Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՈՐՈՇԱԿԻ ԲԵԿՈՒՄ ԿԼԻՆԻ»

Փետրվար 11,2010 00:00

Կարծում է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության փոխարինող կազմի անդամ, ԲՀԿ-ական պատգամավոր Արմեն Մելիքյանը:

– ԵԽԽՎ հայկական պատվիրակության փոխարինող կազմում եք եւ հունվարյան նստաշրջանին դուք եւս չմասնակցեցիք, ինչպես մյուս փոխարինողները, կարծում եք արդարացվա՞ծ է ԵԽԽՎ նիստերին փոխարինողների չգնալու որոշումը:
– Ես չէի ցանկանա գնահատական տալ արդեն կայացված որոշումներին:Պատվիրակության ղեկավարը նպատակահարմար է գտել, որ այս անգամ կմեկնի հիմնական կազմը, քանզի նստաշրջանի օրակարգում Հայաստանին առնչվող կոնկրետ հարց չի եղել:Այստեղ ինքս որեւէ արտառոց բան չեմ տեսնում:
– Շվեդ պատգամավոր Գորան Լինբլանդը ԵԽԽՎ-ում բանաձեւի նախագիծ է դրել շրջանառության մեջ, որի տակ ստորագրել են Վեհաժողովի երկու տասնյակից ավելի պատգամավորներ:Եթե բանաձեւը զեկույցի տեսք ստանա, դա նշանակում է, որ լիագումար նիստում կրկին քննարկվել է Հայաստանի հարցը՝ այս անգամ մարտի 1-2-ի դեպքերին բանակի մասնակցության համատեքստում:Ինչպե՞ս եք գնահատում սա:
– ԵԽԽՎ ցանկացած պատգամավոր կարող է որոշակի թվով ստորագրության դեպքում ցանկացած բովանդակության բանաձեւի նախագիծ դնել շրջանառության մեջ:Եվ եթե հաշվի առնենք, որ Լինբլանդը ԵԽԽՎ այն պատգամավորներից է, որոնք բոլոր քննարկումների ժամանակ հստակ եւ բացահայտ պաշտպանում են ադրբեջանական տեսակետը, կարծում եմ, շատ բան հասկանալի կդառնա:Որպես ԵԽԽՎ պատգամավոր, կարծում եմ, որ նոր զեկույց՝ տվյալ բանաձեւի հիման վրա, չի լինի, քանզի Հայաստանի հարցով համազեկուցողները մանրակրկիտ ուսումնասիրել են մարտի 1-2-ի խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը, վստահ եմ, տեղյակ են նաեւ պաշտպանության նախարարության պարզաբանումներին՝ բանակի մասնակցության հարցով:Եվ դա է պատճառը, որ օրերս հրապարակած իրենց հայտարարության մեջ կոչ են արել Հայաստանի իշխանություններին՝ հնարավորինս արագ կյանքի կոչել խորհրդարանական Ժամանակավոր հանձնաժողովի զեկույցում արված առաջարկները:Դրանց կատարման ընթացքը մշտադիտարկման է ենթարկում, ինչպես գիտեք, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքային խումբը, որն էլ արդեն մի շարք նիստեր է անցկացրել, եղել են առաջարկներ, եւ գործն ընթացքի մեջ է:
– Առաջիկայում Հայաստանի հարցով համազեկուցողները գալու են Հայաստան:Նրանք ակնկալում են, որ մինչեւ մարտի 17-ը՝ մոնիտորինգի հանձնաժողովի նիստը, մեր երկիրը առաջընթաց կարձանագրի այն խնդիրներում, որոնք իրենց զեկույցում բարձրացրել են:Կարծում եք հնարավո՞ր է երկու ամսում արդարադատության կամ ոստիկանության համակարգերում բարեփոխումներ կատարել:
– Բնականաբար՝ ոչ:Բայց որ այդ համակարգերում բարեփոխումներն անհրաժեշտ են եւ խնդիրներ կան, այդ մասին անդրադարձ կար նաեւ հունվարյան նստաշրջանում քննարկվող զեկույցներից մեկում, որը վերաբերում է արդարադատության համակարգում առկա կոռուպցիային:Որոշակի բեկում այդ ոլորտներում անպայմանորեն պիտի լինի, ինչը թույլ կտա բարձրացնել հանրության շրջանում վստահությունն այդ ոլորտների հանդեպ:Ի վերջո, մենք չպետք է մոռանանք, որ ԵԽ անդամ ենք, ստանձնել ենք բազմաթիվ պարտավորություններ, որոնք պիտի կատարենք՝ ի շահ մեր երկրի առավել ժողովրդավարացման:
– Որպես ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության եւ ընտանիքի հարցերի հանձնաժողովի անդամ, ի՞նչ խնդիրներ եք պատրաստվում բարձրացնել հանձնաժողովի մարտյան նիստում:
– Խնդիրները բազում են, որոնք անպայմանորեն անհրաժեշտ է հնչեցնել նման ամբիոններից, քանզի մեր հարեւան Ադրբեջանը ցանկացած հանձնաժողովում փորձում է ցանկացած նախագծի քննարկման ժամանակ սեփական հետաքրքրություններն ու շահերը ներկայացնող առաջարկներ անել:Որպես ԵԽԽՎ պատվիրակ, ես բարձրացնելու եմ բնապահպանական, հումանիտար, սոցիալական բնույթի հարցեր, որոնք տարածաշրջանային հետաքրքրություն են ներկայացնում եւ մշտապես խոչընդոտվում են՝ Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել