Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՆ «ԱՋԱԿՑՈՒՄ» ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻՆ

Փետրվար 10,2010 00:00

Հիդրոօդերեւութաբանական երեւույթները, բարեբախտաբար, «կալանված» չեն

ՀՀ  վերահսկիչ պալատը ստուգումներ էր անցկացրել «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամում:
 Դեռ 2001թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ կառավարության թիվ 888 որոշմամբ ստեղծվեց «Աջակցություն դատապարտյալին» բարեգործական հիմնադրամը: Այն կոչված էր աջակցել դատապարտյալներին, նրանց ապահովել աշխատանքով, զարգացնել քրեակատարողական ոլորտը, քրեակատարողական ուղղիչ հիմնարկների տնտեսական-սոցիալական պայմանները, բարձրացնել թե ՔԿՀ-ի աշխատակիցների, թե դատապարտյալների կրթական մակարդակը: Համենայնդեպս, հիմնադրամի կանոնադրությունը այդ էր նախատեսել:
Պետությունն այս մարդասիրական հիմնադրամին տրամադրել էր 200 հա-ից ավելի հողատարածք, գյուղատնտեսական-արտադրական տեխնիկա, արտադրամասեր, տրանսպորտային միջոցներ: Այսինքն՝ գրեթե ամեն ինչ, անհրաժեշտ գործը կազմակերպելու համար:
Թե ինչ կատարեց հիմնադրամը՝ պարզվում է ՀՀ Վերահսկիչ պալատի հրապարակած հաշվետվությունից: Մասնավորապես. «2007թ. փետրվարի 27-ին հիմնադրամը եւ Քրեակատարողական վարչությունը կնքել են 129, 420,0 հազ. դրամի գյուղմթերքների մատակարարման պայմանագիր: Սակայն հիմնադրամը չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները եւ մատակարարել է միայն 15,972, 5 հազ. դրամի սեփական արտադրության գյուղմթերք:
Ստուգումները պարզել են, որ պայմանագիրը չկատարելու ոչ մի օբյեկտիվ հիմքեր չեն եղել, որ միայն Ախուրյանի 38,1 հա հողատարածքը կարող էր ապահովել Քրեակատարողական վարչության կարտոֆիլի ու բանջարեղենի տարեկան պահանջարկը:
2008թ. գյուղմթերքների արտադրանքից հիմնադրամի մուտքերը պակասել են 31,1 տոկոսով եւ այլն, իսկ մեղքը բարդվել է վտանգավոր հիդրոօդերեւութաբանական երեւույթների վրա, սակայն համապատասխան կայանների հաշվետվությունները ցույց են տվել, որ պատճառաբանություններն անհիմն են»:  Բարեբախտաբար, նշված կայանները «կալանված» չեն եղել, եւ Վերահսկիչը կարողացել է թերթել նաեւ այդ հաշվետվությունները եւս:
Վերահսկիչ պալատն անդրադարձել է նաեւ Մեղրու 148 հա հողատարածքի օգտագործման խնդրին: Պարզվել է, որ հիմնադրամը այդ հողատարածքից  չի օգտագործել 131 հեկտարը կամ 88,5 տոկոսը, եւ միջոցներ չի ձեռնարկել այն մշակելու համար: Էլ ինչու ենք դժգոհում, որ դատապարտյալները զբաղված չեն, աշխատանք չունեն, հետեւաբար՝ «նստած» են իրենց ընտանիքների վրա:
Աբովյանի 13 հա հողատարածքում, ըստ Վերահսկիչ պալատի հաշվետվության, ցանվել է հաճար: Սակայն բերք չի ստացվել, փոխարենը խոտ է հավաքվել, իսկ 1 հա խնձորի այգուց՝ ընդամենը 350 կգ խնձոր: Այսինքն՝ մեկ խնձորի ծառից էլ պակաս:
Մեկ այլ ցնցող հաշվարկ էլ կար:
Մեկ տարվա ընթացքում «Քրեակատարողական ծառայության սոցիալական ոլորտի եւ քրեակատարողական ծառայության ուղղիչ հիմնարկների տնտեսական եւ կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ հիմնադրամի կողմից կատարված ծախսերը կազմել են 663.0 հազ. դրամ, կամ, մեկ դատապարտյալի հաշվարկով, կենցաղային պայմանների բարելավման համար 2 տարվա ծախսը՝ 172 դրամ»: Չգիտեմ, այս ցուցանիշը ծիծաղելի՞ է, թե՞ ողբալի…
Վերոհիշյալ պայմանագիրը՝ ստանձնած պարտավորությունները չկատարելու պատճառով լուծարվել է: Սակայն ուշադրության արժանի է այն, որ նոր պայմանագիրը կնքվել է նախկին տնօրենի ազատման հրամանից մեկ օր առաջ: Ի դեպ, հիմնադրամի վնասը միայն 2008թ.-ի համար կազմել է 4.070.0 հազ. դրամ:
Տեղեկացնենք, որ գոյություն ունի հոգաբարձուների խորհուրդ, որը նշանակում է այս հիմնադրամի տնօրենին, ազատում նրան: ԱԺ վերահսկիչ պալատի հաշվետվության մեջ, ցավոք, չկար հոգաբարձուների խորհրդի կողմից ձեռնարկած միջոցառումների մասին որեւէ տեղեկատվություն:
Համաձա՞յն եք  ՀՀ Վերահսկիչ պալատի հաշվետվությանը՝ հարցով դիմել ենք արդարադատության նախարարությանը: Հավանաբար՝ համաձայն են եղել բացահայտվածի հետ, եւ լռությունը դրա խոսուն վկայությունն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել