Վանաձորցի գեղանկարիչ Արտյոմ Բասենցին՝ իր եւ արվեստագետի կերպարի մասին
Վանաձորցի գեղանկարիչ Արտյոմ Բասենցու արվեստանոցը գտնվում է քաղաքապետարանի նախկին տնակներում, ուր հետերկրաշարժյան առաջին տարիներին գործում էր Վանաձորի քաղաքապետարանը: 25-ամյա նկարչի արվեստանոցը համեստ մի սենյակ է, որտեղ, մի քանի արվեստանոցում ստեղծագործելուց հետո, արդեն 3-4 ամիս է՝ աշխատում է Արտյոմը: Նրա արվեստին գեղանկարչության երկրպագուները հաղորդակցվել են այս տարիներին կազմակերպված շուրջ երկու տասնյակ խմբակային եւ երկու անհատական ցուցահանդեսների միջոցով:
«Նկարչությունն այն բնագավառն է, որտեղ, անկախ քո կամքից, արդեն ընտրված ես,- իր նկարիչ դառնալն այսպես է բացատրում Ա. Բասենցին, ում մոտ արվեստի հանդեպ սերը եւ արվեստագետի գենը ժառանգաբար են փոխանցվել:- Մարդիկ կան՝ ուզում են արվեստագետ դառնալ, շատ ջանք են թափում, չարչարվում, մեկ էլ՝ կես ճանապարհից հետ են դառնում»:
Արվեստագետներից շատերին հատուկ ոչ սթափ վիճակում ստեղծագործելու մասին նա սեփական տեսակետն ու մոտեցումն ունի. «Եթե 3 գավաթ օղի խմած լինեմ, կյանքում կտավի առջեւ չեմ նստի. օղին մթագնում է մարդու ուղեղը»,- համոզված է նկարիչը՝ բնավ դեմ չլինելով գինի օգտագործելուն: Փորձե՞լ է արդյոք հարբած նկարել, եթե այո՝ ինչպե՞ս է ստացվել: «Ընդհանրապես՝ լավ… բայց եթե դու անընդհատ նկարում ես խմած վիճակում, ուրեմն նույն վիճակում պիտի լինի նաեւ նկարը նայողը…»,- կես կատակ-կես լուրջ ասում է Արտյոմը:
Ինչո՞վ է պայմանավորում մեր օրերի մտավորականի կերպարի հանդեպ ժամանակակից երիտասարդության ոչ միանշանակ, երբեմն նույնիսկ քամահրական վերաբերմունքը: «Առաջին հերթին դա գալիս է ընտանիքից, դպրոցի մեղքն էլ կա, իսկ ամենամեծ մեղավորը պետությունն է, որ այսօր դպրոցներում չեն անցնում նկարչություն առարկան, եթե անգամ անցնում էլ են՝ դասաժամը վստահում են ֆիզկուլտուրայի ուսուցչին: Ասում՝ դե ժամ է, էլի, անցկացրու գնա»,- նեղսրտում է մեր զրուցակիցը: Արտյոմն այլ պատճառներ էլ է տեսնում. «Էսօր նկարիչը դարձել է մուրացկան. ստիպված խնդրում է էս ու էն օլիգարխին՝ ցուցահանդեսը հովանավորի, կտավ գնի, ինչը շատ ցավալի է…»:
Ա. Բասենցին պատիվ է ունեցել ստեղծագործելու մեր ժամանակների լոռեցի մեծ արվեստագետներից մեկի՝ գեղանկարիչ Խաչիկ Ղարաբեկյանի արվեստանոցում: «Երբ պատրաստվում էի Երեւանում կայանալիք առաջին անհատական ցուցահանդեսիս (2006 թ.), կտավներս նայելու եւ խորհուրդ հարցնելու նպատակով վարպետին հրավիրեցի մեր տուն,- ասում է երիտասարդ նկարիչը, ում մեկ սենյականոց բնակարանն այդ ժամանակ նաեւ արվեստանոցն էր:- Այցից մոտ երկու ամիս անց վարպետը կանչեց եւ, տրամադրելով իր արվեստանոցի բանալին, ասաց, որ կարող եմ ժամանակավորապես այնտեղ ստեղծագործել: Սկզբում ամաչում էի, բայց մաեստրոն պնդեց, ուրախությամբ համաձայնեցի»: Արտյոմը պատմում է, որ այդ շրջանում իր մեջ խոսել է արվեստագետի պատվախնդրությունը, գիտակցումը, որ պիտի արդարացնի Խ. Ղարաբեկյանի հույսերն ու սպասելիքները:
Արտյոմի կինը՝ Քրիստինե Ասլանյանն էլ նկարչուհի է, ամուսնու հետ սովորել են նույն բուհում: Քրիստինեն զբաղվում է դեկորատիվ արվեստով: «Երբ որոշեցի ընտանիք կազմել, ցանկանում էի, որ կողակիցս գոնե արվեստասեր լինի: Լավ է, որ Քրիստինեն նույնպես արվեստի մարդ է»,- ասում է Արտյոմը: