Ամփոփվեցին «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխության արդյունքները: Մրցույթի հաղթողներն են. «Գեղարվեստական գրականություն» անվանակարգում Հրաչյա Թամրազյանը՝ «Մայր Հղացք» բանաստեղծությունների ժողովածուի համար, «Գեղանկարչություն» անվանակարգում Սրապիոն Դանիելյանը՝ «Գաղթ» գեղանկարի համար, «Քանդակ» անվանակարգում Լեւոն Թոքմաջյանը՝ «Վահան Թեքեյան» բրոնզե քանդակի համար, «Ռադիո եւ հեռուստատեսություն» անվանակարգում Լուսինե Նազարյանը՝ «Արմատներ» հաղորդաշարի համար, «Երաժշտություն» անվանակարգում Վահրամ Բաբայանը՝ «Լարային կվարտետ թ.7» ստեղծագործության համար, «Սոցիալ-քաղաքական երգիծանք» անվանակարգում Սամվել Բաղդասարյանը՝ «Ականջդ կանչի, Մայր Հայաստան» ներկայացման համար, «Թատրոն» անվանակարգում Նարինե Մալյանը՝ «Պատմություններ գնացքում» ներկայացման համար, «Ազգ» օրաթերթում լավագույն հրապարակում» անվանակարգում «Ազգի» լրագրող Մելանյա Բադալյանը՝ 2008-ին լավագույն մշակութային հրապարակումների համար եւ վերջին՝ «Արա Մարալ» մանկապատանեկան ստեղծագործություններ» անվանակարգում «Ագուլիս» թատրոնի ղեկավար Երվանդ Մանարյանը՝ 2007-2008 թվականների աշխատանքների համար:
Մրցանակակիրներն արժանացան $1000-ի համարժեք դրամի եւ ստացան հուշագրեր: Լ. Թոքմաջյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ Թեքեյան մրացանակով իր երկար տարիների վաստակի գնահատանքն ու արժեքավորումն է ստանում, ապա ընդգծեց, որ այս անգամ չստացվեց այնպես, ինչպես ասում է ժողովուրդը՝ գնա մեռի, արի սիրեմ, իսկ վերջում մեջբերեց Վ. Թեքեյանի խոսքերը. «Մնաց ինձ այն, ինչ ես տվեցի ուրիշներին»: