Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտյալը գրում է

Փետրվար 11,2010 00:00

«Դեռ չէի հասցրել ամուր կանգնել՝ հայտնվեցի կալանավայրում»

Իմ կյանքի ուղին կընթանար իր հունով, եթե չլիներ չարաբաստիկ երկրաշարժը եւ հեղափոխությունը: Ստացել եմ բարձրագույն կրթություն, աշխատել եմ տարբեր բնագավառներում, եղել եմ հարգված՝ շրջապատում: Ամուսնացել եմ, ունեցել դուստր, բայց ուրախությունս, ցավոք, տեւական չի եղել: Ավերված քաղաք, քայքայված տնտեսություն, սոցիալապես անապահով վիճակ, որից ես էլ անմասն չմնացի, եւ աշխատանքի կորուստն էլ ավելացավ մնացած կորուստներիս՝ ամուսին, մայր, եղբայր, բնակարան: Իսկ երեխաս միայն սիրով չէր տաքանա ու կշտանա, քանի որ ապրել էր պետք: Դստերս հետ ծվարեցինք հայրիկիս մոտ, ցավոք, նա էլ տեսողության 80% կորուստ ուներ: Գոյատեւում էինք նրա չնչին թոշակով: Տարիքս կենսաթոշակային չէր, նպաստ չէինք ստանում՝ չէր հասնում: Ծանոթներիցս մեկը իրավիճակը փրկելու համար առաջարկեց հիմնել ոչ պետական նախակրթարան՝ խոցելի խմբի երեխաների համար: Յուրաքանչյուր նոր գործ ներդրումներ է պահանջում: Այդ նպատակով ես վաճառեցի իմ ունեցած գույքը: Սակայն գումարը չբավարարեց փաստաթղթերի ձեւակերպման եւ հաստատման՝ մի մասին անգամ: Ծանոթս առաջարկեց պարտքով գումար վերցնել: Քանի որ գրավ դնելու ոչինչ չունեի, պայմանավորվեցինք, որ գումար տվողները հետագայում կաշխատեն նախակրթարանում: Բայց գնալով ձգձգվում էր փաստաթղթերի ձեւակերպումը: Թվում էր՝ կարող էի դրությունը փրկել: Ժամանակն էլ համընկավ աղջկաս բուհ ընդունվելուն. նա մրցութային կարգով ընդունվեց Ռուսաստանի բուհերից մեկը՝ անվճար սովորելու: Մտածեցի դստերս հետ կտեղափոխվեմ ՌԴ, կաշխատեմ, կվերադարձնեմ պարտքերս: Դեռ չէի հասցրել ամուր ոտքի վրա կանգնել՝ հայտնվեցի կալանավայրում: Դատապարտվել եմ 3,5 տարվա ազատազրկման: Շուրջ մի տարի է՝ գտնվում եմ կալանքի տակ, աղջկաս թողնելով մեն-մենակ Ռուսաստանում:
Ռուսաստանի նախագահ Դ. Մեդվեդեւը այս տարի փոփոխություններ արեց քրեական օրենսգրքում, իսկ մեր հանրապետության նախագահը մի քայլ առաջ էր գնացել՝ անցյալ տարի համաներում հայտարարելով: Դիմելով թերթին, նշեմ, որ կալանքում գտնվելու ընթացքում ինձ վրա պետության ծախսած գումարը տասնապատիկ գերազանցում է այն գումարի չափը, որը պարտք եմ վերցրել, եւ դեռ ավելին՝ կծախսվի ինձ վրա այս ծանր ճգնաժամային վիճակում: Այստեղ գտնվելով՝ միայն բեռ եմ պետությանը: Ես վատառողջ եմ, երեխաս ինձնից բացի որեւէ մեկը չունի:
Մարդը կարող է սխալվել, սայթաքել, իսկ ես սայթաքել եմ առաջին անգամ: Կալանավորման ժամանակ, չդիմանալով ցավին, հայրս է մահացել: Ես ինձ մեղավոր եմ ճանաչում եւ հրապարակավ ներում եմ խնդրում թե տուժողներից, թե ձեզնից: Ես այլեւս չեմ դիմանում նույնիսկ վերաքննիչ դատարանում ընթացող դատաքննության փուլին: Խնդրում եմ հանրապետության նախագահին՝ ինձ ներում շնորհել մեծահոգաբար, որպեսզի հասնեմ երեխայիս: «Աստվածաշնչում» անգամ հիշատակվում է, որ ներումը եւ ներելը աստվածահաճո գործ է, մանավանդ, երբ խոստովանում է որբեւայրին:
Մասնագիտությամբ մանկավարժ եմ, երբեւէ չեմ զբաղվել ձեռներեցությամբ: Փորձեցի նախակրթարան հիմնել, որի կարիքն ուներ ավերված Գյումրին: Ես լիովին ընդունել եմ մեղքս, ավելին՝ մինչ բանտում հայտնվելս վաճառել եմ ողջ ունեցվածքս, պարտավորվել եմ մնացած գումարը վերադարձնել առաջին իսկ հնարավորության դեպքում: Երբեք խաբեբա եւ խարդախ չեմ եղել, հասարակության համար վտանգավոր մարդ չեմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել