Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գործադուլի «գինը»՝ մեկ միլիոն դոլար

Փետրվար 10,2010 00:00

«Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերության տնօրենի կարծիքով՝ մոտ 150 աշխատող կկրճատվի:

Կապանի «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ում կրճատումներ են սպասվում: Այս մասին լրագրողներին ասել է ընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետան: Թեեւ ձեռնարկության գլխավոր տնօրենը հայտարարել է, որ ընթացիկ տարում ընկերությունն իր առջեւ առաջնահերթ խնդիր է դրել ընդլայնել աշխատանքների ծավալը՝ հանքի եւ ֆաբրիկայի արտադրական ծավալները, ինչը հնարավորություն կտա ձեռնարկությանը աշխատել նույնիսկ մետաղների ցածր գների պայմաններում եւ լինել կայուն: Բայց, հավանաբար, դրանք կարվեն առանց աշխատատեղերի ավելացման, ու դեռ որոշ աշխատատեղեր էլ կկրճատվեն: «Եթե հիշում եք, դեռեւս մեկ տարի առաջ՝ ճգնաժամը սկսելու պահից լուրջ դժվարություններ էին առաջացել: Կառավարության հետ համաձայնության էինք եկել աշխատողների թիվը հասցնել 950-ի: Մեր ձեռնարկությունում անցած տարի կրճատումներ չեն արվել: Ընկերությունում ներկա դրությամբ աշխատում է 1100 մարդ, ավելի, քան անհրաժեշտ է: Իսկ կոմբինատին 950 աշխատողն էլ բավական է: Այնուամենայնիվ, անհրաժեշտ է լինելու որոշակի կրճատումներ անել, բայց ոչ մեծ քանակով»,- նշեց պարոն Ֆալետան:
Պարոն Ֆալետայի ասածից կարելի է եզրակացնել, որ «ոչ մեծ քանակով կրճատումներ» ասելով՝ նկատի ուներ 150 աշխատողի կրճատումը: Ըստ նրա՝ դա այդքան էլ մեծ թիվ չէ: Բայց եթե հաշվի առնենք, որ մոտ 150 ընտանիքի միակ եկամտի կամ հիմնական եկամտի աղբյուրն այդ աշխատանքն է, իսկ Կապանում աշխատանք գտնելն ու գումար վաստակելն այնքան էլ հեշտ գործ չէ, 150 ընտանիքի գործազուրկի կարգավիճակում դնելն ու անեկամուտ թողնելը՝ շատ կանխատեսելի հետեւանքների է հանգեցնելու: Բացի այդ՝ մի՞թե կոմբինատում անցած տարի կրճատումներ չեն եղել: Եղել են: Դեռեւս մի քանի ամիս առաջ պարոն Ֆալետան մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ձեռնարկությունում ավելի քան 1200 մարդ է աշխատում («Առավոտ», 14 հուլիս 2009՝ «Բոնուսը՝ ընդդեմ գործադուլի»): Իսկ այժմ ասում է, որ 1100 աշխատող կա կոմբինատում: Ո՞ւր «կորան» ավելի քան 100 աշխատողները:
Պարոն Ֆալետան նշեց նաեւ, որ շատ հաճախ լրատվամիջոցները ապատեղեկատվություն են տարածում, հատկապես, երբ խոսքը վերաբերում է վերջին օրերի գործադուլին: Մինչդեռ հենց Ռոբերտ Ֆալետայի կարգադրությամբ ընկերության ներկայացուցիչները լրագրողների հետ չէին շփվում, եւ լրագրողները գործադուլավորներին լսելուց հետո ընկերությունից պարզաբանում չէին ստանում: «Ես այդ պահին անհրաժեշտ ինֆորմացիա չունեի տրամադրելու եւ զբաղված էի այդ աշխատանքները հարթելու ուղղությամբ, երբ 3-րդ անօրինական գործադուլն էր: Երբ 2009-ին ընկերությունը մետաղների գների անկման պատճառով վնասով էր աշխատում, նրանք, այնուամենայնիվ, աշխատավարձի բարձրացում էին պահանջում: Միայն ընկերության անխափան աշխատանքի ապահովման համար մենք ամսական 2 միլիոն դոլար ենք ծախսում: Օրինակ, եթե վերամշակող ֆաբրիկան դադարի մեկ կամ երկու օր աշխատել, ֆինանսական լուրջ խնդիրներ են ստեղծվելու»,- ասում է պարոն Ֆալետան: Նրա խոսքերով՝ վերջին գործադուլի հետեւանքով ձեռնարկությունը մեկ միլիոն դոլարի վնաս է կրել: Ռոբերտ Ֆալետան հավաստիացնում է, որ գործադուլների հետ կապված խնդիրն ամբողջությամբ լուծված է, աշխատողներին ներկայացվել է աշխատավարձերի լավ փաթեթ: Իսկ գործադուլի օրերի համար բանվորները չեն վարձատրվելու: «Պետք է մարդիկ գիտակցեն, որ մեր ընկերությունը մասնավոր է: Ոչ մի ընկերություն չի կարող շարունակ վնասներ կրել, եւ ցանկացած մասնավոր ձեռնարկություն կսկսի քայլեր ձեռնարկել, որպեսզի շահույթով աշխատի: Այսօր բոլորն ասում են՝ մետաղների գները բարձր են, այնուամենայնիվ, դա ընկերությանը օգուտ չի տալիս, եթե ձեռնարկությանը չի հաջողվում այնպիսի խտանյութ տալ, որի պահանջարկը կա շուկայում»,- հավելում է Ռոբերտ Ֆալետան:
Ըստ նրա՝ գործադուլի պատճառներից մեկն էլ այն էր, որ «պարգեւավճարային համակարգը» չէր աշխատում այնպես, ինչպես հարկ է: Շատ աշխատողների չէր հաջողվում օգտվել դրանից: «Աշխատուժը շատ էր, շատ աշխատանք չկար, իսկ եղած աշխատանքն էլ բաժանվում էր բոլորի միջեւ, ինչն էլ հնարավորություն չէր տալիս աշխատողներին օգտվել այդ համակարգից: Ուստի որոշակի փոփոխություններ մտցրին «պարգեւավճարային համակարգում», բայց գործընթացի իրականացման համար անհրաժեշտ կլինի նաեւ աշխատուժի փոփոխություն անել»,- պարզաբանեց ձեռնարկության ղեկավարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել