Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԱԼՅԱՆԸ ԳՈՎԵՑ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

Փետրվար 10,2010 00:00

\"\"Բայց չկարողացավ հստակ պատասխաններ տալ լրագրողական հարցադրումներին

Երեկ կայացավ ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանի ասուլիսը՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված՝ օրերս հրապարակված չափորոշիչների թեմայով: Նա նախ ներկայացրեց, թե ինչու նախագիծը հանրության դատին ներկայացվեց միայն վերջերս. «Պիտի նայեինք, թե որքան ցցուն եւ երեւութական էին դարձել խնդիրները՝ բովանդակության իմաստով եթերում: Մեր մոտեցումն այս էր՝ փորձ անել ոչ թե իր իրավասության շրջանակում միանձնյա 8 անձով սահմանել չափորոշիչներ, այլ թույլ տալ, որ հանրությունն ինքը դրսեւորի իր բարոյական պահանջը՝ հեռուստաեթերի բովանդակության նկատմամբ: Հիմնական մեր պահանջն անչափահասների պաշտպանությունն էր եթերում»:
Լրագրողական հարցերը վերաբերում էին մասնավորապես չափորոշիչների 3-րդ կետի բ ենթակետին, ըստ որի՝ արգելվում է պատմական իրողությունների եւ ներկա իրականության խեղաթյուրված, ոչ համարժեք ներկայացումը:
Հարց հնչեց՝ ո՞վ պետք է որոշի՝ պատմությունը խեղաթյուրվա՞ծ է, թե՞ ոչ, եթե մի հաղորդման մեջ ըստ Լեոյի է ներկայացվում պատմությունը, մեկ ուրիշ տեղ՝ ըստ մեկ այլ պատմիչի: ՀՌԱՀ նախագահը պատասխանեց. «Կորոշի բնականաբար հանձնաժողովը, որովհետեւ պետական միակ մարմինը, որն իրավասու եւ լիազորված է այս պահին որոշում կայացնել՝ խախտվե՞լ է չափորոշիչը, թե՞ ոչ, հանձնաժողովն է»:
Արդյո՞ք չափորոշիչները գրաքննություն են ներմուծում: «Բացարձակապես ցենզուրայի մոտեցում չկա եւ որդեգրված չէ, ուղղակի օրենսդրորեն հրապարակված են՝ ի՞նչ չի կարելի անել: Հեռուստաընկերությունները ենթադրում են, որ ողջամտության կանխավարկածով գիտեն՝ ինչ անել չի կարելի, նրանք զերծ են մնում… Դուք ո՞նց եք պատկերացնում՝ մենք Հայաստանի մի քանի տասնյակ հեռուստաընկերությունների հաղորդումները սկսենք նախապե՞ս դիտել… Տարօրինակ ձեւով լսում ես՝ քաղաքական լծակ կդառնան եւ այլն: Այսինքն՝ քաղաքական լծակն էսպես եք ընկալում, հա՞: Եթե 12-ից հետո էդ ամեն ինչը կարելի է, բայց մինչեւ 12-ը՝ ոչ, քաղաքական արգելք կամ լծակ էր դառել: Այսինքն՝ ի՞նչ, ձեր քաղաքական լսարանը անչափահասնե՞րն էին»,- պատասխանեց Ամալյանը:
«Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հարցը ռադիոյում էրոտիկ հաղորդումներին էր վերաբերում. «Զավեշտի է հասնում ռադիոհաղորդումներում՝ սեռականը, էրոտիկը… Արդյո՞ք չափորոշիչները մուրճ չեն ռադիոընկերությունների համար»: Գ. Ամալյանը պատասխանեց. «Խոսքը չի վերաբերում ձեր կամ Հայաստանում այս պահին գործող ռադիոկայաններին, դուք գիտեք, որ նույն ձայնային տարբերակով կան տարբեր ծառայություններ, մասնավորապես՝ հեռախոսային եւ նաեւ ռադիոծառայություններ: Այնպես որ, հիմա նման խնդիր չունենք»: Քիչ անց էլ, ինքն իրեն հակասելով, Ամալյանը հավելեց. «Մենք շատ սուր երեւույթ հայկական եթերում չունենք՝ նաեւ էրոտիկայի հետ կապված, բայց, միեւնույն է՝ անհրաժեշտություն կար չափորոշիչները սահմանելու համար»:
Հաջորդ հարցն էլ վերաբերում էր Հայաստանում մարտի 1-20-ը արտակարգ դրությանը. «պաշտոնական փաստաթղթերով՝ մարտի 1-ի դեպքերի մասին օմբուդսմենի զեկույցներում ապացուցված է, որ մարտի 1-20-ը հանրությանը կեղծ եւ քրեորեն պատժելի տեղեկատվություն է մատուցվել: Ինչպե՞ս է ՀՌԱՀ-ը ընտրելու՝ ի՞նչն է խեղաթյուրված»: Գ. Ամալյանը նախ արձագանքեց. «Ո՞վ եւ ո՞ւմ կողմից է կեղծ տեղեկատվություն մատուցվել»: Պատասխանը չուշացավ՝ «Բոլոր հեռուստաընկերությունների»: Գ. Ամալյանն էլ՝ թե. «Կուզեի շատ ավելի լուրջ պաշտոնական փաստաթղթի անվանում բերեիք, վատագույն դեպքում՝ գոնե միջազգային համագործակցության լուրջ մի ատյանի փաստաթուղթ»:
Ապա խուսափելով բուն հարցից՝ «սարուձոր ընկավ». «Սիրաշահեմ հեռուստաընկերություններին: Հեռուստատեսությունը լուրջ միջոց է կրթելու… Ցույց ենք տալիս հայկական իրականությունից դուրս, կրիմինալ մի աշխարհ, որը նույնիսկ իտալական կամ ամերիկյան 30-ական թվականների պատմության հետ որեւէ առնչություն չունի»:
Լրագրողական հարցադրումներ հնչեցին՝ ավելի կոնկրետ օրինակներով. «Գնացել եմ տեղամաս քվեարկության, բռնություն եմ տեսել, եկել տուն, երեխաս հեռուստացույցով տեսնում է, ասում՝ ամեն ինչ խաղաղ է, ոչ մի բան չկար: Իրականությունը խեղվա՞ծ է, թե՞ ոչ»:
«Որեւէ տեղամասում որեւէ եզակի դեպք ես տեսել եւ ուզում ես ընդհանրացում անել բոլոր գործընթացների վրա: Ես լավ հետեւում եմ բոլոր լրատվամիջոցների ներկայացրածին, ինքս վիզուալ նայում եմ, թե ինչ եմ տեսնում քաղաքում»,- շարունակեց Գ. Ամալյանը: Տեղեկատվությանը, թե Բաղրամյան 26-ից հեռուստաընկերություններին ուղիղ հրահանգ է իջեցված, Ամալյանը այսպես պատասխանեց. «Ես հետախուզական ծառայությունից չեմ, որ լրտեսներ պահեմ, տեսնեմ նախագահականն ինչ շփումներ ունի … ինձ որեւէ մեկից հրահանգ չի իջեցվել»: Վերջին օրերին սերիալների արագացված ցուցադրման եւ դրանցից որոշների («Որբերը» եւ «Որոգայթ») փակվելու մասին հարցի վերաբերյալ էլ Ամալյանը հայտնեց. «Սերիալ արտադրող ընկերությունը կարող է ուղղակի հաջորդ սերիայից ձեւափոխել հաղորդման ֆորմատը: Սերիալների քանակությունը չի պակասելու, մարդիկ դա կանեն այլ կուլտուրայով, որովհետեւ հանրությունը սերիալներ նայում է: Ինքս մեծ նվաճում եմ համարում սերիալների հայտնվելը՝ անկախ նրանից՝ լավն են, թե ոչ»:
ՀՌԱՀ նախագահը նշեց նաեւ, որ խախտումների դեպքում նախ գրավոր նախազգուշացումներ, դրամական տույժեր կլինեն, ապա՝ լիցենզիայից զրկում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել