Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փետրվար 10,2010 00:00

ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ ԷԻՆ

ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ տեղեկացրին, որ փետրվարի 8-ին շմոլ գազից թունավորումով «Սամարիթեր» հիվանդանոց են տեղափոխվել նույն քաղաքի Պ. Սեւակի 17/4  հասցեի բնակիչներ՝ 10-ամյա Տաթեւիկ եւ 45-ամյա Գեւորգ Ղազարյանները, 51-ամյա Գալյա եւ 56-ամյա Սամվել Սարգսյանները եւ 43-ամյա Հասմիկ Այվազյանը: Բժիշկների գնահատմամբ, տուժածների վիճակը միջին ծանրության է:

ԵՐԿՐԱՇԱՐԺ՝ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ

Երեկ, ժամը 03:03-ին 2,7 մագնիտուդի երկրաշարժ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ըստ ՀՀ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության, երկրաշարժի էպիկենտրոնում, որը գտնվել է Աշոցք գյուղից 16 կմ արեւելք, ստորերկրյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

«ՀԱՆԳՈՒՑՅԱԼԸ» ԻՐ ՏՈՒՆՆ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ

Հայաստանի քաղաքացի Անիկ Կարապետյանն ամուսնացել էր եւ մի քանի տարի առաջ տեղափոխվել Ուկրաինայի Անապա քաղաք: Նա մինչ այդ բնակվում էր Նոր Նորքի 8-րդ զանգվածի շենքերից մեկում: Ա. Կարապետյանը գրանցումից դուրս չի եկել եւ բնակարանն էլ, ըստ էության, շարունակել է պատկանել իրեն: Նախկին թաղապետի օրոք այդ բնակարանը նվիրատվության կարգով տրամադրվում է մի այլ քաղաքացու, որը տվյալ բնակարանի հետ չուներ ոչ «գենետիկ», ոչ էլ «արյունակցական» կապ: Պարզվում է, բնակարանի նվիրատվության հիմքում թաղապետը դրել էր Անապա մեկնած կնոջ մահվան «բանավոր լուրերը»: Միայն վերջերս, երբ Անապայից «հանգուցյալը» իր տուն է եկել, տեսել է դռան փականը փոխված եւ տունն էլ բնակեցված այլ մարդկանցով: Դիմել է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Դատաքննությունը սկսվել է եւ «հանգուցյալը» պետք է դատարան տանի այնպիսի փաստաթուղթ, որով կհիմնավորվի, որ ինքը ողջ է: Խոսքը ծննդյան վկայականի եւ անձնագրի մասին է եւ ոչ թե՝ «մահվան վկայականի»:

ՆՈՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

«Առավոտը» երեկ տեղեկացրել էր, որ Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է արդարադատության նախարար Գ. Դանիելյանին՝ կապված «Էրեբունի» ՔԿՀ-ում պաշտպանի գրասենյակի ստուգումների հետ: ՔԿՀ-ում պատիժ է կրել 420 դատապարտյալ, այն դեպքում, երբ արդարադատության նախարարի 27.05.08թ. թիվ 206 հրամանի համաձայն, «Էրեբունի» ՔԿՀ-ի համար սահմանվել է լրակազմ՝ 391 դատապարտյալի համար: Բացի դրանից, հիմնարկում բացակայել են կիսաբաց տիպի ռեժիմով դատապարտյալներին պահելու պայմանները, հիմնարկը չուներ ջեռուցման համակարգ, կացարանները տաքացվում են էլեկտրական սալիկներով: Ստուգվել էր նաեւ հիմնարկի ճաշարանը: Այդ կապակցությամբ արդարադատության նախարարի երեկվա հրամանով վերահսկողական վարչությունը սկսել է ծառայողական քննություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել