Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԱՆԳԱՄԱՅՆ ԱՌՈՂՋ ՆՈՐԱԾԻՆԸ ՄԱՀԱՑԵԼ Է

Փետրվար 11,2010 00:00

Ինչպես միշտ՝ բժիշկներն անմեղ դուրս կգան

«Հունվարի 7-ին «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի բժշիկների անփույթ եւ ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի պատճառով ծննդաբերության ժամանակ մահացել է իմ թոռնիկը: Ես պահանջում եմ, որ բոլոր պատասխանատու մարմիններն ուսումնասիրեն այս դեպքը, որով հետագայում, հուսով եմ, կկանխվի այլ նորածինների մահը»,- օրերս նման նամակով «Առավոտին» էր դիմել Կապանի բնակիչ Օֆելյա Մկրտչյանը: Նրա ներկայացմամբ, հարսի՝ Գոհար Պետրոսյանի հղիության ընթացքում բժիշկները պարբերաբար վստահեցրել են, որ այն առանց բարդությունների է ընթանում, պտուղը նորմալ զարգանում է, եւ ծննդաբերությանը ոչ մի վտանգ չի սպառնում: Ծննդկանի սկեսուրի պատմելով՝ հունվարի 5-ին, երբ հարսի պտղաջրերը սկսել են հոսել, նրան տարել են հիվանդանոց, սակայն բժիշկ Խաչատրյանը նրանց վստահեցրել է, թե ոչ մի վտանգավոր բան չկա, որ տուն գնան, քանի որ պտղին ու հղի կնոջը վտանգ չի սպառնում: Հաջորդ օրը ընտանիքի անդամները, անհանգստանալով, կրկին ահազանգել են բժշկուհի Անուշ Բալասանյանին եւ բացատրել, որ պտղաջրերը շարունակում են հոսել, ինչը հնարավոր է վտանգավոր հետեւանքների հանգեցնի, սակայն այս անգամ էլ բժշկուհին շատ հանգիստ պատասխանել է՝ թեեւ խնդիր կա, սակայն պետք է սպասել, մինչեւ անհրաժեշտ բացվածք լինի: Օ. Մկրտչյանի խոսքերով՝ «Այնուհետեւ մեզ չհաջողվեց որեւէ տեղեկատվություն ստանալ բժիշկներից. մեր բոլոր զանգերին պատասխանում էր սանիտարկան եւ շատ կոպիտ տոնով ասում՝ պետք է սպասել: Այս սպասումների արդյունքում հունվարի 7-ի գիշերը մեզ տեղեկացրին, որ երեխան ծնվել է մահացած: Մեզ ներկայացրած մյուս վարկածն էլ այն էր, որ երեխան մահացել է ծնվելուց հետո»:
Ծննդկանի համար այդ 2 ճակատագրկան օրերի ընթացքում, հարազատների վստահեցմամբ, ծննդաբերությանը հետեւող բժիշկներ Բալասանյանն ու Գասպարյանը չեն ներկայացել հիվանդանոց եւ հարազատներին ոչ մի բացատրություն չեն տվել ծննդաբերության եւ դժբախտ դեպքի վերաբերյալ: Ըստ Օֆելյա Մկրտչյանի՝ օրեր անց, մեծ ջանքերի շնորհիվ, բժիշկներին հաջողվել է կանչել հիվանդանոց եւ որոշ պարզաբանումներ ստանալ երեխայի մահվան մասին: Սակայն այդ 2 բժիշկները իրարամերժ պատասխաններ են տվել: «Մեզ համար պարզ է, որ ծննդաբերության գործընթացը սկսել են մեծ ուշացումով, երբ արդեն պտղաջրերը վերջացել էին, իսկ նորածնին վակուում են տվել այն ժամանակ, երբ երեխայի սիրտը չէր աշխատում: Իսկ բժշկուհի Բալասանյանը հերթապահությունն իրականացնում էր հեռախոսով՝ պատճառաբանելով, որ տնային հերթապահ է, հետո բացատրեց, որ թունավորվելու պատճառով չի կարողացել ներկայանալ հիվանդանոց: Ինչպե՞ս կարող է ծնունդ ընդունող բժիշկը լինել տնային հերթապահ»,- զարմացած հարցնում է Օ. Մկրտչյանը: Ծննդկանի հարազատները պարզաբանում են խնդրել նաեւ հիվանդանոցի տնօրենից, բայց վերջինիս պատասխանից ոչինչ չեն հասկացել: Նորածնի դիակը հերձող բժիշկն էլ ծննդկանի հարազատներին բանավոր պատասխանել է, որ երեխայի բոլոր ներքին օրգաններն առողջ վիճակում են եղել: Սակայն հարազատներին այդպես էլ որեւէ հստակ բացատրություն չի տրվում, թե վերջիվերջո ո՞ւմ մեղքով է մահացել միանգամայն առողջ օրգաններ ունեցող մանկիկը:
«Անհրաժեշտ է ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները՝ հայտնաբերելու եւ պատժելու մեղավորներին, որպեսզի բացառվեն նման դեպքերը մարզային կենտրոնի ծննդատանը, քանի որ այդտեղ ծննդաբերում է մարզի կանանց մեծ մասը… Մենք որոշել ենք հետամուտ լինել այս դեպքի բացահայտմանը, որպեսզի մեր ընտանեկան ողբերգությունն այլեւս չկրկնվի»,- «Առավոտին» ուղղված նամակում ասում է Օֆելյա Մկրտչյանը: Իր թոռնիկի մահվան առնչությամբ նա դիմել է նաեւ ՀՀ նախագահին, վարչապետին, գլխավոր դատախազին, ոստիկանապետին, Սյունիքի մարզպետին եւ առողջապահության նախարարին:
«Կապանի բժշկական կենտրոնի» տնօրինությունը նորածնի մահվան վերաբերյալ առողջապահության նախարարությանը որոշ պարզաբանումներ, այնուամենայնիվ, տվել է: Սակայն նախարարության պատասխանատուները «Առավոտի» հետ զրույցում վստահեցրին, որ հանձնաժողով է ստեղծվելու, որպեսզի դեպքը մանրամասն ուսումնասիրվի, ինչի արդյունքները խոստացան տրամադրել նաեւ մեզ ու բոլոր շահագրգիռ կողմերին: «Երեխան մահացած է ծնվել: Մենք սպասում ենք դիահերձման արդյունքներին, որպեսզի համարժեք գործողություն կատարենք: Այդ պատասխանը ստանալուց հետո կարող ենք ասել, թե մահվան պատճառն ինչն է եղել»,- հայտնում են նախարարությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել