Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՎՃԱ՞Ր Է ՏՎԵԼ, ԹԵ՞ ԿԱՆԽԱՎՃԱՐ

Փետրվար 11,2010 00:00

Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Անի Մաթեւոսյանի նախագահությամբ, երեկ սկսվեց Ֆրանսիայի քաղաքացի Ռոբին-Օֆիկ Ռոբինի-Օսկանյանի հայցի քննության նախապատրաստական փուլը:

\"\"

Ֆրանսահայ Ռոբին-Օֆիկ Օսկանյանը դատի էր տվել «Հովնանյան ինտերնեյշնլ» ՍՊԸ-ին՝ պահանջելով 2005թ. հողամասի առքուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչել, ՍՊԸ-ից բռնագանձել իր կողմից վճարված 203 707 100 ՀՀ դրամը:
Պարոն Օսկանյանի ներկայացուցիչն էր ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արմեն Ումրշատյանը, իսկ պատասխանող «Հովնանյան ինտերնեյշն» ընկերությանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Համիկ Մարտիրոսյանը: Ի դեպ, վերջինս դեմ եղավ «Առավոտի» կողմից դատական նիստը նկարահանելուն: Նրանից ետ չմնաց դատավորը, որը «հանձնարարեց» ինձ՝ նկարել միայն հայցվորին, իսկ դատարանին եւ պատասխանողին՝ չնկարել:
Պարոն Օսկանյանը դատարան ներկայացրած իր հայցադիմումում տեղեկացրել էր, որ ինքը «Հովնանյան ինտերնեյշնլ» ՍՊԸ-ի հետ կնքել է պայմանագիր: Ըստ այդ պայմանագրի՝ նա պետք է Վահագնի թաղամասում ձեռք բերեր 2,493 հա մակերեսով հողամաս: Հողամասը գնահատվել էր 900 000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Դատարանում նշվեց այն մասին, որ հայցվորը չի տիրապետել հայերենին, ուստի առաջարկել է, որպեսզի պայմանագիրը կնքվի ֆրանսերեն կամ էլ անգլերեն: Վավերացումը տեղի է ունեցել «Կենտրոն» նոտարական գրասենյակում: Այդ կապակցությամբ հայցվորի ներկայացուցիչը միջնորդեց, որպեսզի այս գործով 3-րդ անձ՝ ներգրավեն նոտար Գայանե Ազարյանին: Պատասխանողի ներկայացուցիչն առարկեց, պնդելով, որ հայցվորն ինքն է ընտրել այդ նոտարին: Դատարանը բավարարեց այդ միջնորդությունը:
Նախապատրաստական փուլում հայցվորը, որպես հիմք, դատարան էր ներկայացրել հողամասի առքուվաճառքի պայմանագիրը:
Ըստ հայցադիմումի, պարոն Օսկանյանը Հովնանյաններին վճարել է 15 000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ նախավճար, ապա՝ 450 000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Սակայն հողամասը չի տրվել ֆրանսահայ քաղաքացուն, նրա կողմից վճարվածը դիտվել է նախավճար: Ըստ հայցվորի փաստաբան Արմեն Ումրշատյանի. «Էական նշանակություն ունի գործարքի բնույթի կամ դրա առարկայի այնպիսի հատկանիշների վերաբերյալ մոլորությունը, որոնք զգալիորեն պակասեցնում են այն՝ ըստ նշանակության օգտագործելու հնարավորությունները: Այսպիսի էական նշանակություն ունեցող փաստացի հանգամանք է այն, որ պայմանագրի մեջ հայցվորին չի բացատրվել եւ չի թարգմանվել «Կանխավճար» եւ «նախավճար» իրավաբանական տերմինների տարբերությունը, եւ տեքստում իր կողմից վճարվելիք ողջ գումարի 100 տոկոսով նախավճար դիտելու իրավական հետեւանքները»:
Հայցվորի ներկայացուցիչը միջնորդեց, որպեսզի դահլիճը լքի պատասխանողի հետ եկած, այս գործով հնարավոր վկա Արգամ Վարդեւանյանը. «Վկան չպետք է դահլիճում գտնվի»:
Պատասխանողի ներկայացուցիչ Համիկ Մարտիրոսյանն իր հերթին, «մոլորության» կանխավարկածի հետ կապված, միջնորդեց, որպեսզի նիստերի դահլիճը թողնի հայցվոր Օսկանյանի ներկայացուցիչը՝ Ա. Ումրշատյանը: Նա ասաց, որ Ումրշատյանը մինչ այդ եղել է Հովնանյանների ներկայացուցիչը գործարքը կնքելու ժամանակ, եւ որ իրենք միջնորդելու են, որպեսզի նա ներգրավվի որպես վկա: Հավասարության սկզբունքը չխախտելու համար դահլիճ կանչվեց Ա. Վարդեւանյանը, որը միջնորդությունից հետո թողել էր դահլիճը:
Գործի նախապատրաստական փուլի համար պատասխանողը ներկայացրեց նաեւ իրենց առարկությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել