Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայոց ժառանգած գրաբանական համակարգի պահպանման կարեւորութիւնը

Փետրվար 11,2010 00:00

Սկիզբը՝ «Առավոտ», 09.02.10թ.
Աբեղեանական «բարեփոխումները», այն է՝ այբուբենից օ, է ւ գրերը դուրս նետելը, միաժամանակ ու—եւ շաղկապները նոր տառեր համարելը եւ համազգային համակարգուած աւանդական դասական միասնական ու միակերպ ուղղագրութիւնը փոխելը ոչ մի հարց չլուծեց, բայց առաջ բերեց բացասական հետեւանքների մի ամբողջ շարք: Այդ խեղագրութիւնը չէր կարող այլեւս պահպանել հայերէնի կարեւորութիւնը միջազգային լեզուագիտական աշխարհի համեմատական լեզուաբանութեան բնագաւառում՝ հնդեւրոպական ճիւղի համար: Համաշխարհային երեք կարեւոր լեզուաընտանիքներից ամենախոշորը համարուող եւ Հայկական Լեռնաշխարհում սկիզբ առած հնդեւրոպական լեզուաճիւղը աշխարհի 81 երկրների լեզուական հիմքն է. այդ թւում՝ լատինական կամ ռոմանական խումբից՝ ֆրանսերէնը, իսպաներէնը, իտալերէնը, անգլո-սաքսոն խմբից՝ գերմաներէնը եւ անգլերէնը, սլաւոնական խումբը, յունարէնը, պարսկերէնը, հնդկերէնը, աֆղանական ու քրդական լեզուները եւ այլն: Այդ լեզուներից միայն հայերէնն ու յունարէնն են, որ առանց խաչաձեւուելու այլ խմբերի հետ, ուղղաձիգ կերպով են հասել մինչեւ մեր օրերը: Եւ քանի որ հայերէնը համարւում է հնդեւրոպական նախնական արմատների ու քերականական կառուցուածքի ամենահարազատ ձեւով պահպանուածը, հետեւաբար հայերէնը կարեւորւում է որպէս վերը թուարկուած լեզուախմբերի համեմատական լեզուաբանութեան ուսումնասիրութեան հիմքի, ինչպէս նաեւ որպէս կարեւոր աղբիւրի՝ իրանագիտութեան, յունագիտութեան, ասորագիտութեան, արաբագիտութեան եւ կովկասագիտութեան համար: Էական նշանակութիւն ունի նաեւ լեզուի մի այլ հատկանիշը՝ այն, որ «պատմագիտութեան առաջին աղբիւրը լեզուն է» (ակադ. Գր. Ղափանցեան), եւ դա վերաբերում է նաեւ հայերէնին:
Մեր պատմութեան օրհասական պահին, երբ երկիրը բաժանուած էր Պարսկաստանի ու Բիւզանդիայի միջեւ, երբ եկեղեցիներում պատարագը ասորերէն կամ յունարէն էր, Մաշտոցի ստեղծած գրահամակարգի շնորհիւ մեր ազգը փրկուեց ձուլումից ու յարատեւեց: Այսօր էլ համաշխարհայնացման դարաշրջանում առաւել եւս ահագնացող նժդեհանալը ( հայրենազրկուելը) ստիպում է դիմել պատմական փորձին՝ ազգովին փարուել մեր լեզուին ու նրա գրահամակարգին: Դարերով անհայրենիք մեր ժողովուրդը սփռուեց աշխարհով մէկ, սակայն մնաց միասնական՝ շնորհիւ միակերպ դասական գրահամակարգի: Մաշտոցի աշակերտ, պատմիչ Կորիւնը վկայելով իր ուսուցչի վաստակը վրացիների համար գիր ու դպրութիւն ստեղծելու առթիւ, գրում է. «Եւ այդ վրացիներին, որ այնքան առանձին եւ անջատ-անջատ լեզուներով էին խօսում, Մաշտոցը համախմբեց, վերածեց մէկ ազգի…»: Ասել է թէ՝ ընդհանրական գրահամակարգը ազգի միասնականացման նախապայմանն է: Մինչդեռ այսօր երկու ուղղագրութեամբ մենք զատուած ենք միմեանցից: Մեր թշնամիները խլեցին մեզնից ամէն ինչ, նոյնիսկ հայրենիքը, բայց չկարողացան խլել մեր լեզուն ու նրա գրահամակարգը: Սա է մեր յարատեւման գաղտնիքը: Չկայ լեզուն՝ ուրեմն չկայ ազգը. իսկ լեզուն յարատեւում է իր զարգացած գրահամակարգի շնորհիւ: Զարգացած է համարւում այբուբեն, կանոնարկուած քերականութիւն ու միասնական ուղղագրութիւն ունեցող գրական լեզուն: Բանաւոր լեզուն ապագայ չունի: Հիւսիսային եւ Հարավային Ամերիկաների, Ավստրալիայի, տունդրայական ցեղախմբերի եւ նման այլ տարածքների բնիկների լեզուների փոխարէն այսօր հնչում են անգլերէնը, իսպաներէնը կամ մի այլ նուաճողի լեզուն: Ահա թէ ինչու մենք պէտք է հոգանք մեր 1600-ամեայ գրահամակարգի պահպանման գործը, այն գրահամակարգի, որով աշխարհին ներկայացել են մեր պատմագրութիւնն ու աստղագիտութիւնը, փիլիսոփայութիւնն ու բանաստեղծութիւնը, ողջ մշակոյթը: Դա նշանակում է, որ՝
– Գիրը միայն հաղորդակցութեան միջոց չէ. դրան կարող էին բաւարարել նաեւ լսողական եւ խօսքի օրգանները: Գիրը, աւանդական միասնական ուղղագրութիւնը պահպանելը կարեւոր է, որովհետեւ դա է կապել մեր ժողովրդի տարբեր ժամանակաշրջանները, տարբեր հատուածները, տարբեր սերունդները եւ ապահովել դրանց մշակոյթների ու հոգեւոր կապի, իմաստնութեան ու փորձի փոխանցումը. իսկ գիրը կարդալ՝ նշանակում է բառապատկերի յիշողութիւն գործադրել: Հետեւաբար՝ կարեւոր է այդ բառապատկերի տեսքը անխաթար պահելը, չփոխելը:
– Աւանդական գրահամակարգը վերացնելով դժուարանում է բառարմատների ծագման ստուգաբանական որոշումը. «ի օգուտ» բառի «յօգուտ» դասական գրելաձեւը փոխելով խեղագրական «հոգուտ» ձեւի, ստացւում է մի նոր «հոգ(ուտ)» արմատ, որը կապ չունի «օգ(ուտ)» արմատի հետ եւ նմանւում է «հոգ(ալ)» արմատին:
– Խաթարուած բառապատկերով հնարաւոր չի լինում նաեւ նոյնահունչ՝ բայց տարիմաստ բառերի տարբերակումը, երբ կաթի սերը եւ մարդու սէրը խեղագրութեամբ գրւում են միեւնոյն ձեւով՝ սեր:
Ահա թէ ինչու պարտականութիւն ունենք՝ պայքարել խեղաթիւրումների դէմ, ապահովել հայերէնի շարունակականութիւնը՝ արմատներից չկտրուելու պայմանով:
Այսպիսով մեր լեզուի ու նրա գրահամակարգի պահպանութիւնը ազգային եւ միջազգային շահերով է պարտադրուած, քանի որ, ինչպէս Պարոյր Սեւակն է ասում. «Մեր լեզուն միայն մեզ չի պատկանում, այլ աշխարհին, նա միայն մեր սրբութիւնը չէ, այլ մասունքը հանուր մարդկութեան… Այդ լեզուի խնամքը, նրա անաղարտութիւնն ու պաշտպանութիւնը դրուած է մեր վրայ»:
Շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել