորիայում գիտխորհրդի նիստ գումարելը եւ ուսխորհրդի կանոնադրությունը հաստատելը այնքան ծանր գործ է, որ արդեն մի քանի ամիս ձգձգվում է, իսկ Գուրգեն Բավեյանն արդեն 10 ամիս է՝ պաշտոնավարում է որպես պաշտոնակատար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել