Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՄԵՆՔ ԱՏՈՒՄ ԵՆՔ ՊԱՏԵՐԱԶՄԸ»

Փետրվար 11,2010 00:00

Հատվածներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Բրիտանիայի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում հնչած ելույթից

\"\"

Եվրոպայի նորագույն պատմությունը համագործակցության միջոցով հակասությունները հաղթահարելու պատմություն է: Հայաստանը միշտ էլ հանդես է եկել հենց այդ դիրքերից: Դրան է միտված մեր քաղաքականությունը: Այդ ճանապարհով ենք մենք նաեւ պատրաստ առաջ շարժվել հայ ժողովրդի համար կարեւոր՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման ճանապարհին, մի հիմնախնդիր, որ անասելի մեծ ցավ ու կորուստներ է բերել իմ ժողովրդին:
Մենք ականատես ենք եղել ամենադաժան էթնիկ զտումների եւ տեղահանման քաղաքականության: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ազատ ապրելու իրավունքը ստիպված է եղել պաշտպանել արյան գնով՝ իրեն պարտադրված պատերազմի ընթացքում: Մենք պետք է գտնենք այնպիսի լուծումներ, որոնց իրագործումը չի բերի նոր տեղահանումների եւ նոր էթնիկ զտումների: Մենք պետք է գիտակցենք, որ Ղարաբաղի ժողովուրդը համարում է, որ արդեն կարողացել է մի կողմից՝ վերականգնել ստալինյան բռնապետության ժամանակ խաթարված պատմական արդարությունը, իսկ մյուս կողմից՝ երաշխավորել իր ֆիզիկական գոյատեւման համար անհրաժեշտ նվազագույն պայմաններ: Այս գիտակցումով է, որ մենք շարունակում ենք բանակցություններն Ադրբեջանի հետ, եւ այդ գիտակցումով է, որ մենք ընկալում ենք խաղաղության այս գործընթացն ու միջնորդական ջանքերը:
Իրականությունն այն է, որ Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս: Այն Ադրբեջանի կազմ է մտցվել Սովետական Միության կուսակցական մարմնի որոշմամբ, որի Կովկասյան բյուրոյի նիստը, քամահրելով Ազգերի լիգայի որոշումը եւ մերժելով ժողովրդական հանրաքվեն՝ որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների որոշման ժողովրդավարական մեխանիզմ, 1921 թվականին, Ստալինի անմիջական ճնշման ներքո, ընթացակարգային խախտումներով որոշում է ընդունել Լեռնային Ղարաբաղի բռնակցման մասին՝ այդ հայկական տարածքների վրա Ադրբեջանական ԽՍՀ կազմում ազգային ինքնավարություն կազմավորելու պայմանով: Այդպիսի լուծման հետ Ղարաբաղի բնակչությունն այդպես էլ չհաշտվեց խորհրդային ողջ ժամանակահատվածում: Չեմ ուզում կրկին անգամ հիշեցնել խորհրդային տարիներին Ադրբեջանի կողմից պետական մակարդակով տարվող հայաթափման քաղաքականության մանրամասների եւ ղարաբաղցիների պարբերական ընդվզումների մասին. դրանք քաջ հայտնի են բոլորին: Ուզում եմ միայն հիշեցնել, որ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը, ճիշտ այնպես, ինչպես 15 միութենական հանրապետությունները, Խորհրդային Միության կազմից դուրս է եկել հենց խորհրդային օրենքների տառին, ինչպես նաեւ միջազգային բոլոր օրենքներին ու սկզբունքներին համապատասխան: Ցանկանում եմ ամփոփել ելույթիս այս հատվածը եւ կրկնել. Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս, այն Ադրբեջանին բռնակցվել է Սովետական Միության կուսակցական մարմնի որոշմամբ, ինչի հետ ղարաբաղցիները երբեք էլ չեն հաշտվել եւ առաջին իսկ հնարավորության դեպքում օրինական ճանապարհով դուրս են եկել ԽՍՀՄ-ի կազմից:
Խնդիրը նուրբ ու զգայուն շատ կողմեր ունի: Ես հորդորում եմ բոլորին երիցս ուշադիր լինել ԼՂ հիմնախնդրի մասին հրապարակավ արտահայտվելիս, հաշվի առնել բոլոր հարթությունները, հաշվի առնել հնարավոր հետեւանքներն ու կողմերի ընկալումները եւ միշտ հենվել խնդրի մանրամասներին քաջածանոթ ու դրա խաղաղ լուծման գործում մասնագիտացված կառույցների՝ այս դեպքում ԵԱՀԿ մոտեցումների վրա: Խնդիրը լուծում ունի միայն միջազգային իրավունքի՝ ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման սկզբունքների համատեքստում: Սա այսօր արդեն գիտակցում են հիմնահարցով զբաղվող բոլոր կողմերը: Եվ չարժե որեւէ առիթով, խոսելով ԼՂ հակամարտության մասին, ընգդծված տոնայնություն տալ «տարածքային ամբողջականություն» հասկացությանը, առավել եւս, որ նույնիսկ այս հասկացության եզակիության ընդունումը ԼՂ հիմնախնդրի դեպքում ամենեւին էլ չի նշանակում այն, ինչ փորձ է անում ներկայացնել Ադրբեջանը:
Ես հռետորական հարց եմ տալիս բոլոր նրանց, ովքեր իրենց համարում են տարածքային ամբողջականության ջատագովներ. իսկ ո՞ւր էիք Սովետական Միության փլուզման ժամանակ, երբ սահմաններ էին փոխվում, ո՞ւր էիք, երբ Հարավսլավիան էր տարբաժանվում: Ինչո՞ւ եք կարծում, որ Ադրբեջանը կարող էր դուրս գալ ԽՍՀՄ կազմից, իսկ Լեռնային Ղարաբաղը չէր կարող: Ինչու՞ եք կարծում, որ մեծ կայսրությունները կարող են տարբաժանվել, իսկ փոքրերը պետք է մնան: Ո՞րն է հիմքը. անկայունությո՞ւն: Չեմ ընկալում, չեմ ընդունում. անկայունության ամենամեծ հիմքը անարդար որոշումներն են:
Ադրբեջանը սպառել է իր կազմում ինքնավար կարգավիճակով փոքրամասնությունների գոյատեւման հանդեպ վստահության պաշարը: Նա ի վիճակի չի եղել եւ այսօր էլ ի վիճակի չէ նման ինքնավարությանը նույնիսկ ներքին անվտանգության երաշխիքներ տալու: Մեկ այլ հայկական ինքնավարություն էլ կար Ադրբեջանի կազմում՝ Նախիջեւանը, ի՞նչ եղավ. մեկ հայ էլ չմնաց: Արդյոք այդպիսի երաշխիքները կարելի՞ է հիմք ընդունել: Կասեք՝ այն ժամանակվա Ադրբեջանն ուրիշ էր, հիմիկվանը՝ ուրի՞շ: Այս «ուրիշ» Ադրբեջանի պայմաններում 18 տարվա ընթացքում նույն Նախիջեւանում ավելի շատ հայկական-քրիստոնեական կոթողներ են ոչնչացվել, քան նախորդ 70 տարիների ընթացքում: Իսկ մշակութային ժառանգությունը պաշտպանող միջազգային կազմակերպություններն ուղղակի ոչինչ անել չկարողացան. նրանց Ադրբեջանը նույնիսկ այցելել եւ ավերված հայկական կոթողները, կատարված վանդալիզմի հետեւանքները տեսնել արգելեց:
Միեւնույն ժամանակ Հարավային Կովկասում շարունակվում է սպառազինությունների մրցավազքը, շարունակվում է լայն թափով: Այս մրցավազքը խիստ վտանգավոր է. վտանգավոր է Հարավային Կովկասի բոլոր ժողովուրդների համար, Եվրոպայի ու տարածաշրջանում շահեր ունեցող տերությունների համար, Կովկասում ներդրումներ կատարած կորպորացիաների համար, բոլորի համար: Սովորական սպառազինությունների համար գոյություն ունեցող բոլոր թույլատրելի չափաքանակները գերազանցող Ադրբեջանն այսօր որեւէ լուրջ գնահատականի ըստ էության չի արժանանում: Իսկ այն զենքը, որն այսօր կուտակում է Ադրբեջանը, եթե նույնիսկ չկրակի Ղարաբաղի հետ պատերազմում, ապա միեւնույն է՝ ինչ-որ տեղ կրակելու է: Հարցն այն է, թե որտեղ եւ երբ: Երբ առաջատար պետությունները մեծ գումարներ են ծախսում նավթ գնելու համար, չեմ կարծում, թե այդ երկրների համար պետք է միեւնույնը լինի, թե ինչի վրա են ծախսվում իրենց գումարները: Փաստն այն է, որ հենց այդ գումարները կարող են այնուհետեւ դառնալ շատ ավելի մեծ վտանգների աղբյուր, ինչի օրինակներ մենք տեսել ենք:
Հայաստանն ու Ղարաբաղը երբեք պատերազմ չեն սկսել ու չեն էլ սկսի: Մենք ատում ենք պատերազմը, ատում ենք ողջ հոգով եւ դրա համար մենք ունենք լրջագույն պատճառներ. մեր սերունդը ստիպված է եղել ուղիղ նայելու մահվան աչքերին, տեսել ու կորցրել է ավելին, քան կարելի է ենթադրել: Բայց մենք գիտակցում ենք, որ պետք է պատրաստ լինենք պատերազմի այն դեպքի համար, երբ ուրիշները ցանկանան դա: Եվ մենք չենք կարող աչք փակել հարեւան երկրից անընդհատ եկող պատերազմական սպառնալիքների վրա, երբ անգամ երկրի նախագահի ամանորյա ուղերձն իր ժողովրդին գրեթե ոչնչով չի տարբերվում ճակատամարտի մղող խմբապետի վարքագծից: Պատերազմի հռետորությունը Կովկասում սաստկանում է: Հայաստանը հոխորտանքներին գերազանցապես չի պատասխանում: Ինչպես Ջոն Քենեդին է նշել. «Մենք կարիք չունենք սպառնալիքներ տեղալու, որպեսզի ապացուցենք, որ հաստատակամ ենք»: Բայց դրանով հարցը չի լուծվում: Հոխորտանքը նույնպես բռնություն է, իսկ բռնությունը բռնություն է ծնում:
Զավեշտն այնտեղ է հասել, որ հարյուրավոր միլիոններ մսխող ադրբեջանական քարոզչությունը ամենուր եւ անընդհատ փորձում է ագրեսորի պիտակ կպցնել Ղարաբաղին, մարդկանց, ովքեր ստիպված են եղել զենք վերցնել բառացիորեն չբնաջնջվելու համար: Նման գործելաոճը հիշեցնում է ֆրանսիական ասացվածքը. «Այս արարածը շատ կատաղի է. հենց հարձակվում ես՝ սկսում է պաշտպանվել»: Իրականությունն այն է, որ Ղարաբաղում ապրող ժողովուրդը այսօր էլ եւ միշտ պատրաստ է լինելու պաշտպանել գոյության իր իրավունքը, պաշտպանել իր արժեքները, իր եկեղեցիներն ու խաչքարերը:
Այսօր ԼՂՀ-ն կայացած պետություն է՝ իր կառույցներով, բանակով եւ որ ամենակարեւորն է՝ սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինող քաղաքացիներով: Այսօր ի դեմս Արցախի՝ մենք, ինչպես նաեւ ողջ միջազգային հանրությունը, գործ ունենք ազատության, ինքնիշխանության եւ ժողովրդավարության իդեալները կյանքի կոչող արդիական հանրապետության հետ, որ ի հեճուկս բոլոր օբյեկտիվ եւ արհեստական դժվարությունների, ծանր փորձությունների՝ առաջընթաց է ապրում, կայացնում պետական-ժողովրդավարական ինստիտուտները, զարգացնում իր տնտեսությունն ու մշակույթը, պաշտպանում խաղաղությունը: Եվ ամենեւին էլ պատահական չէ, որ հեղինակավոր «Ֆրիդըմ Հաուս» կազմակերպությունը իր «Ազատությունն աշխարհում» զեկույցում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դասում է աշխարհի մասամբ ազատ ժողովրդավարության երկրների շարքը, մինչդեռ Ադրբեջանը, նույն դասակարգման համաձայն, համարվում է անազատ: Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են…
Եզրակացությունը միանշանակ է. անցել են սեփական հողի վրա ապրող ժողովրդի գաղութացման ժամանակները: Մեր համոզմունքն է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է հենվի մարդու իրավունքների եւ Ղարաբաղի ժողովրդի՝ որպես հավաքական ինքնության արտացոլողի կամքի վրա: Միայն այդ դեպքում լուծումը կարող է լինել տեւական, իրականանալի եւ խաղաղ: Այդպիսի լուծման այլընտրանքը Ղարաբաղի ժողովրդի համար բռնի վերադարձն է Ադրբեջանի կազմ, ինչն անխուսափելիորեն կբերի Լեռնային Ղարաբաղի հայաթափությանը: Ինչպես ասում են՝ երրորդը տրված չէ: Մանավանդ, որ վերջին 20 տարվա ընթացքում ԼՂ բնակչության ճնշող մեծամասնությունը Ադրբեջանի կողմից որակվում է որպես «հանցագործ»: Հետեւաբար, հաշվի առնելով նման այլընտրանքի հետեւանքները, մենք հստակորեն բացառում ենք որեւէ ճնշման տակ Ղարաբաղի հարցում այնպիսի զիջումների գնալը, որոնք կվտանգեն Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյությունն ու անվտանգությունը, արժանավայել ապրելու իրավունքը:
Հարգելի՛ գործընկերներ, համոզված եմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ընթացող երկխոսությունը եւ դրա ներկա ընթացքը ձեր հետաքրքրությունների շրջանակում է: Ընդհանրապես նկատել եմ, որ փորձագիտական շրջանակներն ամենուր առավել աչալրջությամբ են հետեւում ու վերլուծում այս գործընթացը: Հիշեցնեմ, որ նախագահ Գյուլին Հայաստան հրավիրելու եւ Հայաստան-Թուրքիա երկխոսությունը սկսելու իմ նախաձեռնությունն առաջին անգամ ես հնչեցրել եմ հենց փորձագետների այսօրինակ հավաքի ժամանակ՝ Մոսկվայում, ինչը մեծ արձագանք գտավ ուղղակի րոպեներ անց:
Վերջին մեկ տարվա ընթացքում մենք բավական առաջ ենք շարժվել Թուրքիայի հետ առանց նախապայմանների բնականոն հարաբերություններ հաստատելու ճանապարհին: Հայաստան-Թուրքիա հարաբերությունները մենք դիտում ենք շատ ավելի լայն՝ տարածաշրջանային եւ միջազգային համատեքստում: Վստահ եմ, որ անցել է փակ սահմանների եւ վերջնագրերի ժամանակը: Այսօրվա աշխարհի գունապնակը շատ ավելի ընդարձակ է, քան պարզապես սեւն ու սպիտակը: Մենք պետք է բոլորս գիտակցենք դա եւ ստեղծենք հնարավորություններ բնականոն շփումների, գործակցության, երկխոսության համար: Եվ դա անհրաժեշտ է անել ոչ միայն այն պատճառով, որ դրանից կշահեն Թուրքիան ու Հայաստանը, այլ որովհետեւ դրանից կշահի ողջ տարածաշրջանը, հետեւաբար եւ՝ Եվրոպան:
Հայաստանում վավերացման գործընթացն ընթանում է սահմանված կարգով եւ առանց անհարկի ձգձգումների, ինչի վկայությունն է ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը՝ սահմանված ժամկետից առավել քան մեկ ամիս շուտ: Ուշադրություն եմ հրավիրում այն փաստի վրա, որ Սահմանադրական դատարանը որոշումը կայացրել է միաձայն, առանց որեւէ հատուկ կարծիքի. մի բան, որ իսկապես շատ խոսուն է: Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշել է, որ արձանագրությունները չեն պարունակում որեւէ դրույթ, որը կարող է մեկնաբանվել որպես հակասող Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին: Այդ որոշումն այս պահին ՀՀ նախագահի նստավայրում է, եւ փաստաթղթերի ողջ փաթեթը պատրաստ է խորհրդարան ուղարկելու համար: «Չեթթըմ Հաուս»-ի այս հանդիպումից անմիջապես հետո ես պատրաստվում եմ հրահանգել իմ աշխատակիցներին Հայաստանի ու Թուրքիայի միջեւ ստորագրված արձանագրություններն ուղարկել Ազգային ժողով՝ վավերացման գործընթացն սկսելու համար:
Այսօր, այս հեղինակավոր ամբիոնից ես վերահաստատում եմ Հայաստանի Հանրապետության հետեւողական նվիրվածությունն այս գործընթացին: Վերահաստատում եմ, որ որպես խորհրդարանական մեծամասնության քաղաքական առաջնորդ՝ բացառում եմ Թուրքիայի կողմից արձանագրությունները, պայմանավորվածության համաձայն՝ առանց նախապայմանների վավերացման դեպքում, Հայաստանի խորհրդարանի կողմից դրանց վավերացման տապալումը:
Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներն անընդհատ խոսում են իրենց խորհրդարանի քաղաքական անկախության եւ դրա որոշման անկանխատեսելիության մասին: Ավելին, նրանք փորձում են ստանալ ոչ կուսակցական վավերացում՝ ապահովելով նաեւ ընդդիմադիր կուսակցությունների հնարավոր սատարումը: Դա հասկանալի է: Բայց պետք է նաեւ հիշեն, որ ի դեմս Հայաստանի՝ գործ ունեն մի երկրի հետ, որն իր հետեւողականության ճանապարհին կանգ չառավ անգամ իշխող կոալիցիայի կարեւոր դերակատարներից մեկին կորցնելու իրողության առջեւ: Վստահ եմ, որ նախագահ Գյուլն ու վարչապետ Էրդողանը, քաղաքական կամքի դրսեւորման պարագայում, կգտնեն բավականաչափ աջակցություն Թուրքիայի խորհրդարանում մեծամասնություն կազմող իրենց կուսակիցների շարքերում:
Մենք վստահ ենք, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կարող է դառնալ վերջին տասնամյակների խոշորագույն ներդրումը Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատման գործում: Այդ տեսլականով առաջնորդվելով՝ մենք համաձայնել ենք ընթանալ առաջ առանց նախապայմանների՝ չպայմանավորելով մեր հարաբերությունները Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հանգամանքով: Բայց եթե հաստատվեն մեր կասկածները, որ Թուրքիայի նպատակը ժամանակ ձգձգելն է եւ ոչ թե հարաբերությունները կարգավորելը, ապա ստիպված ենք լինելու դադարեցնել այս գործընթացը:
Չեմ կարող ասել, թե գործընթացը մինչ այս պահը հեշտ է ընթացել: Գաղտնիք չէ, որ Թուրքիայից անընդհատ հնչել են նախապայմաններ՝ կապված ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ: Մինչդեռ ակնհայտ է, որ երկու գործընթացները կապելու փորձերը կվնասեն թե՛ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, թե՛ ԼՂ հիմնախնդրի շուրջ ընթացող բանակցային գործընթացին: Միեւնույն ժամանակ ես կարծում եմ, որ որպես գործելու եւ լուծումներ գտնելու ուղեցույց, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների արագ կարգավորումը կարող է դրական լիցքեր տալ եւ ուղեցույց հանդիսանալ ղարաբաղյան կարգավորման գործընթացին:
Ավելին ասեմ, ես ինքս եմ պատրաստվում հրավիրել նախագահ Ալիեւին Հայաստան-Թուրքիա սահմանի հնարավոր բացման արարողությանը: Դա, իմ կարծիքով, կարող է լինել տարածաշրջանի համար շատ կարեւոր եւ ինչ-որ տեղ նաեւ օրինակելի միջոցառում, որն ակնառու կերպով ցույց կտա, թե ինչպես պետք է լուծվեն առկա խնդիրները, որ յուրաքանչյուր, նույնիսկ ամենակարծրացած հակամարտություններն ունեն լուծման ուղի, եւ այդ ուղին միայն բանակցություններն են ու իրականությունը բաց աչքերով տեսնել կարողանալը: Վստահ եմ՝ ԼՂ հիմնախնդրի լուծմանն օժանդակելու լավագույն հնարավորությունը սեփական երկրի օրինակով ցույց տալն է, որ խնդիրները կարո՛ղ են լուծվել եւ հսկայական օգուտներ բերել ողջ տարածաշրջանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել