Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍՅՈՒՆԻՔ-2009

Փետրվար 10,2010 00:00

Այսօր Գորիսում, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մասնակցությամբ, Սյունիքի մարզային խորհուրդը կքննարկի մարզպետի 2009 թվականի գործունեությունը: Պատկերը հետեւյալն է:

Քաղաքաշինություն, տրանսպորտ,
ճանապարհաշինություն

2009 թվականին Սյունիքում քաղաքաշինության, տրանսպորտի եւ ճանապարհաշինության բնագավառում իրականացվել են 9,388 միլիարդ դրամի աշխատանքներ: Կապիտալ շինարարության վրա ծախսվել է 1,22 միլիարդ դրամ, իսկ հիմնանորոգման եւ վերանորոգման աշխատանքների համար՝ 8,365 միլիարդ: 2008թ. համեմատությամբ՝ 2009-ին կատարած աշխատանքների ծավալը 1,6 անգամ աճել է:

Ֆինանսներ
Մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության տվյալներով, մարզի համայնքների տեղական բյուջեները եկամտային մասով կատարվել են 88,8 տոկոսով, իսկ սեփական եկամուտները ապառքներով՝ 77,1 տոկոսով: Սեփական եկամուտների բացարձակ աճը նախորդ տարվա համեմատությամբ կազմում է 98. 8 միլիոն դրամ: Փաստացի հավաքագրված սեփական եկամուտները 881,2 միլիոն դրամ են: 2008-ի համեմատությամբ՝ համայնքային բյուջեների հավաքագրումն աճել է 12,6 տոկոսով:

Արդյունաբերություն
2009 թվականին հանրապետությունում թողարկված արդյունաբերական արտադրանքի շուրջ 14 տոկոսը բաժին է ընկել Սյունիքի ձեռնարկություններին: Արդյունաբերության առաջատարը հանքագործությունն է, որն ապահովել է մարզի արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալի ավելի քան 85 տոկոսը: Սյունիքի մարզի արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալի շուրջ 87,5 տոկոսը բաժին է ընկնում Կապանի, 8,9 տոկոսը՝ Մեղրիի, 2,7-ը՝ Գորիսի եւ 0,9 տոկոսը՝ Սիսիանի տարածաշրջաններին:
Ըստ մարզպետարանի սոցիալ-տնտեսական զարգացման բաժնի տվյալների, մարզի արդյունաբերական ձեռնարկությունների ապրանքային արտադրանքի ծավալը 2009 թվականի ընթացիկ գներով կազմել է շուրջ 94 միլիարդ դրամ: Նախորդ տարի իրացվել է ավելի քան 84,4 միլիարդ դրամի պատրաստի արտադրանք:
Սյունիքում արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը կազմում է հանրապետությունում թողարկված էլեկտրաէներգիայի 16 տոկոսը: Սյունիքի փոքր ՀԷԿ-երը արտադրել են 43,5 միլիոն կվտժ էլեկտրաէներգիա, որը սեպտեմբերի 1-ի դրությամբ ամենաշատն էր հանրապետությունում:

Գյուղատնտեսություն եւ բնապահպանություն
Ցրտահարությունից, կարկտահարությունից եւ գերխոնավությունից բավականին մեծ վնասներ է կրել մարզի գյուղատնտեսությունը: Հիմնականում տուժել է 78 համայնք, կրած ընդհանուր վնասը՝ 2,988 միլիարդ դրամ է: Գյուղատնտեսության համախառն արտադրանքը, ըստ մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության բաժնի նախնական տվյալների՝ կազմել է 39 միլիարդ դրամ: Իրացվել է 1700 տոննա հացահատիկ, 9950 տոննա կենդանի քաշով միս, 8990 տոննա կաթ, 3050 տոննա կարտոֆիլ, 950 տոննա բանջարեղեն, ինչպես նաեւ 550 տոննա պտուղ ու այլ գյուղատնտեսական մթերք: Այս ոլորտում արձանագրվել է խոշոր եւ մանր եղջերավորների գլխաքանակի նվազում, իսկ ահա խոզերի գլխաքանակի, մեղուների ընտանիքների եւ թռչունների քանակի աճ է նկատվել:

Հողաշինություն եւ հողօգտագործում
Սյունիքի գյուղացիական տնտեսությունները անցած տարում մարզի 43,8 հազար հա վարելահողերից միայն 37,6 հազար հեկտարը կամ 86 տոկոսն են օգտագործել: Համայնքներում փաստացի չի օգտագործվել 6,2 հազար հեկտարը: Համայնքների վարչական տարածքներից դուրս գտնվող գյուղատնտեսական նշանակության 25,3 հազար հեկտարի վրա ստեղծվել են հատուկ պահպանվող տարածքներ: «Զանգեզուր» պետական արգելավայրը՝ 17,4 հազար հա է, «Արեւիկ» ազգային պարկը՝ 7,9 հազար հա:
Սյունիքի համայնքների վարչական տարածքներից դուրս գտնվող 12,8 հազար հա գյուղատնտեսական վարելահողերը դեռեւս հնարավոր չէ օգտագործել, քանի որ սահմանակից են Նախիջեւանին:

Ոստիկանություն եւ փրկարար ծառայություն
2008 թվականի համեմատությամբ՝ 2009-ին Սյունիքում կրկնակի ավելացել է հանցագործությունների թիվը՝ 241-ից հասնելով 470-ի: Աճել են թմրամոլության եւ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքերը. նախորդ տարվա 35-ի փոխարեն 66 դեպք է արձանագրվել: Զենքի, հրազենի եւ ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերն էլ են աճել: Իսկ ահա գրանցված արտակարգ իրավիճակները նախորդ տարվա համեմատությամբ նվազել են: 2009 թվականին եղել է 103 արտակարգ իրավիճակ, 2008-ի՝ 149-ի դիմաց: Զոհվել է 8 եւ տուժել 43 մարդ: Նախորդ տարում 17 մարդ զոհվել էր, 40-ը՝ վիրավորվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել