Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԲԻԶՆԵՍ ՍԿՍԵԼ

Փետրվար 10,2010 00:00

Հայաստան վերադարձած քաղաքացիների 10%-ը չի տիրապետում մայրենի լեզվին:
Սա պարզվել է «Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում» ծրագրի շրջանակներում՝ Երեւան, Գյումրի, Վանաձոր, Գավառ եւ Չարենցավան քաղաքներում 2009թ.-ին արտերկրից Հայաստան վերադարձած 103 մարդու հետ անցկացրած սոցիոլոգիական հետազոտության արդյունքում: «People in Need» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի պատասխանատուների ներկայացմամբ, հարցումներին մասնակցած անձանց 28%-ը եղել են կանայք, 72%-ը՝ տղամարդիկ: Հարցվածների 58%-ը Հայաստան է վերադարձել վերջին մեկ տարվա ընթացքում, 42%-ը՝ ավելի քան մեկ տարի առաջ: Վերադարձածների գերակշիռ մասը կամավոր է ընտրել հայրենիք վերադառնալու որոշումը, ապաստանած երկրի իշխանությունների կողմից միայն 4 հոգի են վտարվել, որոնցից 3-ի արտաքսումը կատարվել է տվյալ պետության հաշվին: Վերադարձածների 67%-ը Հայաստան է եկել ՌԴ-ից, 22%-ը՝ Եվրոպայից, մոտ 6%-ը՝ հետխորհրդային պետություններից, մնացյալ 5%-ը՝ ԱՄՆ-ից, Կանադայից եւ Արգենտինայից:
Մինչ հայրենիք վերադառնալը, հարցվածների սոսկ 3 տոկոսն է, որ արտերկրում չի աշխատել կամ սովորել, իսկ մնացածը ունեցել է որոշակի զբաղվածություն:
Իսկ թե վերադառնալուց հետո հարցվածները ինչ խնդիրների են հանդիպել Հայաստանում՝ նրանց 72%-ը հայտնել է, որ դժվարությունների են հանդիպել սեփական բիզնես սկսելու հարցում, 25%-ը անտեղյակ է ՀՀ-ի օրենսդրությունից, 22%-ը ունեցել է փաստաթղթային խնդիրներ, 10%-ը չի տիրապետել մայրենի լեզվին, 10%-ը խնդիրներ է ունեցել առողջապահական համակարգից, 7%-ը՝ բնակարանային հարցեր:
Աշխատանք չունենալու հիմնական պատճառները երեքն են՝ ցածր վարձատրություն, մասնագիտական աշխատանքի եւ առհասարակ աշխատանքի բացակայություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել