Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԵՌՆԱՏԱՐՆԵՐԸ ՑՈՒՅՑԻ ԵՆ ԴՈՒՐՍ ԵԿԵԼ

Փետրվար 11,2010 00:00

Բեռնատար մեքենաների վարորդներին ստիպում են մտնել հարկային դաշտ ու ամսական մեծ գումարներ վճարել

Կառավարության հերթական որոշումը կյանքի կոչելու արդյունքում, հանրապետությունում բողոքի նոր ալիք է հասունացել: Արդեն քանի օր է՝ անհատ բեռնատար մեքենաների վարորդները՝ ընդդեմ կառավարության, բողոքի ակցիաներ են կազմակերպում: Բանն այն է, որ այս տարվա հունվարի 1-ից կառավարությունը բեռնատար մեքենաների վարորդներին պարտադրում է հարկերը վճարել, հետո նոր սրտի ուզածի չափ բեռներ տեղափոխել: Չնայած այս որոշումն ընդունվել է 2002 թվականին, սակայն, չգիտես ինչու, կառավարությունն այն նոր է սկսել կիրառել:
Կառավարության որոշմամբ՝ բեռնատար մեքենաների վարորդները պետք է Պետեկամուտների կոմիտեում գրանցվեն եւ ամսական որոշակի հարկ վճարեն: Այս առիթով օրերս «Առավոտին» էր դիմել բեռնատար մեքենայի վարորդ Կարապետ Դադուրյանը: Նրա խոսքերով՝ «Մեզ պարտադրում են անհատ ձեռներեցի փաստաթուղթ հանել, ինչի հիման վրա պետք է ամսական հարկ վճարենք՝ 40-45 հազար դրամ: Մենք չենք կարող նման գումարներ վճարել: Մեր աշխատանքը տաքսու նման ամենօրյա գործ չէ, որ ամեն առավոտ դուրս գանք գործի, երեկոյան վերադառնանք տուն: Գնում ողորմություն ենք խնդրում, որ բեռ տեղափոխենք: Ամիս է լինում, որ ոչ մի կոպեկ չենք աշխատում, պատվեր չենք ունենում, ամիս էլ կա՝ 1-2 պատվեր ենք ունենում: Այսինքն՝ տարեկան 450-500 հազար դրամ պիտի վճարենք: Սա տնաքանդություն է: Մենք տարեկան այդքան եկամուտ չենք էլ ունենում»: Կ. Դադուրյանի համար անհասկանալի է, թե հարկայինն ինչպես է հաշվարկել վճարվելիք հարկի չափը: Բեռնատար մեքենաների վարորդները բեռներ են տեղափոխում հիմնականում Վրաստանից կամ Իրանից, ինչը հսկայական ծախսերի հետ է կապված: Ըստ վարորդների. «Վառելիքի գինը չե՞ն հաշվել, հաշվի չե՞ն առել, որ մեքենան վնասվում է, ավտոմասեր ենք փոխում: 20 լիտր վառելիքն արժե 6400 դրամ, իսկ մենք ամեն անգամ ճանապարհ դուրս գալուց մոտ 100 լիտր վառելիք ենք ծախսում, ինչը մեզ վրա նստում է մոտ 65 հազար դրամ: 300-400 կիլոմետր քշում ենք ու կարող է ունենանք ընդամենը 50 հազար դրամ եկամուտ: Եվ եթե հաշվի առնենք, որ ամիսը 2 անգամ ենք աշխատանքի դուրս գալիս, մենք չենք կարող կառավարության հաշվարկած հարկերը փակել: Ի՞նչ անենք, այս մի գործն ունենք, սրանի՞ց էլ հրաժարվենք: Բոլոր վարորդները 40-ն անց մարդիկ են, էլ որտե՞ղ աշխատանք կգտնեն»: Վարորդների վստահեցմամբ, իրենք չեն հրաժարվում հարկային դաշտ մտնելուց, պարզապես խնդրում են կառավարությանը, առայժմ դադարեցնել որոշման կիրառումը, հարկերի չափը վերանայել եւ խելքին մոտ թվեր սահմանել. «Գոնե սառեցնեն այս գործընթացը, որ կարողանանք գործի դուրս գալ, հետո հարկերի չափը նվազեցնեն»: Վարորդներին, բացի անհավանական հարկերից, մեկ այլ հանգամանք էլ է անհանգստացնում: Քանի որ վարորդները պետք է հարկայինում որպես Ա/Ձ գրանցվեն, ուստի ամեն ամիս պարտավոր են հաստատագրված հարկ վճարել, ինչը, ըստ վարորդների, անընդունելի է. «Եթե Ա/Ձ բացենք ու տեսնենք պատվեր չունենք, պետք է ստիպված հարկայինում դիմում գրենք՝ գործունեությունը ժամանակավոր դադարեցնելու մասին: Բայց հնարավոր է դադարեցնեն գործունեությունը, մեկ էլ պատվիրատուն զանգի ու ասի, որ պետք է գնալ Վրաստան ապրանք բերելու: Ես ի՞նչ անեմ, հո չեմ ասի, սպասեք գնամ հարկային՝ վերականգնեմ Ա/Ձ-ն ու մի քանի օրից կգամ: Գոնե կառավարությունը որոշի հարկային վճարումները տարեկան կտրվածքով սահմանել: Այդպես մի կերպ գումար կհավաքենք, այն էլ ոչ թե իրենց այսօրվա սահմանած չափի, այլ շատ ավելի քիչ: Ժամանակ է լինում՝ օրերով մնում ենք ձյան, բքի տակ: Հնարավոր է մի ռեյսը 15 օր տեւի, եկամուտն էլ լինի 80-90 հազար, ես ո՞նց տանեմ 500 հազար դրամ հարկայինին տամ, բա մյուս ծախսերը ո՞նց հոգամ: Հետաքրքիր է, մեր իշխանությունն ինչո՞վ է մտածում: Ժողովրդին թալանելու նոր մեթոդ են գտել»: Կարապետ Դադուրյանի ներկայացմամբ՝ պարսիկ վարորդները Իրանում բեռնափոխադրման համար տարեկան վճարում են 80-100$, այն էլ այն դեպքում, երբ ամիսը 10-ից ավելի բեռնափոխադրում են իրականացնում:
Մոտ 50 վարորդ խնդրի առնչությամբ նամակով դիմել է նաեւ վարչապետին, ՀՀ նախագահին, սակայն կառավարությունից պատասխանել են, որ իրենց որոշումը փոփոխման ենթակա չէ: Մեզ հետ զրույցում բեռնատար մեքենաների վարորդները վստահեցրին՝ եթե կառավարությունը քայլեր չձեռնարկի եւ իրենց խնդրանքը չկատարի, ապա իրենց խոսքերով ասած՝ «կամազներով կգանք կառավարության շենքի մոտ՝ ցույցի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել