«Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղեկացնում է, որ ՀՀ գյուղերի զարգացման ծրագրերի շրջանակում, ֆրանսաբնակ Թավիդյանների ընտանիքի հովանավորությամբ Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղում կառուցվում է համայնքային կենտրոն: 560 բնակիչ ունեցող Ակնաղբյուրում սա Հիմնադրամի արդեն չորրորդ ձեռնարկն է՝ գազամատակարարման, խմելու ջրի եւ ոռոգման համակարգերի կառուցումից եւ շահագործումից հետո:
Ըստ նախագծի, կառուցվող համայնքային կենտրոնը երկհարկանի շինություն է լինելու, ուր կտեղակայվեն գյուղապետարանը, բուժկետը, գրադարանը եւ հանդիսությունների դահլիճը՝ համայնքի բնակչության համար կարեւոր բոլոր օղակները:
Ակնաղբյուրի գյուղապետ Կարեն Դոլմազյանը հայտարարել է, որ «Գյուղի կյանքում տեղ գտած բարեփոխումների շնորհիվ՝ երիտասարդ ընտանիքներում ավելացել է նորածինների թիվը, վերջին երկու ամսվա ընթացքում հարազատ գյուղ է վերադարձել չորս ընտանիք»: