Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԻ ԳԱՐԵՀԱՏԻ ՊԱՇԱՐՈՎ ՁԵՌՆԱՐԿԱԾ ԵՆ ՍԱՀԱՐԱՅԻ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՄԸ»

Փետրվար 10,2010 00:00

Մտածումներ՝ փիլիսոփա բարեկամիս նամակում արծարծված հայ-թուրքական արձանագրություններին վերաբերող հարցերի շուրջ

\"\"

Դուք գրում եք. «Մենք այսօր կանգնած ենք պատմական momentum-ի առաջ. կկարողանա՞նք, արդյոք, այնպիսի փոփոխություններ իրականացնել երկրում, որ չանհետանանք թատերաբեմից: Եթե թուրքերի հետ փորձելու են հաշտվել, ապա պարտադրված են փոխել երկիրը, դարձնել այն ավելի մրցունակ ու կարգին երկիր, եւ ամեն մեկն իր պատասխանատվության չափը պիտի ունենա: Ես կարծում եմ, սա է լինելու մեր ողջ օգուտն այս աղմուկից: Պետք է մի կողմ դնել ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ խնդիրը եւ իշխանություններից պահանջել փոփոխություններ, քանի որ գտնվել է այն մարդը, ով իր վրա պատասխանատվություն վերցրեց»:
Սիրելի բարեկամ: Դուք լիակատար իրավունք ունեք այդպես դատելու, եւ ես հասկանում եմ երկրի խնդիրներին արձագանքելու ձեր նվիրական պարտականությունը: Սակայն ես փիլիսոփա չեմ ու կյանքն ընկալում եմ իրականության մեջ: Ես կողմ եմ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը: Դրա համար, իրոք, երկիրը փոխել է պետք: Իսկ երկիրը փոխելու համար անհրաժեշտ է լուծել մի շատ կարեւոր խնդիր. ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀՈԳԵՎՈՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, հասարակության գաղափարական համախմբումը, առանց որի՝ անհնար է իրագործել ազգի համար տիեզերական նշանակության պատմական այդ հարցի առաջընթացն այսօր: Պատրա՞ստ է, արդյոք, մեր հասարակությունն իր նոր դերին: Կա՞ն, արդյոք, մեր մեջ երեւելի անհատներ, ովքեր պատրաստ են առաքելություն վերցնել, միավորել հայության տարբեր հատվածները, դարձնել ԱԶԳ, որն իր առաջ ԳԱՂԱՓԱՐ ու ՆՊԱՏԱԿ է տեսնում: Մտքից վեր խիզախ մի ծրագիր, որն իր ժամանակին, իր ծրագրերում բարձրաձայնեց Հայաստանի հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այն ժամանակ էլ տարակարծությունը մեծ էր հասարակության մեջ, բայց կար ԸՆՏՐՈՎԻ խորհրդարան, խելացի, գիտակից անհատներ, իրենց խելքի տեր կուսակցություններ, ովքեր պատրաստ էին հարցը քննարկել: Ներկայիս նախագահը իրեն տեր է հռչակել այդ ավանդի ու փորձում է առաջնորդել այդ գաղափարը, ընթացք տալ հայության ցավոտ ու անլուծելի այդ խնդրին:
Սակայն հայության համախմբումը մեկ գաղափարի շուրջ առաջնորդելու համար, նախ, չլուծված ներքին հարցեր ու խոչընդոտներ չպիտի մնան հասարակության ու այդ պատասխանատվությունը վերցրած Առաջնորդի միջեւ: Հասարակությունը, լուրջ գործակցություն սկսելուց առաջ, միաձույլ, միասիրտ եւ ուղղաբերձ հավատքով պիտի հավատա, վստահի իր Առաջնորդին՝ նրա կատարած հայրենաշեն գործերը տեսնելով: Մինչդեռ այսօր, նախագահական ընտրություններից երկու տարի անց, հայության ստվար մի զանգված դեռ հարցեր ունի ներկայիս նախագահին, որը լուծումներ է պահանջում՝ հայկական ցավի դարերով սերմանված խնդիրը երկու ազգերը բաժանող լայն խրամատից դուրս բերելուց առաջ: Ու նրան էլ ուղղված է հասարակության ցավից, սիրուց, վրեժից ու զայրույթից ծնված միախորհուրդ հարցը. ե՞րբ է փոխվելու մեր երկիրը՝ կոտորածի, արյան, հալածանքի ու գերության միջով վերապրած Երկիր Նաիրին: Ի՞նչ պետք է անի մեզանից ամեն ոք, որ առաջվա պես բացվի ու շողա մեր երազների պտուղ Հայաստանը:
Թվում է, թե պատասխանը պարզ է՝ ԱՆԿԱՐԵԼԻ ՍԻՐՈՎ ՍԻՐԵԼ ԵՐԿԻՐ ՆԱԻՐԻՆ: Այս ոսկի բանաձեւն են որդեգրել Խորհրդային Հայաստանի բոլոր կոմունիստ ղեկավարներն անխտիր՝ ուղնուծուծով մտավորական Ալեքսանդր Մյասնիկյանից մինչեւ Կարեն Շինարար, նույն ինքը՝ երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանը: Հայաստանի պետական արխիվում տեւական աշխատանքս բերեց այդ համոզման: Խորհրդային Հայաստանի վերջին ղեկավար Սուրեն Հարությունյանը, ում բաժին հասավ երկրաշարժի արհավիրքներից հյուծված, արցախյան ժայթքումի վայրենահեղեղ մակընթացությունն ապրող մի խենթ ժամանակ: Նրանցից ոչ մեկը, սակայն, չկատարեց արցախյան շարժումը ճնշելու գնով իր իշխանությունը պահելու համար՝ խորհրդային զորքի ծառայությունից օգտվելու Մոսկվայի հորդորները: Որից չկարողացան խուսափել Վրաստանն ու Ադրբեջանը, Ղազախստանն ու Լիտվան: Ու սահուն իշխանափոխությունը ապահովեց Հայաստանի ու Արցախի ներքին կայունությունը: Սեփական երկրի ու ժողովրդի հանդեպ այդ չմարող ՍԵՐՆ ու բորբոքուն ՈԳԻՆ պահպանեց այն հոգեւոր երկիրը, որի խրոխտ ու հպարտ սերունդը, դարերի ընդմիջումից հետո Հաղթանակ պարգեւեց մեր ժողովրդին: Ուրեմն, նախ միեւնույն սիրով սիրել է պետք մեր երկիրը, մեր ժողովրդին՝ քանքարավոր հանճարից մինչեւ քուրջահոտ մուրացկան: Բոլորին անխտիր: Սիրել սրտով, արյունով ու գործով:
Այլ ոչ թե խոսքով:
Սիրու՞մ է, արդյոք, մեր Երկիրը ներկայիս նախագահը:
Տե՞րն է զգում, արդյոք, հաջորդական ճիգերով պահպանված իր նախորդների այդ ավանդի, որ նշանակում է, թե տերն է իր հաջորդների գոյության հզորացման կռվանի: Նախագահ, ով բազմաբազում մեղքերով է ՆՎԱՃԵԼ դժվար սիրո ու պայքարի գնով կառուցված մեր հոգեւոր Հայաստանը: Որի անցյալի հետ ոչ ժառանգական կապ ունի, ոչ հիշողություն ու ոչ էլ երախտիքի պարտք: Ով իր վրա, սակայն, հայերիս համար տիեզերական նշանակության հարցի պատասխանատվություն է վերցրել այսօր: Ունի՞, արդյոք, ներկայիս նախագահը աներեր հավատ իր սրտի մեջ, բարոյականություն ու կամք՝ այս անկումների դեմն առնելու, երկրի տկարության այս մահացու վազքը կանգնեցնելու համար: Միավորելու ժողովուրդն իբրեւ ԱԶԳ, վերականգնելու ազգն իբրեւ ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, իբրեւ ԳԱՂԱՓԱՐ, մեր երկրի հոշոտված մարմինը ջրդեղելու, կենդանություն տալու հոգեւոր Հայրենիքին: Ծանր մի առաքելություն, որն իր վրա վերցնողը պետք է խորքով հասկանա այդ վեհ գաղափարի ներքին արժեքը, նրա առաջմղիչ զորությունը, ծանր երդումի պես որդեգրի այդ արժեքի սրբագույն իդեալները:
Քննեցեք նրա սիրտն ու գործերը: Ու ձեր հոգու խորանի առաջ երդվելով, ձեր խաչի առաջ պատասխան գտեք:
Բարեփոխումների անհրաժեշտ կռվանը՝ երկրում արդարություն հաստատելն է, տգիտության փլուզումն ու երկաթե բռունցքով օրենքապաշտության հաստատումը, որի միակ ճանապարհը երկրում արդար ու դեմոկրատական ընտրություններն են: Որը, ցավոք, հենց սկզբից ձախողեց ներկայիս նախագահը: Արդար ընտրությունների արդյունքում միայն կպարզվեր, թե ժողովուրդն ո՞ւմ է հավատում, ո՞ւմ է վստահում երկրում պատասխանատվություն վերցնելու ղեկը: Մինչդեռ, 1996-ի նախագահական կեղծված ընտրություններից սկսած, հասարակության մի զգալի հատված այլասերվել է ու դարձել երեք արծաթով իր ձայնը ծախող ծույլ ու թշվառ կաշառառու: Ներկայիս նախագահը օգտվել է այդ ստոր ամբոխի, ինչպես նաեւ՝ քաղաքական գարշահոտ ճահճուտներում դեգերող քաղցած ու ծախու տաղանդների, մոլախոտի կյանքով ապրող այլազան չարչի օլիգարխների, միամիտ ժողովրդի վստահության քվեն վաճառքի հանած անամոթ դավաճանի ծառայությունից: Եվ իշխանության է եկել հայ ժողովրդի դեմ եղբայրասպան բանակ ու զենք կիրառելով: Զոհվել է տասը քաղաքացի, հարյուրից ավելի ազատախոհներ հայտնվել են բանտերում, որոնցից շատերը անասելի ծանր պատերազմի գնով ազատագրել են ներկայիս նախագահի հայրենի Արցախը: Դա ներկայիս նախագահի երախտուրաց պատասխանն է, հատուցումը՝ Եռաբլուրի ցուրտ աճյուններում հանգչող մեր հերոսների զոհողությանը, զրկանքներ քաշած Հայաստանի ողջ ժողովրդին: Ներկայիս նախագահը պատասխան չունի, դեռ չի գիտակցել իր զարհուրելի հանցանքը հայության հանդեպ: Քանզի չի ապաշխարել, չի դիմել ժողովրդի սրտին, չի ամոքել անմեղ զոհերի հարազատների անբուժելի վերքը: Իր տան անվտանգության պատասխանատուն չի զգում իրեն: Եվ ուրեմն, երկրի համար ցանկացած խնդիր նույն կերպ լուրջ չի ընկալվի հայության կողմից, եթե նրա ոգեշնչողն ու Առաջնորդը հայության հետ զենքի լեզվով խոսող, երկրում դավադրության ու արյունի համար ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ չկրող ներկայիս նախագահն է: Արդ, մի սպասեք: Նրա աչքերում երկինք չեք գտնի, քանզի խավար են այդ աչքերը եւ արյուն է միշտ:
Ներկայիս նախագահը ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ նախագահը չէ: Հետեւապես չի կարող համազգային նշանակության հարցերի պատասխանատուն լինել: Նախագահն ինքն է սկիզբ դրել անվստահության մեկնարկին, զրկելով Սփյուռքում ապրող Հայաստանի բազմահազար քաղաքացիներին՝ իրենց ժամանակավոր բնակության վայրերում Հայաստանի նախագահական ընտրություններին մասնակցելու Սահմանադրական իրավունքից: Դրսում Հայաստանի անձնագրով ապրելը իսկական պատիժ է ու հերոսություն: Անասելի ստորացուցիչ պայմաններ են պարտադրվում Հայաստանի նման գրոշի արժեք չունեցող երկրի քաղաքացուն, քանի որ գիտեն, որ թիկունքը պաղ է, երկիր չկա, անտեր են: Սփյուռքը կթու կով չէ, որ միայն փող մուրալիս անամոթաբար վազեք նրա մոտ: Սփյուռքը Հայրենիքի առաջ պարտք ունենալուց բացի, ունի նաեւ պաշտպանության կարիք, սահմանադրորեն իրեն տրված իրավունքներ, որոնք հարգելու դեպքում միայն համագործակցությունը կկայանա: ՀՀՇ-ի մանրախոհ ղեկավարության կեղծիքներով շնորհված՝ Հայաստանի քաղաքացիության նրա լղարիկ ստաժը իմ զավակի տարիքից էլ ջահել է: Ուրեմն ներկայիս նախագահը չէ, որ ինձ պիտի զրկի իմ քաղաքացիական իրավունքներից, ուր էլ որ ես գտնվեմ: Եթե իշխանություն դեռ չնվաճած, նա դեռ էն գլխից չի վստահել Սփյուռքին, աթոռ նվաճելուց հետո պտույտի գալով, Սփյուռքից վստահությո՞ւն պիտի կորզեր: Անկարելի է: Հայության ճակատագրին վերաբերող ցանկացած խնդիր Սփյուռքի համար այսօր անլուրջ է ու կասկածելի, եթե նրա Առաջնորդը Հայաստանի նախագահական ընտրություններում ՉԻ ՍՏԱՑԵԼ ընտրելու իրավունք ունեցող հայկական հզոր Սփյուռքի անվերապահ աջակցությունը: Հետեւաբար, ներկայիս նախագահն ունի վստահության դեֆիցիտ թե երկրի ներսում, թե նրա սահմաններից դուրս:
Անժողովուրդ Առաջնորդ կլինի՞:
Դուք գրում եք՝ երկիրը պետք է դարձնել ՄՐՑՈՒՆԱԿ ու ԿԱՐԳԻՆ երկիր:
Իսկ ի՞նչ ռեսուրսներով:
Ներկայիս նախագահը ՉՈՒՆԻ հայրենիքի տառապանքով հերոսացած, տնտեսական ու քաղաքական իմաստասիրության ակունքներում ԿՐԹՎԱԾ պաշտոնյաներ, ովքեր պաշար ու քաջություն ունենան կիրառել գիտելիքներ ու բարեփոխել երկիրը: Իշխանություն նվաճելով, ներկայիս նախագահը հաջողությամբ ավարտեց իր նախորդի սկսած կադրերի անողոք ջարդը, ջնջելով հրաշքով փրկված ու արմատ ձգած վերջին մի քանի անարատ բողբոջը եւս: Չթողնելով չնչին մի մասնիկ, աննշան մի հետք՝ մեր երկրի ոգու ու մտքի վաստակներում: Ամեն ինչ վաճառքի հանվեց.
Տիրոջ խաչից սկսած, մինչեւ հիշատակի նշխար:
Փոխարենը՝ ցանեց մոխիր ու որոմ: Զարհուրելի կենսունակ ու բեղուն: Եվ ի՞նչ աղետալի խանդով է բազմանում, տարածվում այդ դժոխային մոլախոտը, մորեխի պես լափելով մեր հայրենի հերկի ոգեղեն արմատն ու սեզը:
Ուղեղ ծծող ոջիլի պես:
Բարեշրջումը ներկայիս նախագահը նախ իրենից պիտի սկսի: Կասեցնի կորստի անդունդը տանող իր հարազատների ու պետական պաշտոնյաների՝ ամեն բան լափելու տենդը, կրթվելու պահանջ զգա, գոնե մեկ լեզվով վարժ կարդալ, անսխալ խոսել սովորի: Հրաժարվի բիրտ ուժի, անօրեն գործելակերպի, գող ու տգետ պաշտոնյաների իշխանությունից, որոնցով շրջապատել է իրեն ամենուր: Խորհրդարան ու կառավարություն, դատախազ ու դատարան, ամեն, ամենուր: Ահա տասը տարի, պետության գլխատումից հետո, արցախյան ռազմաճակատը տեղափոխել են Հայաստան եւ ամենուր թույն ու թշնամանք հրահրող Ռոբերտ Քոչարյանի հետ, նույն պատերազմը պետականորեն շարունակում են հայ ժողովրդի դեմ՝ իրենց ավազակաբարո գեներալներով, հետները Երեւան օժիտ բերած «պոչերից նոփ նոր ազատված կապկանման» էակներով: Նրանք չեն ամաչում ու չեն սիրում մեզ, մեր երկիրը: Նրանք ուրիշ մոլորակից են ու հայ ժողովրդի հետ որեւէ անատոմիական ու գենետիկ առնչություն չունեն: Ներկայիս նախագահը ուժ ու բարոյականություն չունի կասեցնելու անօրենների հարձակումը հայ ժողովրդի դեմ, քանի որ այդ տականքն է պահում իր իշխանությունը: Եվ նրա բարեփոխումները «այս փարախից այն փարախը նույն ոչխարը քշելու» դատապարտվածությունն ունեն: Այս իշխանությունները ուղղակի կռվում են իրենց արյունոտ անցյալի դեմ, ու դրանից հոշոտվում է առանց այն էլ մեր արնաքամ երկրի խոշտանգված մարմինը: Լե՞շ է դրանց ուզածը…
Շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել