Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՔՆՈՒՄ Է ՀԻՆ ՎԵՐԱՐԿՈՒՆԵՐՈՎ ԾԱԾԿՎԱԾ

Փետրվար 10,2010 00:00

Ծնողազուրկ Արմեն Ստեփանյանին պետությունը տուն չի տալիս,
նա էլ քնում է այնտեղ, որտեղ խղճում են ու տեղ տալիս:

 
\"\"25-ամյա Արմեն Ստեփանյանը ողջ կյանքի ընթացքում մորը տեսել է ընդամենը 12 օր: Ծննդաբերելուց 12 օր հետո մայրը Արմենին թողնում է ծննդատանը, գրավոր գրում, որ հրաժարվում է իր երեխայից ու ընդմիշտ հեռանում: Փոքրիկին տեղափոխում են մանկատուն: Արմենը սկզբում բնակվում է Խարբերդի, հետո Քանաքեռի մանկատանը, ապա տեղափոխվում է Նուբարաշենի գիշերօթիկ դպրոց, որն էլ ավարտելուց հետո մնում է անօթեւան՝ փողոցում: Արմենի՝ բնակարան չունենալու խնդրին «Առավոտում» (05.02. 2010) արդեն անդրադարձել ենք: «Մանկատնից հետո ընկել է դռնեդուռ» հոդվածում մասնավորապես նշել էինք, թե մեր երկրի քաղաքացիների համար պատասխանատուները մանկատան երեխային, որն արդեն 25 տարի երկկողմանի ծնողազուրկ է, ինչպես են գցել դռնեդուռ ու ոչ մի սոցիալական ծրագրում չեն ընդգրկում, որպեսզի նա փողոցում չքնի:
\"\"Ներկայումս նա, կարելի է ասել, պատսպարվում է Հաղթանակ թաղամասում գտնվող տներից մեկին կից մի փոքրիկ կացարանում: Երեկ, երբ մենք այցելել էինք Արմենին, նրա բնակարանի ջերմաստիճանն ավելի ցածր էր, քան դրսում էր: Վերջին օրերին ջերմաստիճանի նվազման հետեւանքով էլ գիշերը ցրտահարվել են Արմենի ձեռքերը: Նրա պատմելով՝ քնած է եղել եւ չի զգացել, թե ինչպես են ձեռքերը ծածկոցների տակից դուրս մնացել: Արմենի սենյակը չի ջեռուցվում: Դուռն էլ դեֆորմացված է եւ չի փակվում: Լուսամուտն էլ փայտով ու քարերով փակել է, որպեսզի գոնե այդտեղից ցուրտը չլցվի բնակարան: Արմենի ունեցած միակ կահույքը ծալովի մահճակալն է, որը նրան մանկատնից են տվել: Արմենի պատմելով՝ քնելիս ծածկվում է մի քանի հին վերարկուներով, որպեսզի ցրտից չմեռնի: Արմենին սնվելու հարցում օգնում են հարեւանները: Նրա խոսքերով. «Ես 18 հազար դրամ նպաստ եմ ստանում: Ամբողջ գումարը տալիս եմ հարեւաններիս, որոնք էլ ինձ ամեն օր ուտելու բան են տալիս, ու ցերեկները տեղ տալիս իրենց վառարանի մոտ: Շուտով հարեւաններս կտեղափոխվեն նոր տուն, ես կարող եմ մնալ էլի այս սենյակում, բայց արդեն ուտելու բան չեմ ունենա: Մեկ-մեկ երբ բարի մարդիկ ինձ ուտելիք են տալիս, բերում եմ իմ սենյակ, որպեսզի քիչ-քիչ ուտեմ, բայց քանի որ դուռը լավ չի փակվում, բակի շները գալիս են գողանում»:
Այդ խոնավ ու մութ սենյակում մի փոքրիկ տեղ է հատկացված Աստվածաշնչին, նա գրեթե ամեն օր այն կարդում է ու հավատում, որ մի օր իր երազանքը կկատարվի՝ մորը կգտնի: Արմենը մանկատնից դուրս գալուց հետո որոշ փորձեր արել է հարազատներին գտնելու համար, սակայն կրկնակի ցավ է ապրել, երբ Արտաշատի գյուղերից մեկում ապրող մորական տատը չի ցանկացել անգամ լսել Արմենի մասին՝ պատասխանելով, որ ինքը տեղեկություն չունի նրա մոր մասին: Արմենի պատմելով. «Մի որոշ ժամանակ հետո, երբ այցելեցի տատիկիս, պարզեցի, որ նա էլ դռները փակել ու մեկնել է Կանադա: Հետո գյուղապետարանից պարզեցի, որ մայրս էլ արդեն տասը տարի ապրում է Կանադայում: Ես այստեղ ինչ դժվարությունների միջով եմ անցնում, իսկ հարազատներիս դա ընդհանրապես չի հետաքրքրում: Իմացել եմ, որ բացի ինձնից՝ մայրս էլի երեխա ունի»:
Արմենը մորաքրոջն էլ է գտել, բայց հանդիպումից հետո տղային ասել են, որ այլեւս չեն ուզում նրան տեսնել: Տատիկն անգամ դիմել էր ոստիկանություն, որ նրանց միջոցով արգելի թոռանն իրեն մոտենալ:
Չնայած կյանքի այս դաժան հարվածներին, Արմենը բացարձակ չարացած չէ ո՛չ կյանքի, ո՛չ էլ իրեն տեսնել չցանկացող հարազատների նկատմամբ եւ հավատում է, որ մի օր նրանք իրեն կգտնեն, ու իր կյանքում ամեն ինչ կփոխվի:
Հ. Գ. Արմենը պետությունից բնակարան ստանալու ակնկալիքով 4 տարի առաջ դիմել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, սակայն նրան մերժել են, քանի որ նա չի հանդիսացել մանկատան շրջանավարտ, այլ ավարտել է գիշերօթիկ դպրոցը: Արմենին մերժելու տրամաբանությունն այնքան էլ հասկանալի չէ. գիշերօթիկն ավարտելուց հետո էլ նա համարվում է երկկողմանի ծնողազուրկ, փաստ է, որ նա մանկատանն է մեծացել, ուստի թե ինչու պետությունը նրան էլ չի ընդգրկում «Պետական աջակցություն մանկատան շրջանավարտներին» ծրագրում, անհասկանալի է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել