Լրահոս
Օրվա լրահոսը

Շեքսպիրը՝ կաթոլի՞կ

Փետրվար 10,2010 00:00

Հռոմում բրիտանական կաթոլիկ ճեմարանի՝ «Պատվարժան անգլիական կոլեգիայի» փոխռեկտոր, հոգեւորական Էնդրյու Հիդոնը գտնում է, որ Ուիլյամ Շեքսպիրը եղել է կաթոլիկ: Այդ մասին հայտնում է «Times»-ը:
Ուսումնասիրողներն առաջներում էլ են նման ենթադրություններ արել, սակայն Հիդոնը համոզված է, որ ունի պատմական վկայություններ դրամատուրգի՝ ոչ միայն կաթոլիկ եկեղեցուն պատկանելության, այլեւ Հռոմում լինելու մասին:
Խոսքն Անգլիական կոլեգիայի հյուրերի գրքում եղած այն 3 գրառումների մասին է, որտեղ կան տարօրինակ անուններով ստորագրություններ. «Arthurus Stratfordus Wigomniensis» (1585), «Gulielmus Clerkue Stratfordiensis» (1589) եւ «Shfordus Cestriensis» (1587): Հիդոնի կարծիքով՝ այդ ստորագրությունները պետք է հասկանալ որպես ծածկագրված անուններ՝ «Արթուր թագավորի հայրենակից Ստրատֆորդից (Վուսթերի թեմում)», «Հոգեւորական Ստրատֆորդից՝ Ուիլյամ» եւ «Շեքսպիր՝ Ստրատֆորդից (Չեսթերի թեմում)»: Բոլոր 3 գրառումներն էլ համընկնում են Շեքսպիրի կորած տարիներին, այսինքն՝ այն շրջանին, որոնց մասին գիտնականներին ոչինչ հայտնի չէ: Շեքսպիրը հեռացել է Ստրատֆորդից՝ 1585թ., Լոնդոնում հայտնվել միայն 1592թ.:
Հիդոնը համոզված է, որ Շեքսպիրը եղել է գաղտնի կաթոլիկ եւ իր հավատակիցներից շատերի նման Հռոմում թաքնվել Ելիզավետա թագուհու հետապնդումների առաջին տարիներին:
Ներկայումս Անգլիական կոլեգիայում ընթանում է ցուցահանդես, որում ներկայացված են Շեքսպիրի՝ Հռոմում գտնվելու մասին ենթադրվող վկայություններով էջերի կրկնօրինակներ:
Շեքսպիրի կենսագրությունն ուսումնասիրող Հիլդեգարդ Համերշմիտդ-Հումմելը վերջերս հրատարակած գրքում համաձայնել է տեսությանը՝ այն մասին, որ մեծ դրամատուրգը կաթոլիկ է եղել, եւ որ նրա կրոնը նրա ստեղծագործության ընկալման բանալին է: Կան վկայություններ այն մասին, որ կաթոլիկ են եղել Ուիլյամի ծնողները, ուսուցիչները եւ նրա հովանավոր Սաութհեմփթոնի կոմսը, ով հետապնդումներից թաքցրել է կաթոլիկ հոգեւորականներին: Այդ տեսության կողմնակիցներն իրենց իրավացիության ապացույցն են համարում Շեքսպիրի պիեսները, որոնցում երեւում է, որ հեղինակը ծանոթ է կաթոլիկների սովորույթներին եւ կրոնական հայացքներին: Շեքսպիրի պիեսներից հինգի գործողությունները տեղի են ունենում Իտալիայի տարբեր քաղաքներում, եւս հինգինը՝ ամբողջությամբ կամ մասամբ Հռոմում, եւ եւս երեքինը՝ Սիցիլիայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել