Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կամաց-կամաց փախչելու ենք էս երկրից»

Փետրվար 10,2010 00:00

 Ասում են փողոցային առեւտրով զբաղվողները

Երեւանի քաղաքապետարանի հրահանգով փետրվարի 4-ից փողոցային առեւտրի դեմ լուրջ պայքար է սկսվել: Պայքարն այնքան ուժգին է, որ երեկ Գարեգին Նժդեհի հրապարակում բազմաթիվ փողոցային առեւտրականներից ընդամենը 3 համարձակներն էին աշխատում: «Առավոտի» հետ զրույցում ազատամարտիկ Լեւոն Սահակյանն ասաց, որ անձամբ իր համար քաղաքապետարանի որոշումը մեծ կորուստներ է բերելու. «Ես վարձով եմ ապրում, չեմ կարում տան վարձ տալ, կանաչի եմ վաճառում, որ այդ հոգսերը հոգամ, երեխես էլ Ղարաբաղում էր ծառայում, հիվանդացած եկել ա: Չեմ հասկանում, եթե մարդիկ կարողանում են իրանց համար մի բան ստեղծել, էս անտեր պետությունից էլ ախր բան չեն ուզում, նենց են անում, որ էս ժողովուրդը չապրի ու միտինգավորները շատանան, եթե արդեն փողոցային առեւտրին հավան չեն, թող ուրեմն պայմաններ ստեղծեն ու մեզ անգործ չթողնեն»: Առեւտրականներից մեկն էլ ասաց, որ վերջերս անընդհատ նույն բանն է լսում՝ երկրի վիճակը վատանում է, ավազակությունն ու հանցագործությունը՝ շատանում. «Բա տենց էլ պիտի լինի, որ երեխես սոված մնաց, մի բանի պիտի դիմեմ, որ պահեմ, բնական է, որ էս պայմաններում գողանալու են, իրենցից տեսնում ու սովորում են գռփել-չռփելը»: Նրա համոզմամբ, այս ծրագիրը երկրի ղեկավարության հերթական միտումնավոր քայլն է, որ Հայաստանը հայաթափ լինի. «Ընկել են խեղճ ժողովրդի հետեւից, ժողովուրդը կամաց-կամաց դուրս է գալու ու փախչելու ստեղից, էս երկրում ոչ մի լավ բան չկա, թե ահելները, թե ջահելները, սաղ էլ ուզում են գնան, մնան ի՞նչ անեն, որ ապագա չկա: Հազարավոր ընտանիքներ սոված մնացին»:
Մեր մյուս զրուցակիցը, որ 50-ամյա կին էր, ասաց, որ արդեն 20 տարի առեւտրով է զբաղվում. «Կանգնած նայում եմ, տիկինները սիրուն-ակուրատնի հագնված անցնում են ստեղով, մի տեսակ նախանձում եմ, բա ես չե՞մ ուզում նրանց պես դզվեմ-փչվեմ, բայց մենք դրա ժամանակը չունենք, գնում եմ տուն, որ նստում եմ՝ նստած էլ քնում եմ, մեզ ասում են՝ գնացեք շուկաներում առեւտուր արեք, մենք տեղը չգիտե՞նք, ինչ ա, բայց ստեղ մինչեւ գիշերվա 1-ն էլ կանգնում ու առեւտուր ենք անում, իսկ շուկաներում ժամը 5-ից մարդիկ վեշերը հավաքում են»:
Լիաննա Հարությունյանին էլ շատ է ուրախացրել քաղաքապետարանի նոր որոշումը. «Վերջապես փողոցային առեւտրին վերջ կդրվի, սաղ մայթերը գրավել էին, նախորդ անգամ հենց էստեղով էի անցնում, հրեցին ինձ ու ընկա թթու վաճառողների ապրանքի վրա, մի մունաթ կապեցին էդ լակոտները, բա ես հերոս տղայի մայր եմ, ինձ սազակա՞ն է նման վերաբերմունք: Ես անձամբ փողոցային առեւտրականներից ոչինչ չեմ առնում, միայն էն խեղճ ու կրակ լիմոն ծախողներին եմ մեկ-մեկ խղճում ու մի բան առնում»:
Երեկ այս առնչությամբ «Առավոտին» պարզաբանում տվեց Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առեւտրի եւ սպասարկումների վարչության պետի տեղակալ Վազգեն Ղազարյանը: Նրա խոսքերով, իրենք Գ. Նժդեհի հրապարակի առեւտրականներին առաջարկել են տեղափոխվել Շենգավիթ վարչական շրջանում գործող 4 շուկաներ, որոնցից 3-ը գյուղատնտեսական նշանակության են. «Նժդեհի հրապարակից մոտ 20-30 մետր հեռավորության վրա գործող շուկան թերծանրաբեռնված է, առաջարկել ենք այդտեղ տեղափոխվեն: Չարբախի շուկան էլ է կիսադատարկ, մետրոյի «Շենգավիթ» կայարանին հարակից շուկան էլ է նույն վիճակում: Նրանց ղեկավարության հետ էլ ենք հանդիպել, պատրաստ են նաեւ հագուստ վաճառողների էլ ընդունել: Բայց առեւտրականները հրաժարվում են, Չեխովի փողոցում գտնվող շուկայի տնօրինությունն էլ պատրաստակամ է առեւտրականներին ընդունել՝ մեկ ամիս վարձավճար չգանձելու պայմանով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել