«Ինձ համար անհասկանալի է. եթե ռուսական կողմը գազը թանկացնում է 17%-ով, ապա ինչո՞ւ է ավելի քան 40%-ով թանկացման հայտ ներկայացվում: Հիմնականում բեռն ընկնելու է շարքային քաղաքացիների վրա»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր անհանգստությունը հայտնեց Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Նրա խոսքերով, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում գրված է, որ Հայաստանը սոցիալական պետություն է, եւ մեր երկրի քաղաքականությունն էլ որոշակի սոցիալական միտվածություն պետք է ունենա. «Սակայն ջրի եւ գազի սակագների բարձրացումը սոցիալական պետության հետ որեւէ կապ չունեցող երեւույթ է: Այդ է պատճառը, որ ՄԻՊ գրասենյակն այժմ ուսումնասիրում է գազի եւ ջրի սակագների վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացված հայտերը»: