Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԿՐԻՇԵՆ ՊԱՅԹԵԼ Է»

Փետրվար 11,2010 00:00

Ագրեսիվ հողերում կառուցված շենքի ոդիսականը

\"\"Վանաձորի Տարոն 3 թաղամասի ՔՇՀ 7/45 շենքը նույնիսկ անծանոթը առանց ջանք թափելու կգտնի: Միայն այս շենքում է, որ տարվա ամենացուրտ եղանակին բաց պատշգամբներից փռված թաց գորգեր ու նույնքան թաց պատեր կտեսնես: Առաջին հայացքից տարօրինակ թվացող երեւույթը խոր արմատներ ունի, եւ որքան ցավալի է շենքի բնակիչների համար, նույնքան անլուծելի՝ համատիրության եւ Վանաձորի քաղաքապետարանի համար:
Երկրաշարժից հետո «Ուկրշին» կազմակերպության կառուցած շենքերի ջրի խողովակները տանիքով են անցնում, ինչը Վանաձորի ձմեռային խիստ կլիմային հարիր չէ: Վերջին օրերին հաճախակի դարձած առատ ձնից ու ցրտից հետո խողովակները սառցակալել ու պայթել են՝ իսկական պատուհաս դառնալով բնակիչների \"\"համար: Վերջիններիս խոսքերով՝ այս անգամ դեպքը տեղի է ունեցել գիշերը: «Կահույքը, գորգերը, պատերը ամբողջությամբ հայտնվել էին ջրի մեջ, կարծես ծովում լինեի, մի պահ թվաց, թե երկնքից է այդ ամենը թափվում մեզ վրա»,- նկատեց բնակիչներից մեկը:
Անցյալ դարի 90-ականներին բնակարանամուտ տոնած տանտերերը չէին էլ պատկերացնում, որ տարիներ անց իրենց ուրախությունը բազում հոգսերի, մտահոգության առիթ է դառնալու: Միայն տարիներ անց պետք է պարզվեր, որ ջրի խողովակը տանիքով է անցկացված, ինչն անգամ Լոռու «Ջրմուղկոյուղու» նորանշանակ տնօրեն Արիստակես Ղուկասյանը անտրամաբանական է համարում եւ պարզաբանում, որ խնդրի լուծման համար բնակիչներն իրենց չէ, որ պետք է դիմեն, այլ կառավարման մարմնին: Սա նոր թաղամասի ջրագծերի հետ կապված միակ զարմանալի փաստը չէ Արիստակես Ղուկասյանի համար: Վերջին շրջանում իրար հետեւից պայթող ջրագծերը առիթ են դարձել, որ Լոռու «Ջրմուղկոյուղին» հետազոտություն կատարի ու պարզի, որ նորակառույց Տարոն թաղամասի փոխարեն նախկինում գյուղատնտեսության փորձնական դաշտ է եղել, եւ հողը բավականին ագրեսիվ է, ահա ինչու են այդ թաղամասում ջրի վթարները հաճախակի: «Գուցե ուկրաինացիները նախօրոք իմացել ու հետագա խնդիրներից խուսափելու համար են խողովակը տանիքով անցկացրել»,- իրենց սփոփելու համար կատակում են թաղամասի բնակիչները:
Շենքի բնակիչները օգնություն ստանալու ակնկալիքով դիմել են «Փյունիկ» համատիրությանն ու քաղաքապետարան, օրեր առաջ հրաժարվել են համատիրության հին նախագահից. «Նա պետք է պատասխան տա տարիներ տեւած մեր տառապանքի համար, շենքի այս վիճակը միայն նրա անտարբերության արդյունքն է»,- բողոքում են նրանք: Շենքը նախկինում սպասարկում էր «Կարին» համատիրությունը, այժմ վերակազմավորման արդյունքում շենքն ընդգրկվել է «Փյունիկ» համատիրության կազմում: Համատիրության նոր նախագահ Արամ Սաքոյանը դեռ ծանոթ չէ խնդրին, բայց գիտի, որ «հարթ ու բացօթյա տանիքում մեր պայմաններում խողովակը ցրտից պաշտպանվելու տեղ չունի եւ անհապաղ քայլեր պետք է ձեռնարկել»: Քայլերն արդեն ձեռնարկվել են, խնդրին ժամանակավոր լուծում է տրվել, սակայն բնությունը նոր անակնկալներ է մատուցում՝ առատ ձյան տեսքով: Բնակիչները բողոքում են նաեւ քաղաքապետարանի անտարբերությունից: Սրան ի պատասխան՝ Վանաձորի քաղաքապետարանի համատիրությունների եւ բնակարանային տնտեսության բաժնի պետ Գրիշա Պառավյանն ասում է, թե 2006-07 թվականներին բնակիչները համաձայնել են քաղաքային իշխանությունների առաջարկած պայմաններին, սակայն պայմանավորվածությունը հենց իրենք էլ խախտել են. «Միայն խոսքերով համաձայնելը քիչ է, դրա համար կոնկրետ քայլեր պետք է լինեին, առաջինը՝ նախահաշվով սահմանված գումարի ուղիղ կեսը փոխանցվեր»: Հետաքրքրականն այն է, որ նորակառույց Տարոն թաղամասում նմանատիպ շենքեր էլի կան, բայց հենց այս շենքում է խնդիրը պարբերաբար «գլուխ բարձրացնում»: Ըստ Գրիշա Պառավյանի, նման խնդրի առաջ կրկին չկանգնելու համար նախ պետք է շենքն ամբողջությամբ բնակեցված լինի, եւ հետո ջրի խողովակը տանիքից հանվի:
Բնակիչներն արդեն տեւական ժամանակ հոսանքազրկված, գազազրկված՝ դիմակայում են անվերջ հոսող ջրերին՝ դույլեր ու տաշտեր դնելով նույնիսկ լամպերի տակ: Արդեն չգիտեն ինչպես, բայց «պայթած կրիշեն» պետք է սարքեն, իսկ ուշացնելու դեպքում ոչ միայն տանիքը, այլեւ հոսանքալարերն ու նույնիսկ շենքը վերանորոգելու կարիք կզգացվի: Տարվա մեծ մասը ջրի մեջ գտնվելով՝ շենքի արտաքին շերտը թափվել է, արդեն երեւում են բետոնե սալիկները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել