ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանի կարծիքով՝ վերջին 20 տարիներին Հայաստան-Իրան հարաբերություններում ամենամեծ ձեռքբերումը նախորդ տարի Իրանի նախագահի այցն էր Հայաստան եւ այցի շրջանակում ձեռք բերված երկաթգծի կառուցման ծրագրի համաձայնությունը. «Երկաթգծի ու ճանապարհի կառուցումը մեզ ուղղակիորեն կկապի Պարսից ծոցի հետ, եւ սա մեծ քաղաքական, տնտեսական եւ ստրատեգիական նշանակություն ունի, որը, հույս ունեմ, կիրականացվի»:
Երեկ ՄԱԱ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարոն Ասատրյանը նշեց, որ ի տարբերություն քաղաքական-տնտեսական սեկտորի՝ Հայաստան-Իրան հարաբերություններում զարմանալիորեն գրեթե տեղ չեն գտնում մշակութային, գիտական-կրթական սեկտորները. «Մշակույթի բնագավառում համարյա թե չկան համատեղ ծրագրեր, գիտական կապերն էլ հիմնականում կառուցված են անձնական հարաբերությունների վրա, բայց ինստիտուցիոն կապեր չկան. այս բացթողումների ուղղությամբ պետք է առաջիկայում աշխատենք, իսկ ընդհանրապես հայ-իրանական կապերը մեծ պոտենցիալ ունեն»: Հայկական բուհերի դիպլոմների չընդունումը Իրանում պարոն Ասատրյանը համարում է այնտեղ առկա հակահայկական ուժերի ձեռքբերումը. «Հակահայկական ուժերը հասան իրենց տարիների բաղձանքին, եւ անցած տարեվերջին Իրանի ԿԳ նախարարությունը անակնկալ հայտարարեց, որ իրենց երկրում հայկական դիպլոմները չեն անցնում, մինչդեռ զարմանալի կերպով վրացականն ու ադրբեջանականը շարունակում են գնահատվել ու ընդունվել»: Պարոն Ասատրյանը բացատրություն չի տեսնում, թե այդ ինչպես է Իրան մեկնող ադրբեջանցիների մուտքն առանց վիզայի, իսկ իրանցիների մուտքը Ադրբեջան՝ միայն վիզայով. «Այս հարցերում տարակուսանք կա, իսկ պատճառները ոչ ոք չգիտի»: Պարոն Ասատրյանը, այնուամենայնիվ, ընդգծում է, որ Հայաստան-Իրան հարաբերություններում վերջին տարիների ձեռքբերումները ակնհայտ են. «Հայաստանը մշտապես օգտվել է Իրանի պաշտպանությունից, Իրանը իսլամական լիգիայի պետություններում մշտապես պաշտպանել է Հայաստանին, իսկ ԼՂ հակամարտության հարցում նրա չեզոք դիրքորոշումն արդեն մեծ ձեռքբերում է»: Իրանը, պարոն Ասատրյանի գնահատմամբ, ոչ միայն տնտեսապես զարգացած երկիր է, այլեւ երիտասարդության, բարձրագույն կրթության երկիր է՝ «այնտեղ համալսարանների թիվը հասնում է մոտ 1000-ի»: