Հակառակ եղանակային կամակորություններին եւ հուրախություն հատկապես մարզասեր լոռեցիների՝ այս տարի էլ Վանաձորի քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի եւ սպորտի բաժինը իսկական տոն նվիրեց տեղացիներին՝ կազմակերպելով «Լոռվա ձմեռ-2010» 40-րդ ավանդական մարզատոնահանդեսը: Ամանորից հետո սա երկրորդ սիրելի տոնն է լոռեցիների համար:
Նշենք, որ «Լոռվա ձմեռի» պատմությունը սկսվում է դեռեւս 1968 թվից, իսկ ավանդույթը խախտվել է ընդամենը 2 անգամ՝ 88-ի երկրաշարժի, մեկ տարի էլ՝ սակավ ձյան պատճառով: Այս տարի եւս Թեժ լեռան հովիտը մարդաշատ էր: Ըստ միջոցառման կազմակերպիչների՝ ուրախալի է հատկապես այն, որ տարեցտարի տոնն ավելի մեծ մասշտաբներ է ստանում եւ վաղուց դադարել է մարզային միջոցառում համարվել: «Լոռվա ձմեռ-2010»-ին՝ հյուրեր կային Երեւանից, Ծաղկաձորից եւ ՀՀ այլ մարզերից: Ամեն տարվա նման տոնը մեկնարկեց օլիմպիական ջահի այրման արարողությամբ: Միջոցառման ընթացքում դահուկավազք, պարանի ձգում, ձնեմարդի պատրաստում, ձնագնդի նետում, սահնակով վայրէջք, մինի ֆուտբոլ ձյան վրա, ազգային կոխ եւ այլ մրցումներ անցկացվեցին, իսկ հաղթողները քաղաքապետարանի կողմից պարգեւների արժանացան: Մրցավարն էր հանրապետական կարգի մրցավար Սարգիս Չիլինգարյանը: Ուշագրավ էր հատկապես ՎՊՄԻ-ի կողմից ներկայացված՝ ճգնաժամից ուշագնաց եղած ձնեմարդը:
Առաջնային նպատակի մասին խոսելիս էլ՝ Վանաձորի քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի եւ սպորտի բաժնի պետ Գուրգեն Գեւորգյանը կարեւորեց ձմեռային սպորտաձեւերի զարգացման խթանումը, Լոռվա աշխարհի մարզական ոգին բարձր պահելը եւ ամեն տարի ձմռան ցրտաշունչ օրերից մեկն իսկական տոն դարձնելու՝ լոռեցու պատրաստակամությունը: «Եղանակն իդեալական էր այսօր՝ չնայած մեր մտավախությանը»,- ասաց Գ. Գեւորգյանը: