Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դաբրո» եւ գրաքննություն չկա

Փետրվար 11,2010 00:00

Երեկ ԵՊՀ մեծ դահլիճում ուսանողների ու դասախոսների հետ հանդիպեցին Հանրային խորհրդի անդամները՝ քննարկելու հայկական հեռուստաեթերի խնդիրները: ՀՌԱՀ-ի ներկայացրած «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքով նախատեսված վերջին չափորոշիչները խորհրդի անդամները ողջունեցին, սակայն անդրադարձ չեղավ վիճահարույց այն կետերին, որոնք հանրության շրջանում դժգոհությունների առիթ էին հանդիսացել: Խորհրդի անդամ Հովիկ Մուսայելյանը նախընտրեց չխոսել չափորոշիչներից, փոխարենն իր մտահոգությունը հայտնեց եթերի բացասական հետեւանքների մասին: «Ես մասնագետ չեմ եւ չգիտեմ՝ որտեղ է վերջանում էրոտիկան եւ սկսվում պոռնոգրաֆիան,- նշեց նա:- Բանակում զինվորները հիմնականում հայկական հեռուստաընկերությունների հաղորդումներն են դիտում, առավոտից իրիկուն նրանց պարտադրում են կանոնակարգային վիճակներ, իսկ երեկոյան հեռուստատեսությունով տեսնում են, թե ոնց են իրենց ծաղրում, քամահրում տարբեր մանրապատումներում: Սփյուռքահայ հայրենակիցներն անընդհատ զանգերով եւ էլեկտրոնային փոստով մտահոգություն են հայտնում՝ մի՞թե Հայաստանն այնքան ընկճված եւ կրիմինալ է, ինչպես հեռուստասերիալներում»: Հանրային խորհրդի անդամ Հայկ Դեմոյանի կարծիքը հեռուստաեթերի ազդեցության մասին ավելի վատատեսական էր. «3 տարեկան երեխան ուզում է ինչ-որ մեկի «ախրաննիկ» լինել, նա իր մուլտը չի գտել: Ֆիլմերում հերոսը դրական է համարվում միայն նրա համար, որ հնարավորինս քիչ մարդ է սպանում, հեռուստասերիալներում բարության գաղափարը չկա: Զգում ենք, թե հասարակության շրջանում ինչպիսի ագրեսիա, անհանդուրժողականություն կա, ջրով լի պնակը հագեցել է: Հայկական հեռուստաեթերում բնական երեւույթ է դարձել Սուրբ Ծննդի օրը բռնաբարություն ցուցադրելը»: Հ. Դեմոյանը փորձում էր ամեն կերպ վստահեցնել, որ չափորոշիչների սահմանման նախաձեռնությունը ուղղված չէ որեւէ կոնկրետ հեռուստաընկերության կամ դերասանի դեմ, այլ պետական անվտանգության խնդիր են լուծում: Իսկ հաճախակի հնչող շահարկումներին, թե՝ չափորոշիչները գրաքննություն են ներմուծում եւ մարդու իրավունքներն են ոտնահարում, Հ. Մուսայելյանը ի պատասխան՝ հայտարարեց, որ ինչ-որ մեկի «դաբրոն» չեն ստացել եւ գրաքննություն չկա. «Թող սա չշահարկվի: Թերթերով էլ, հեռուստաեթերով էլ ով ինչ ուզում՝ ասում է»: ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը հարցրեց. «Հարգելի Հանրային խորհուրդ, արդյոք գործունեության օրակարգում չունե՞ք շատ ավելի կարեւոր հարցեր, որովհետեւ սերիա՛լը չէ, որ բռնություն է տարածում: Մի քանի հեռուստաընկերությունների հարցը բարձրացնելով՝ մարդկանց ուշադրությունը շեղում եք բուն խնդիրներից»: Խոսրով Հարությունյանը այսպես պատասխանեց. «Դուք հիմա առաջարկում եք գրաքննություն(՞՞՞-խմբ.): Կներեք, մենք դրան դեմ ենք: Ինձ թվաց, թե դուք այս ամենից եզրակացրել եք, որ ուզում ենք 1-2 հեռուստաընկերություն փակել, ձեզ պետք է հիասթափեցնեմ՝ մենք նման խնդիր չունենք»:
Տնտեսագիտական ֆակուլտետի ուսանող Հարություն Ազգանդյանը էրոտիկ հաղորդումների հետ կապված մտահոգությանը ի պատասխան՝ ասաց. «Այսօրվա երիտասարդությունը, ապրելով 21-րդ դարում, կարիք չունի ինտերնետի այս դարաշրջանում ինչ-որ հեռուստաընկերություններով ինչ-որ բաներ տեսնելու: Կարող է մի քանի տառ հավաքելով ոչ միայն էրոտիկա տեսնել»: Ուսանող Նարեկ Մելքոնյանի հարցին՝ չե՞ք կարծում, որ այլընտրանք չունենալու դեպքում, վատը արգելելով, ոչնչի չեք հասնի: Հանրային խորհրդի անդամ Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Մեր նպատակը արգելելը չէ: Ցավոք, ե՛ւ բռնությունը, ե՛ւ սեքսը, ե՛ւ այլ այլանդակություններ մեր իրականության անբաժանելի մասն են, մեր խնդիրը դրանք չպրոպագանդելն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել