Լրահոս
Օրվա լրահոսը

Տերյանական տարին մեկնարկեց

Փետրվար 10,2010 00:00

Տերյանի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառումների շարքն արդեն մեկնարկել է: Երեկ Կոմիտասի անվան այգու պանթեոնում տերյանական տարվա մեկնարկը համախմբել էր մշակույթի գործիչներին ու նրա արվեստը սիրող ու գնահատող մարդկանց: Տերյանին նվիրված հանդիսությունը սկսեցին բանաստեղծի անունը կրող դպրոցի սաները՝ Տերյանի բանաստեղծություններով ու դրանց հիման վրա գրված երգերով: Բանաստեղծի ստեղծագործական առանձնահատկություններն առանձնացնելով՝ ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանն ասաց, որ Վահան Տերյանն իր ստեղծագործությամբ նոր ազդակ ու լիցք է հաղորդել հայ գրականությանը. «Նա ճոխացրեց մեր արքայական լեզուն, առանձնացավ ստեղծագործական ուրույն ոճով, սերունդներ են անցել ու կանցնեն, բայց Տերյանին շարունակում են սիրել ու կարդալ, նրա կանթեղը շարունակում է վառ մնալ»: «Վ. Տերյան» մշակութային միության նախագահ Առուշան Հակոբյանն էլ նշեց, որ բանաստեղծը դեռ 6 տարեկանում ցույց տվեց իր ստեղծագործական ձիրքը, երբ հայրենի Ջավախքի մասին գրեց իր առաջին բանաստեղծությունը. «Փոքր հասակից Տերյանը հարթեց իր ուղին եւ նոր ճանապարհ: Նա նոր ուղղություն ու հիմք դրեց հայ գրականության մեջ, իսկ ընդամենը մի քանի մամուլ ծավալով նրա «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն դարձավ շրջադարձային: Մեծ հանճարը, թողնելով մեծ ավանդ, մեզնից միայն մի բան խնդրեց՝ բարով հիշեք ինձ ձեր սրտում…»:
Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանի համար էլ Տերյանը միայն անդուլ մտավորական չէ. «Նա ինձ համար սուրբ եկեղեցի է, որը միայն վերանորոգելով չեն վերջացնում, այնտեղ պետք է մշտապես մոմեր վառել»:
Բանաստեղծի թոռ Գրիգոր Էմին-Տերյանն ասաց, որ բանաստեղծություն գրելու համար առանձնահատուկ ունակություն է անհրաժեշտ, իսկ ինքը գրելու փորձ երբեւէ չի կատարել. «Ես մաթեմատիկոս եմ, բայց լրագրող եմ դարձել: Բացի պապիկիս գրած սիրո բանաստեղծություններից, որոնք մինչեւ հիմա էլ սեր բացատրելիս կիրառում են, սիրելի են նաեւ նրա հայրենասիրական բանաստեղծությունները… նրա լիրիկան հիվանդություններ բուժելու գաղտնիք ունի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել