Խանութի աշխատակիցները՝ իրենց դեմ բողոքելու դեպքում, 75-ամյա կնոջը սպառնում են մեքենայի տակ գցել:
75-ամյա Ամալյա Նազարեթյանը «Իդեալ» համակարգի գովազդներին հավատացած այն սպառողներից է, որը որոշել է գնումներ կատարել «Իդեալի» խանութներից, անդամագրվել նրանց ցանցում եւ 100 հազար դրամի քարտ ստանալ: Կնոջ առաջին հիասթափությունը եղել է այն ժամանակ, երբ նա, «Իդեալի» սրահում ծանոթանալով լողախցիկների տեսականուն, տեղում վճարել է 76 հազար դրամ եւ գնել իր բնակարանի լոգարանին հարմար լողախցիկ: Սրահում կնոջն ասել են, որ հանգիստ գնա տուն, լողախցիկը «Իդեալի» պահեստային բազայից կառաքեն ուղիղ իրենց տուն: Բնականաբար, այդ դեպքերում գնորդը լրացնում է կտրոններ, թողնում իր կոնտակտային հեռախոսահամարներն ու հեռանում, ինչը եւ արել է Ա. Նազարեթյանը. «Օրերով սպասում էի՝ ոչ զանգում էին, ոչ լողախցիկը բերում: Մի օր էլ, գիշերվա ժամը 12-ին, դուռը բախում են: Բացեմ-տեսնեմ՝ «Իդեալի» աշխատողներն են: Երբ բարկացա, որ տարեց կին եմ՝ այդ ժամին անհանգստացնում են, մի բան էլ իրենք սկսեցին մուննաթ գալ, թե՝ քանի ժամ ա ձեր հայաթում կանգնած էինք, մի հատ պատուհանից չեք նայում, որ ասենք՝ եկել ենք: Նրանք ինձ մի թուղթ տվեցին, ասացին՝ ստորագրի, որ ապրանքը ստացել ես՝ գնանք: Ես պնդեցի, որ արկղը բացեն, որովհետեւ կարող է կոտրված լինի, իսկ «Իդեալի» աշխատողները կոպտեցին, թե դա իրենց պարտականությունների մեջ չի մտնում, իրենց արկղ են տվել, ասել են՝ տարեք, բերել են»: Հաջորդ օրը կինը բացում է փաթեթավորված արկղը եւ տեսնում, որ դա իր գնած եւ հավանած լողախցիկը չէ. «Բոլորովին այլ՝ էժանագին լողախցիկ էր, որը չափսերով էլ չէր համապատասխանում իմ լոգասենյակին, այնպես որ, չէի կարող հարմարվել ու ինձ պահել»: Տարեց կինը ստիպված նորից գնում է այն խանութը, որտեղից գնել է ապրանքը, բացատրում, որ սխալվել են, սակայն խանութի աշխատակիցները կնոջից ներողություն խնդրելու եւ խնդիրը լուծելու փոխարեն, նրանից պահանջել են, որ լողախցիկը բերի խանութ, իրենք կտեսնեն՝ հետ վերցնե՞ն, փոխե՞ն, թե՞ ոչ:
Ամալյա Նազարեթյանի խոսքերով՝ «Լողախցիկը լուցկու տուփ չէ, որ դնեմ գրպանս ու տանեմ խանութ: Այն տեղափոխելը մեծ խնդիր է, ու բավական չէ, որ նրանք ինձ համար «իդեալական» խնդիրներ էին ստեղծել, քանի որ նախապես ապամոնտաժել էի վաննան ու, փաստորեն, մնացել առանց լողանալու, «Իդեալից» մի բան էլ ինձ սկսեցին շշպռել ու ստիպել, որ ընկնեմ իրենց ոտքերը, խնդրեմ, որ փոխեն»: Մի քանի շաբաթ տեւած քաշքշուկից, տանել-բերելուց հետո տիկին Նազարեթյանը ստիպված դիմում է ոստիկանություն ու մի կերպ կարողանում գումարը հետ ստանալ: Արդյունքում՝ սրահի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Մկրտումովն ազատվում է աշխատանքից՝ հաճախորդին կոպտելու համար:
Մինչ այդ, այնպես է ստացվում, որ Ամալյա Նազարեթյանի շենքի առաջին հարկում՝ Կոմիտասի 56 հասցեում, «Իդեալի» տնօրինությունն ուզում է կառուցել իր հերթական սրահներից մեկը: Եվ քանի որ, ըստ նախագծի, բնակելի շենքում նոր խանութը կառուցապատելու համար պետք էր ստանալ բնակիչների թույլտվությունը, երկրորդ հարկի բնակիչ Ա. Նազարեթյանը համաձայնում է, որ իր ներքեւի հարկը 2 մետր առաջ տան ու այնտեղ բացեն «Իդեալի» նոր խանութը: Սակայն կառուցապատողները 2-ի փոխարեն 4 մետր են առաջ տանում ու բակի բոլոր ծառերը մի գիշերվա ընթացքում այնպես են հատում, որ կանաչ տարածքներից ոչ մի հետք առավոտյան չի մնում: «Բազմիցս գնացել եմ «Իդեալի» խանութները եւ փորձել հանդիպել ընկերության տնօրենի հետ, սակայն ինձ չի հաջողվել: Խանութի աշխատակիցներն ինձ բառացիորեն դուրս են շպրտում խանութից: Վերջին անգամ երբ գնացի, մենեջերը, չնայած տարիքիս, գլխիս հարվածելով՝ ինձ վռնդեց եւ սպառնաց, որ մի օր ինձ ավտոյի տակ է գցելու: Մի քանի օր առաջ էլ, երբ կանգառում տրոլեյբուսի էի սպասում, մի սպիտակ մեքենա ինձ համարյա քսվելով անցավ, պատուհանի ապակիներն իջան, տեսա՝ մենեջերն էր: Նա մեկ անգամ եւս հիշեցրեց, որ եթե նորից համարձակվեմ բողոքել որեւէ տեղ՝ հաստատ մեքենայի տակ կընկնեմ»,- պատմեց 75-ամյա կինը: