ՍԴ որոշումից հետո Թուրքիայի եւ Հայաստանի պաշտոնյաները երկուստեք հանդես եկան բավական ջղագրգիռ հայտարարություններով: Մասնավորապես՝ իշխող կուսակցության խոսնակը Թուրքիայի վարչապետին համեմատեց գյուղատնտեսի հետ, նաեւ կասկած հայտնեց, թե պրն Էրդողանը «տառապում է հիշողության կորստով»: Մինչդեռ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ եթե նույնիսկ հայ-թուրքական գործընթացը ձախողվի՝ Հայաստանը դրանից դուրս է գալու շահած: Ուստի հարց է առաջանում, թե հավանական շահող կողմն ինչո՞ւ է այժմ, երբ առկա է ձախողման վտանգ՝ այդպես ջղային արձագանքում: Երեկ «Հայացք» ակումբում հյուրընկալված ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն «Առավոտի» այս հարցադրմանն ի պատասխան ասաց. «Ըստ ամենայնի՝ նախագահը նկատի ուներ, թե Հայաստանը շահած դուրս կգա, քանի որ ամբողջ աշխարհին ակնհայտ կդառնա, որ գործընթացը ձախողվեց թուրքական կողմի պատճառով: Դա այդքան էլ ակնհայտ չէ, եւ ես կարծում եմ, որ եթե գործընթացը բերի կողմերի միջեւ է՛լ ավելի մեծ լարվածության, ապա ոչ մի կողմն էլ շահած դուրս չի գա: Բայց այդ մասին պետք էր մտածել գործընթացը սկսելիս: Այդ նախաձեռնողական քաղաքականությունը սկսելիս պետք էր հնարավորությունը տեսնել նաեւ ա՛յս տեսակի զարգացման, որը, ցավոք, չի արվել: Եվ դա է հենց պատճառը, որ մենք այդ ամբողջ գործընթացը համարում ենք ի սկզբանե սխալ, սխալ ուղղությամբ տանող ու բավականին վտանգավոր»:
Վահան Հովհաննիսյանը նաեւ նշեց, թե չի ցանկանում համեմատել թուրքական կողմի ջղագրգռությունն ու մեր պաշտոնյաների արտահայտությունները. «Հայկական կողմի ջղայնությունն արդարացված է, որովհետեւ մեզ փորձում են խաբել: Նրանց ջղայնությունն էլ նրանից է գալիս, որ նրանց չի հաջողվում խաբել: Այդպես արդար, հավասար բալանսի խնդիր այստեղ չկա: Ես Հայաստանի՛ կողմն եմ այս վեճի մեջ»: