Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երեք կողմից «սխալ հանեց»

Փետրվար 11,2010 00:00

\"\"Օմբուդսմեն Արմեն Հարությունյանը պատասխանեց Գրիգոր Ամալյանին

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանին փետրվարի 9-ին լրագրողները հարց էին ուղղել, որում հիշատակել էին նաեւ մարտի 1-ի մասին մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի արտահերթ զեկույցը: Ըստ lragir.am-ի, ի պատասխան Գրիգոր Ամալյանը հորդորել էր, որ ավելի լուրջ զեկույցների մասին խոսեն, ու նաեւ Պաշտպանի զեկույցը որակել էր որպես հասարակական կազմակերպության մակարդակի զեկույց: Երեկ լրագրողներն այդ մասին հարցրել են Մարդու իրավունքի պաշտպանին: Արմեն Հարությունյանը նշել է, թե մամուլից է ծանոթացել Գրիգոր Ամալյանի արտահայտություններին: «Իհարկե, պետք է բոլորի նկատմամբ տոլեռանտ լինել, բայց տոլեռանտությունն էլ պետք է միակողմանի չլինի: Ես պարզապես խորհուրդ կտայի Ամալյանին, որ այդպիսի մի անլուրջ փաստաթուղթ էլ  իր բնագավառի վերաբերյալ ընդուներ: Միգուցե հետո հետադարձ հայացք կգցեր ու կզգար, որ կյանքում գոնե մի բան արել է: Որովհետեւ կարելի է ընդհանրապես ոչինչ չանելով էլ կյանքի կոնցեպցիա ընտրել: Դա էլ է ֆունկցիա: Բայց այդ ոլորտի վերաբերյալ միգուցե փաստաթղթի կարիք կար էլ»,- ասում է Արմեն Հարությունյանը: 
Նա նաեւ նշել է, թե Ամալյանի արտահայտությունը ճիշտ չէ նաեւ էթիկայի եւ գրագիտության տեսանկյունից, որովհետեւ մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովն իր զեկույցը կազմելիս օգտվել է եւ հիմնվել նաեւ օմբուդսմենի մարտի 1-ի մասին զեկույցի վրա: 
«Եվ երրորդը նաեւ, որ էթիկայի կանոններից դուրս է, ՀԿ-ները հասարակության ներկայացուցիչներ են: Ես դա պատիվ եմ համարում, որ մեր զեկույցը հասարակական կազմակերպության որեւէ զեկույցի մակարդակի է: Ուրեմն մենք հասարակության ձայնը լսում ենք եւ կարողանում ենք նրա հետ ներդաշնակ լինել, որովհետեւ հասարակական կազմակերպությունները քաղաքացիական հասարակության կազմակերպված մասն են: Նրանց նկատմամբ անլուրջ վերաբերմունքը ցույց է տալիս հասարակության նկատմամբ անլուրջ վերաբերմունք»,- ասում է Արմեն Հարությունյանը:
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, երեկ Արմեն Հարությունյանը նաեւ լրագրողներին հայտնեց, որ անձամբ է ուսումնասիրում 7 տարվա ազատազրկման դատապարտված  «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ համաներում կիրառելու հնարավորության հարցը: Ըստ օմբուդսմենի, իրենց փորձագետների կարծիքը այս հարցում միանշանակ չէ. մի մասը պնդում է, որ համաներումը տարածվում է «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեղադրանքով դատապարտված Փաշինյանի վրա, մյուս մասը համոզված է, որ չի տարածվում: Այդուհանդերձ, պարոն Հարությունյանը  շեշտել է. «Օրենքի տառն է պահանջում, որ եթե բովանդակության նկատմամբ միանշանակ վերաբերմունք չկա, տարակարծություններ կան, ապա այդ հակասությունները պետք է մեկնաբանվեն ոչ թե հօգուտ պետական ինստիտուտների, այլ  հօգուտ քաղաքացու»:
Նա անդրադարձել է նաեւ ԵԽԽՎ-ում Շվեդիայի պատվիրակության ղեկավարի կողմից 20 ստորագրություններով շրջանառության մեջ դրված այն նախագծին, որում նշվում է, որ 2008-ի մարտին Հայաստանում իրականացվել է պետական հեղաշրջում՝ բանակի օգտագործմամբ: Նախագիծը առաջացրել էր հատկապես իշխանական ճամբարի դժգոհությունը: «Մենք ոչ թե պետք է նեղանանք, որ դրսում այդպիսի փաստաթղթեր են ձեւակերպվում, այլ նեղանանք մեզանից, որ մինչ օրս բոլոր պատասխանները չենք կարողացել տալ»,- հայտարարել է Արմեն Հարությունյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել