Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զորակոչել են բանակ

Փետրվար 10,2010 00:00

Զինվորը բնական արատի հետեւանքով հաճախ սոված է մնում

Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի բնակիչ Նարեկ Ասատրյանին անցյալ տարվա հունիսի 9-ին զորակոչել են բանակ: Նարեկը մանկուց ուներ ծամողական ֆունկցիայի խանգարում: Ծնողները նյութապես ի վիճակի չեն եղել երեխայի բուժման հարցով զբաղվել: Զորակոչիկի մայրը դիմել է պաշտպանության նախարար Ս. Օհանյանին, զինդատախազ Ա. Խաչատուրյանին, «Զինվորի մայր», «Զինվոր» հասարակական կազմակերպությունների նախագահներին, որպեսզի ժամկետային զինծառայողին հետազոտեն եւ որոշեն նրա պիտանիության հարցը:
Զորակոչել են Մեղրի, ուր մինչ օրս ծառայում է Նարեկը:
Զորակոչից հետո Նարեկը երկու անգամ հայտնվել է ՊՆ կենտրոնական հոսպիտալում, տարվել հոգեբուժարան:
«Զինկոմիսարիատին հոսպիտալից պատասխանեցին, որ բնական արատ է, եւ իրենք չեն կարող Նարեկին բուժել: Իսկ երբ երեխայիս զորակոչեցին, նա սոված լինելու պատճառով դիմեց ինքնախեղման: Որդիս չի կարող սնվել, նրան ես ամեն օր մանրացրած, քերիչով անցկացրած սնունդ եմ տվել: Ինձ անգամ վիրավորում են, թե ինչ է՝ խորոված ուտելո՞ւ է եկել, կամ էլ՝ քերիչ հետը դնեիք: Ես որպես մայր չեմ խուսափում, որ իմ երեխան ծառայի, բայց պնդում եմ, որ երեխաս պիտի բուժվի: Բանակում պետք է ծառայեն առողջ երիտասարդները: Երեխաս դիրքերի համար չէ»,- մեզ հետ զրույցի ժամանակ ասում է զինվորի մայրը՝ Վարդուշ Մանգասարյանը:
ՀՀ բանակի եւ զինված ուժերի մարտունակության բարձրացման եւ առողջ անձնակազմով համալրելու համար ՀՀ պաշտպանության նախարարի 07.05.2001թ. թիվ 322 հրամանով գործածման մեջ է դրվել ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական փորձաքննության կանոնակարգը: Ըստ այդ կանոնակարգի՝ սահմանված է այն հիվանդությունների ցանկը, որով զորակոչիկը ծառայությունից ազատվում է:
«Դիմածնոտային հյուսվածքների եւ օրգանների բնածին արատներ, ձեւափոխումներ եւ հիվանդություններ» բաժնում սահմանված է, որ շնչառական, հոտառական, ծամելու, թքարտադրության ֆունկցիաների խիստ արտահայտված խանգարումով հիվանդը պիտանի չէ զինվորական ծառայության համար:
Նարեկը հենց այդ խմբին է պատկանում:
ՊՆ բժշկական անձնակազմը լավ գիտի հիվանդությունների նշված ցանկը: Նրանք առանձին-առանձին իրենց մասնագիտական կարծիքը հայտնելիս՝ նշում են նաեւ Նարեկի հիվանդության բնածին լինելու եւ առկա դժվարությունների մասին: Սակայն պաշտոնական տեսակետ հայտնել չեն ցանկանում: Արդյունքում՝ Նարեկը շարունակում է ծառայել:

Հ. Գ. Մենք պատրաստ ենք տպագրել ՊՆ պաշտոնական տեսակետը կոնկրետ այս դեպքի հետ կապված: Արդյոք, նման հիվանդությամբ զինվորը պիտանի՞ է ծառայության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել