Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լրացուցիչ հնարավորություն՝ համայնքներին

Փետրվար 10,2010 00:00

\"\"2009 թվականի նոյեմբերի 26-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծին եւ այն ուղարկեց ՀՀ Ազգային ժողով: Սրանից առաջ` 2009-ի մայիսին նույն կառավարությունը ընդունել էր մարզպետների աշխատանքի գնահատման չափանիշները, որոնցից են հողի եւ գույքահարկի հավաքագրումը, ապօրինի շինարարության դեմ պայքարը, մշակվող գյուղատնտեսական նշանակության հողերի աստիճանը եւ այլն: Հողի հարկի եւ գույքահարկի հավաքման բարձր ցուցանիշներ ապահովելու համար՝ գովասանքի, չապահովելու համար՝ պարսավանքի են արժանանում համայնքապետերը: Ստացվում է, որ հողը համայնքի վարչական սահմաններում կլինի, թե ոչ` մեկ է, եւ մարզպետը, եւ համայնքապետը պետք է շահագրգիռ լինեն հողից առավելագույն եկամուտ ստանալու հարցում: Էլ ի՞նչ իմաստ ուներ հողերը համայնքներին փոխանցելը:
Մեր այս դիտարկմանն ի պատասխան, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն ասաց, որ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով սահմանված է. «Տեղական ինքնակառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում (հոդված 3)», հետեւաբար չի կարող լինել հող, որ որեւէ համայնքի վարչական սահմաններում չէ: «2008-2009 թվականներին մենք ամբողջությամբ, բոլոր տասը մարզերում համայնքների վարչական սահմաններից դուրս հողերը ընդգրկեցինք համայնքների մեջ: Վերջին երկու մարզերի՝ Տավուշի եւ Սյունիքի համար օրինագծերին հավանություն տվեցինք կառավարության հունվարի 21-ի նիստում եւ ուղարկեցինք Ազգային ժողով: Այս պահի դրությամբ խորհրդարանը հաստատել է հինգ մարզի վերաբերյալ օրինագծերը, մնացել է եւս հինգը»,- հայտարարեց Արմեն Գեւորգյանը:
Ըստ մեր զրուցակցի, համայնքը ստանում է լրացուցիչ հող, որից կարող է եկամուտ ունենալ: Կառավարությունը մեկ վերապահում-սահմանափակում է արել առաջիկա տասը տարվա համար: Համայնքը կարող է ցանկացած ձեւով օգտագործել հողը եւ եկամուտ ստանալ, բացառությամբ մեկ դեպքի: Առաջիկա տասը տարում եթե համայնքի ղեկավարը որոշի համայնքին նոր փոխանցված հողը օտարել կամ վարձակալության տալ, ապա պարտավոր է իր այդ ցանկությունը առաջին դեպքում համաձայնեցնել ՀՀ կառավարության, երկրորդ դեպքում` մարզպետարանի հետ:
Արմեն Գեւորգյանի կարծիքով, հիմա, երբ Հայաստանի բոլոր հողերը համայնքներին են պատկանում, գործադիր իշխանության՝ ՀՀ կառավարության, տարածքային քաղաքականությունը իրականացնող մարզպետները մեկ խնդիր ունեն. նպաստել հողերի արդյունավետ շահագործմանը: Օրինակ, մարզպետը պետք է ամեն ինչ անի, որ համայնքում չապրող քաղաքացին համայնքի հողը օգտագործելու հարցում խնդիրներ չունենա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել