ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները փետրվարի 5-ին այցելել են ՀՀ ոստիկանության Երեւանի վարչության ձերբակալված անձանց պահման վայր: Այցելության ընթացքում ուսումնասիրվել է ՁՊՎ-ում պահվող անձանց բուժզննության եւ բուժօգնության թիվ 4 մատյանը (սկսած այս տարվա հունվարի 1-ից): Ըստ պաշտպանի գրասենյակի երեկ տարածած հաղորդագրության, պարզվել է, որ նշված անձանց ՁՊՎ ընդունելիս նրանց մարմնի տարբեր հատվածներում առկա են եղել կարմրակապտավուն հետքեր, այտուցներ, ինչպես նաեւ քերծվածքներ՝ բաց վերքի տեսքով:
Պաշտպանը ՀՀ գլխավոր դատախազին ուղղված նամակում նշել է 59 ձերբակալվածների անունները, որոնցից մեկի ձախ ոտքի ոլոքին եւ ոտնաթաթին եղել են կարմրակապտավուն հետքեր, մյուսի աչքերի տակ՝ կապտուկներ, հաջորդի աջ թիակին՝ կապտուկներ, հետույքի ձախ մասում կա վիրակապ, ոտքերին կան վերքեր, ձախ ձեռքին՝ կտրվածքներ…
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրում էր դատախազին հայտնել, թե նշված փաստերով ՀՀ դատախազության կողմից ձեռնարկվե՞լ են համապատասխան միջոցներ եւ եթե այո, ապա տալ տեղեկատվություն արդյունքների վերաբերյալ: