Ուկրաինայի դեռեւս գործող վարչապետ, երկրի նախագահի թեկնածու Յուլիա Տիմոշենկոյի շուրջ համախմբված դաշինքը վիճարկելու է փետրվարի 7-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի՝ առանձին ընտրատեղամասերի արդյունքները եւ վերահաշվարկ է պահանջելու: Այդուհանդերձ, դաշինքը դեռ չի կողմնորոշվել՝ պահանջելո՞ւ է ընտրությունների երրորդ փուլ անցկացնել, թե՞ ոչ: «Ինտերֆաքսի» տեղեկություններով, քվեաթերթիկների 99,95%-ի հաշվարկի արդյունքում առաջատարը «Ռեգիոնների կուսակցության» ղեկավար Վիկտոր Յանուկովիչն է, որի ստացած քվեները երեկվա դրությամբ արդեն 3,47%-ով ավելի էին, քան՝ Տիմոշենկոյինը: Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ, օրվա առաջին կեսին, քվեարկության արդյունքների արձանագրությունները չէր ստացել թվով յոթ տարածաշրջաններից, որոնցից 5-ում, նախնական տվյալներով, ընտրողների մեծամասնությունը քվեարկել է հօգուտ Յանուկովիչի: Տիմոշենկոյի նախընտրական շտաբում հավաստիացնում են, թե իրենք ծանրակշիռ ապացույցներ ունեն, որ ընտրատեղամասերի մի հատվածում զանգվածային կեղծիքներ են եղել: Օրինակ՝ ընտրողների 5-6 տոկոսը քվեարկությունն իրականացրել է տանը՝ չունենալով դրա համար անհրաժեշտ՝ հիվանդության մասին բժշկի տեղեկանք, քվեարկության են մասնակցել «մեռած հոգիներ», նույնիսկ Լուգանսկում, Դոնեցկում եւ Դնեպրոպետրովսկում դեռեւս չծնված մարդիկ, տեղի են ունեցել «կարուսելի» դեպքեր:
Հիշեցնենք, որ Տիմոշենկոն արդեն հայտարարել է, որ չի ճանաչում տեղի ունեցած ընտրությունները, թեեւ միջազգային դիտորդները դրանք որակել են որպես ժողովրդավարական չափանիշներին հիմնականում համապատասխանած ընտրություններ: Միաժամանակ Տիմոշենկոյի թիմը, մասնավորապես՝ խորհրդարանական խմբակցությունը, ճաքեր է տալիս. նրա մի մասը հանդես է գալիս ընտրությունների արդյունքներն ու Յանուկովիչի հաղթանակը ճանաչելու եւ ընդդիմության ճամբար անցնելու օգտին, մյուս հատվածը ընդդիմանում է այս հեռանկարին: