Մի շարք խախտումների համար
Երեկ ՀՀ Վերահսկիչ պալատն իր խորհրդի արտագնա նիստն անցկացրեց Գյումրիում՝ հրապարկելով անցած տարի Շիրակի մարզպետարանում ու Գյումրիի քաղաքապետարանում, ինչպես նաեւ ՀՀ առողջապահության ու գյուղատնտեսության նախարարություններում կատարած ստուգումների արդյունքները: Պալատի ներկայացուցիչները մասնավորապես զեկուցեցին, որ Շիրակի մարզպետարանում կատարվել է 90 մլն 79, 9 հազար դրամի խախտում, որից 70 միլիոնը ենթակա է վերականգնման, իսկ Գյումրիի քաղաքապետարանում՝ 430 միլիոն 441 000 դրամի, որից վերականգնման ենթակա է 278 միլիոնը: Բնականաբար, ՎՊ-ն շատ եւ շատ բացահայտումների մասին խոսեց, օրինակ՝ ինչպես կարելի է խաբել պետությանը ու փաստացի չեղած աշակերտների կամ սննդի համար գումար կորզել (ստուգվել է 15 դպրոց եւ 2 հատուկ դպրոց, որտեղ հայտնաբերվել է 11 մլն դրամի խախտում) կամ էժան գներով օտարել համայնքի սեփականությունը, քաղաքի մի քանի ռեստորանների՝ «Խաչմերուկ», «Կումայրի» եւ այլն, յուրահատուկ արտոնություններ շնորհել, նրանցից հարկ ու տուրք չգանձել, կամ ինչպես փոշիացնել պետական միջոցներով իրականացվող շինարարությունը: Նկատենք, որ ամենաաղմկոտ ու խայտառակ խախտումները գրանցվել են սոցիալական ոլորտում. սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններում չարաշահումները հասել են այն աստիճանի, որ, օրինակ, Փանիկի գյուղապետն իրեն թույլ է տվել չքավոր ձեւացնել իր որդու ընտանիքին՝ ընդգրկելով նպաստառուների ցուցակում: «Ամասիայում սոցիալական ծառայության տեղական գործակալությունն ունի 185 նպաստառու, «Պառնաս» ծրագրով ստուգվել է 100-ը, որից 22-ը իրավունք չուներ նպաստ ստանալ: Արթիկում 3058 նպաստառու կա, որոնցից ստուգվել է 277-ը, որից շուրջ 100 խախտված դեպքեր կան: «Պառնասի» ստուգումից հետո մենք ընդամենը 620 գործ ենք ստուգել եւ հայտնաբերվել է եւս 51 խախտում»,- ասաց ՎՊ նախագահը: Շատերը թաքցրել են ընտանիքի անդամների, խոշոր եղջերավոր անասունների քանակը, ընդ որում՝ թաքցրել են ընտանիքի 5-6 անդամի կամ 30 գլուխ խոշոր եղջերավոր անասունների թիվը եւ հաջողացրել են նպաստ ստանալ: Ստուգումներ են անցկացվել նաեւ Շիրակի մարզպետարանի քաղաքաշինական ոլորտի 58 ծրագրերից 17-ում, որտեղ հայտնաբերվել է 54 մլն 810 հազար դրամի խախտում:
Քիչ չեն դեպքերը, երբ շինկազմակերպությունները վճարվել են չկատարած աշխատանքի, անորակ աշխատանքի դիմաց, գներն էլ արհեստականորեն թանկացրել են: Գյումրիի քաղաքապետարանի 2007, 2008, 2009 թվերին կատարած խախտումներից թերեւս ամենաաղմկոտն այն է, որ քաղաքապետարանն ինքնագլուխ, առանց ԱԺ-ի թույլտվության, օտարել է 6 նախակրթարան: Պալատի նախագահը Վարդան Ղուկասյանի գլխավորած կառույցում հայտնաբերված խախտումներից թվարկեց հետեւյալը. 462 տեղական տուրք վճարողներ հողի, ծխախոտի, տաքսի ծառայությունների, բենզինի, մետաղների վաճառքի համար տեղական բյուջե չեն վճարել 38 մլն 954 հազար դրամ, սակայն ստուգման ընթացքում քաղաքապետը մոտ 18 մլն 899 000 դրամ գանձել է, մնացած գործերը ուղարկվել են դատարան: Շատերը խուսափել են գույքահարկից ու հողահարկից, մոտ 30 մլն չհավաքագրված գումար կա: Պակաս է հաշվված համայնքի հաշվեկշռում գտնվող 10 շենք-շինությունների կադաստրային արժեքը: Ներքաղաքային երթուղիներից համայնքային բյուջե չի վճարվել 23 մլն 130 000 դրամ, չնայած առկա պայմանագրերին: Վերահսկիչը մի հետաքրքիր բացահայտում եւս կատարել էր. ամերիկահայ բարերար Հովնանյանը Գյումրիում գործարան կառուցելու նպատակով 48 000 քմ հողատարածք է վերցրել, սակայն 1 տարի անց «Հովնանյան ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն 48 000 քմ-ից 2000-ը վերավաճառել է 24 միլիոն դրամով: «Մենք էլ ասում ենք՝ եւս 2 էդպիսի վաճառք, ամբողջ վճարված գումարը կարելի է հանել եւ մոտ 42 հազար քմ-ի տեր դառնալ»,- ասաց Ի. Զաքարյանը: Լրագրողները թե քաղաքապետ Վարդան Ղուկասյանից եւ թե Շիրակի մարզպետ Լիդա Նանյանից հետաքրքրվեցին, թե իրենց մեղավոր ճանաչո՞ւմ են եւ ինչպե՞ս կբացատրեն այս խախտումները: Հարցը բավականաչափ զայրացրեց քաղաքապետ Ղուկասյանին. նա լրագրողներից ոմանց դարձյալ մեղադրեց պատվեր կատարելու մեջ: Նա որպես արդարացում՝ քննադատեց օրենքների անկատարությունը: Իսկ մանկապարտեզների օտարման, երթուղայինի գծատերերի տուրքերը չվճարելու հետ կապված էլ ասաց. «Մանկապարտեզների օտարման հետ կապված, ես ասեմ, որ մենք 15 գրություն ունեք, որ դրանք մանկապարտեզներ չեն, երկրաշարժից հետո այդ շենք-շինությունները 3-4-րդ աստիճանի վնասված են, որտեղ բնակեցված են անօթեւաններ, հիմա դիմեցինք կառավարություն՝ հետաքրքրվելով, թե ի՞նչ է լինելու սրանց ճակատագիրը: Կոնկրետ այդ անօթեւանները ուզում են, որ այդ շենքերը տանք իրենց եւ իրենք անօթեւանությունից դուրս գան: Դրանք նախակրթարաններ չեն եղել, 88թ.-ից հետո բնակեցված են եղել գյումրեցիներով»: