Լրահոս
Օրվա լրահոսը

Վճիռը՝ փետրվարի 22-ին

Փետրվար 10,2010 00:00

Երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում կրկին լսվեց  Սիամանթոյի անվան թիվ 162 դպրոցի 11 նախկին ուսուցիչների հայցը՝ ընդդեմ  դպրոց-ՊՈԱԿ-ի, որով կրճատված ուսուցիչները պահանջում են իրենց՝ աշխատանքից ազատման հրամանն անվավեր ճանաչել, վերականգնել նախկին աշխատանքում, հարկադիր պարապուրդի գումարը գանձել: «Առավոտն» այս դատական գործին բազմիցս է անդրադարձել, իսկ 02.02.2010թ. համարում տեղեկացրել էինք, թե՝ քանի որ աշխատանքային օրն արդեն մոտենում էր ավարտին, ու կրճատված ուսուցիչների հարցերն ամբողջությամբ չէին բավարարվել, ուստի երեկվա նիստը սկսվեց հենց հարցերից: Կրճատված ուսուցիչները բարձրացրին արդեն բազմիցս հնչեցված ու ըստ նրանց՝ այդպես էլ հիմնավոր պատասխան չստացած հարցեր: Հայցադիմումում ուսուցիչները նշել էին, թե դպրոցի տնօրենն իրենց կրճատելիս  նախօրոք  սահմանված ժամկետում չի տեղեկացրել կրճատվելու մասին, կամ իրենք ստորագրել են մի փաստաթղթի տակ, որտեղ հետո ավելացվել են նախադասություններ, ինչից ստացվում է, որ ուսուցիչներն իրականում տեղյակ էին, որ իրենց աշխատանքային գրքույկները վերցնում են աշխատանքից կրճատելու համար, բայց իրականում այդպես չէ եւ այլն: Մի խոսքով, երեկվա նիստին էլ նշված հարցերը հնչեցին, ու պատասխանող կողմի ներկայացուցիչ Սերգեյ Մկրտչյանը կրկին իր մի քանի անգամ հնչեցրած նախադասություններով փորձեց պատասխանել դրանց: Նա ուսուցիչների համապատասխան հարցի վերաբերյալ ասաց. «Այն ժամանակաշրջանում, երբ դպրոցի տնօրենը ձեզ տեղեկացրել է, թե հնարավոր է՝ առաջիկայում կրճատումներ լինեն, դպրոցում ընթանում էին քննություններ, ուստի ուսուցիչները ազատ էին, բացառությամբ նրանց, որոնք ընդգրկված էին քննական գործընթացում: Ուստի դուք ունեիք բավարար ազատ ժամանակ, որպեսզի աշխատանք փնտրեիք այլ դպրոցներում»: Իսկ հայց ներկայացրած ուսուցիչներն ասացին՝ մի՞թե քննությունը միայն իրենց դպրոցում էր, չէ՞ որ մյուս դպրոցներում էլ էր ընթանում քննական գործընթաց, ինչի պատճառով դպրոցներն իրենց առաջ այդ հարցով դուռ չէին բացի: Ի վերջո, դատավորը հայտարարեց, որ վճիռը կհրապարակվի փետրվարի 22-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել