Տավուշում էլ ամփոփեցին 2009 թվականը
Փետրվարի 9-ին կայացավ Տավուշի մարզխորհրդի նիստ, որին մասնակցում էր ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը: 2009 թվականի արածի մասին խոսեց մարզպետ Արմեն Ղուլարյանը եւ անդրադարձավ մարզպետարանում ստացված եւ առաքված որոշումներին, քաղաքացիների ընդունելությանը, կրթության, առողջապահության, սոցիալական, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների եւ այլ ոլորտներում կատարված աշխատանքներին:
2009-ին մարզի բժշկական կենտրոնների կողմից ներկայացված կատարողականներով անվճար բժշկական օգնությունների գումարները պետբյուջեից վճարվել են, պարտքեր չեն գոյացել: Սակայն պարտքեր կան նախորդ տարիներից. նախկին 41,7 միլիոն դրամ պարտքը նվազել է 23,7 միլիոնի: Մարզպետը հույս ունի, որ 2010-ին այդ պարտքն ամբողջությամբ կմարվի: 2009-ին մարզի համայնքապետարանների տեղական բյուջեների կատարողականը կազմել է 96,7 տոկոս, սեփական եկամուտներինը՝ 90,2 տոկոս: 2009-ի հունվարի 1-ի դրությամբ համայնքապետարանների աշխատավարձի 26 միլիոն դրամ պարտքը նվազել է, այն ներկայումս 8,1 միլիոն դրամ է:
Սոցիալական ոլորտում հաջողություն է 2009 թվականին Իջեւանում կառուցված 14 ընտանիքի համար նախատեսված «SOS» մանկական գյուղը: Մարզպետ Ղուլարյանի խոսքերով՝ գյուղը «այս տարի կարող ենք բացել եւ իրական նպատակին ծառայեցնել»: Հետաքրքիր է՝ մի տարի առաջ կառուցված եւ շահագործման հանձնված մանկական գյուղը 2010-ին ինչպե՞ս են բացելու:
Կատարված գործերի հետ չլուծված բազում խնդիրներ կան: Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն Տավուշի սեփականաշնորհված գյուղատնտեսական հողերի սեփականության իրավունքի գրանցման վկայականներում 10 հազար անճշտություն է հայտնաբերել: Մարզում բարձր լարման էլեկտրական գծերի մերձակայքում կառուցված շինությունների քանակը, չնայած համապատասխան հանձնաժողովի աշխատանքներին, աճում է: Տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը նշեց, որ վերջին 3-4 ամսվա ընթացքում Տավուշում նման 68 դեպք է հայտնաբերվել: Փոխվարչապետը համայնքների ղեկավարներին հորդորեց այս հարցում միջոցներ ձեռնարկել: Իսկ համայնքապետերը առկա սուր խնդիրների լուծման համար պետական ֆինանսական աջակցություն խնդրեցին փոխվարչապետից: Ադրբեջանական ռմբակոծությունից ամենաշատը տուժած Ներքին Կարմիրաղբյուր գյուղի մշակույթի կենտրոնի շենքը, որ նաեւ համայնքի վարչական շենքն է, արդեն 18 տարի վնասված է: 11 տարի համայնքը ղեկավարող Մանվել Կամենդատյանը (ով ստիպված գյուղի բժշկական ամբուլատորիայում է սենյակ զբաղեցնում) հայտնեց, որ համագյուղացիների մեջ բացատրական աշխատանքների շնորհիվ սահմանամերձ համայնքում հողի հարկը 100%-ով հավաքագրվել է, ինքը ամեն տարի համայնքի բնակիչներին խոստանում է, որ մշակույթի տունը կկառուցվի: Այս առնչությամբ Արմեն Գեւորգյանը կես կատակ ասաց. «Խնդրում եմ քո խոստումները իմ վրա «չնաղդել»: Փոխվարչապետը պարզաբանեց, որ Տավուշի մարզի մի քանի կիսակառույց օբյեկտների շինարարությունն ավարտելու համար 2010-ի պետբյուջեում 25-30 միլիոն դրամ է հատկացված, իսկ նոր մշակույթի տուն գործարկելու համար առնվազն 150-200 միլիոն դրամ կպահանջվի ու հավելեց, որ ՀՀ սոցներդրումների հիմնադրամի ֆինանսավորմամբ, հաջորդ տարի կամ ավելի ուշ կարելի է իրականացնել այս ծրագիրը:
Աջակցության ակնկալիք ուներ նաեւ Բագրատաշենի համայնքապետ Արկադի Մակյանը: Վրաստանին սահմանակից այս գյուղը խմելու ջուր է ստանում Լոռվա ձորի պղնձի գործարանների արտանետումներով հագեցած՝ Դեբեդի ափից 3-4 մետր հեռավորությամբ գտնվող, անցյալ դարի 80-ականներին կառուցված խորքային հորից, որը ավազով է լցվել, հարկ է նորը կառուցել: Գյուղապետի խոսքերով՝ ԻՖԱԴ-ի ներկայացուցիչները եկել-տեսել են, հարցը լուծելու համար միայն Արմեն Գեւորգյանի հեռախոսազանգն է հարկավոր: Փոխվարչապետն ասաց, որ հանրապետության շատ համայնքների ղեկավարներ են իրեն հորդորում, որ եթե ինքը զանգի՝ ԻՖԱԴ կազմակերպությունն այդ գյուղում ծրագրի համար փող կհատկացնի: Ինքը դրանից հետո հրավիրում է կազմակերպության տնօրեն Գագիկ Մաթեւոսյանին եւ պարզվում է՝ ԻՖԱԴ-ը ֆինանսներ չունի:
Սահմանամերձ Դովեղի գյուղապետ Սամվել Գոգինյանը, նշելով, որ հողի հարկի արտոնությունների մասին օրենքն արդյունավետ էր, խնդրեց երկարաձգել դրա կիրարկման ժամկետը:
Մարզում հակակարկտային կայաններ գործարկելու հնարավորության մասին Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Ռազմիկ Մելիքջանյանի հարցին ի պատասխան՝ Արմեն Գեւորգյանը հայտնեց, որ «պետական աջակցությամբ տեղակայվող հակակարկտային կայանները պետք է կենտրոնացված ձեւով, արդյունավետ կառավարվեն, դրա համար այդ տարածաշրջանում պետք է լինեն ռադիոլոկատորներ: Այսօր Հայաստանում ընդամենը 2 ռադիոլոկատոր կա՝ Արարատյան դաշտում եւ Լոռիում: Միգուցե հնարավոր լինի Լոռու ռադիոլոկատորով Նոյեմբերյանի տարածաշրջանի մի մասը սպասարկել: Բայց եթե համայնքներն ունեն ֆինանսական հնարավորություններ, կարող են իրենց տարածքում հակակարկտային կայաններ գործարկել եւ կառավարել»: