Այսօր լրանում է մեր առաջին ուսուցչուհի Լերա Գումեդինայի 85-ամյակը: 1967 թվականին, երբ մենք եկանք 122 դպրոցի 1-ին դասարան, մենք չգիտեինք, թե ինչու է մեր սիրելի ուսուցչուհու ազգանունն այդքան անսովոր հնչում: Հետո իմացանք, որ նա հայտնի պետական գործիչ եւ ստալինյան բռնաճնշումների զոհ Գուրգեն Մելիք-Դադայանի դուստրն է: Իր տոհմական արիստոկրատիզմով Լերա Գուրգենովնան մեզ ոչ միայն տառեր եւ թվեր էր սովորեցնում, այլեւ, գուցե՝ նախեւառաջ, հոգեւոր արժեքներ՝ զգացմունքների եւ հարաբերությունների մշակույթ: Այդ մշակույթի մասին որեւէ բառ չկա ոչ մի դասագրքում կամ ուսումնական ձեռնարկում, դա կարող է եւ պետք է փոխանցվի միայն Ուսուցչի հոգուց ու հարստացնի աշակերտների հոգիները:
Մենք երջանիկ մարդիկ ենք: Մեզ 1-6-րդ դասարաններում դասավանդել է Լերա Գուրգենովնան, իսկ հետո լուսահոգի Նինա Սեմյոնովնան, որոնց շնորհիվ մենք ձեռք բերեցինք ամենակարեւոր հարստությունն աշխարհում՝ մեր՝ դասարանցիներիս, ընկերությունը, որը շարունակվում է ավելի քան 40 տարի: Մարդ լինելու այդ դասերը մենք չենք մոռանա ոչ 50, ոչ էլ 100 տարեկանում:
Երջանկություն Ձեզ եւ առողջություն, սիրելի Լերա Գուրգենովնա, մենք միշտ հիշում ենք Ձեր մասին:
Ըստ դասամատյանի՝
ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԱՐԱՄ, ԱՌԱՔԵԼՅԱՆ ՌՈԲԵՐՏ, ԱՌԱԿԵԼՈՎ ՍԵՐԳԵՅ, ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՐԻՆԱ, ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆ ԳՈՀԱՐ, ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԱՅԱՆԵ, ՓԱՆՅԱՆ ՀԱՅԿ, ՊՈՂՈՍՈՎԱ ԹԱՄԱՐԱ, ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՄԵՆ, ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՆԱՀԻՏ
եւ Ձեր հարյուրավոր աշակերտներ: