Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ՏՎԵԼ ԵՆ ԳՐԵԹԵ ՆՈՒՅՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԸ

Փետրվար 10,2010 00:00

Խոսքը Հայաստանում եւ Ադրբեջանում կայացած տեղական ինքնակառավարման ընտրությունների մասին է

Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի բյուրոն փետրվարի 5-ին Փարիզում կայացած նիստում քննարկել է Ադրբեջանի տեղական ընտրությունների վերաբերյալ դիտարկման զեկույցը, բանաձեւի եւ երաշխավորությունների նախագծերը, որոնք պետք է քվեարկության դրվեն Կոնգրեսի 18-րդ լիագումար նստաշրջանի մարտի 18-ին կայանալիք նիստում:
Ներկայացնենք այս փաստաթղթերում առկա որոշ գնահատականներ՝ ընթերցողին թողնելով այն հարցի պատասխանը, թե արդյոք շա՞տ է տարբեր ընտրությունների որակը Հայաստանում եւ Ադրբեջանում:
Ադրբեջանում 2009-ի դեկտեմբերի 23-ին կայացած այս ընտրությունները դիտարկում էր ԵԽ կոնգրեսի 11 հոգանոց պատվիրակությունը, որը ղեկավարում էր Թուրքիայի պատվիրակ Գայե Դոգանօղլուն: Պատվիրակության կազմում էր նաեւ Մեծ Բրիտանիայի պատվիրակ Նայջել Մերմագենը, որն անցած տարվա մայիսին Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում Կոնգրեսի դիտորդական առաքելության ղեկավարն էր: Ադրբեջանի ընտրությունների դիտարկման վերաբերյալ զեկույցի հեղինակը Ֆրանսիայի պատվիրակ Ֆրենսիս Լեցն է:
Այս ընտրությունների վերաբերյալ դիտորդական առաքելությունը եզրակացրել է, թե դրանք, ընդհանուր առմամբ, «տեխնիկական առումով լավ կազմակերպված էին (հիշեցնենք, որ նման գնահատական հրապարակվել է նաեւ Հայաստանի 2009 թ. տեղական ընտրությունների վերաբերյալ.- Ա. Ի.) եւ անցան հանգիստ մթնոլորտում»: Չնայած այս ամենին, պատվիրակությունը մատնանշել է մտահոգության առարկա երեք հիմնական խնդիրներ. առաջինը Ադրբեջանի քաղաքական մթնոլորտում իրական բազմակարծության պակասն է. «Իրական ընդդիմադիր թեկնածուների անբավարարությունը եւ որպես դրա հետեւանք՝ մրցակցային նախընտրական արշավի բացակայությունը՝ փողոցներում եւ հեռուստատեսությամբ»: Դարձյալ հիշեցնենք, որ ԵԽ կոնգրեսն այս առումով գրեթե նույնական գնահատական էր տվել Երեւանի ավագանու ընտրություններին:
Մտահոգության հաջորդ առարկան ընտրողների հաշվառման եւ ձայների հաշվարկի գործընթացների վերաբերյալ կասկածներն են՝ որոշ ընտրատեղամասերում:
Եվ վերջապես՝ ԵԽ դիտորդներին մտահոգել է Ադրբեջանում «տարածքային ժողովրդավարության անբավարար զարգացածությունը»:
Երաշխավորությունների նախագծում ԵԽ կոնգրեսն ափսոսանքով նշում է, որ չնայած բազմակի կոչերին՝ ձեւավորել քաղաքային ավագանի եւ ընտրել Բաքվի քաղաքապետին, Ադրբեջանը դեռ չի իրականացրել Կոնգրեսի այս առաջարկը, որը նաեւ բխում է Տեղական ինքնակառավարման մասին եվրոպական խարտիայից: Այս առումով Հայաստանը Ադրբեջանից մի քայլ առաջ է:
Ադրբեջանի տեղական ընտրություններին մասնակցությունը՝ իրենց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն, կազմել էր 31,86%: Այս ցուցանիշը հաստատել է Կոնգրեսի պատվիրակության ընդհանուր տպավորությունը, թե ընտրությունների նկատմամբ կա հանրային ցածր հետաքրքրություն: Զեկուցող Ֆրենսիս Լեցը սա պայմանավորել է նաեւ հետեւյալ հանգամանքով, որ սահմանափակվել էր հեռուստաընկերություններով քարոզարշավի համար կուսակցություններին ու թեկնածուներին հատկացված անվճար եթերաժամանակը, եւ սա Ադրբեջանի փաստացի միակուսակցական համակարգի արդյունքն է, «որտեղ ընտրությունները չեն խաղում կարեւոր դեր»:
Այս ամենը ու նաեւ այն միջադեպերը, որոնք տեղի էին ունեցել որոշ ընտրատեղամասերում ձայների հաշվարկի ընթացքում՝ ըստ ԵԽ կոնգրեսի դիտորդական առաքելության նախապատրաստած երաշխավորությունների նախագծի՝ «հիմքեր են տալիս լուրջ կասկածի ենթարկելու 2009 թ. դեկտեմբերի 23-ին տեղի ունեցած ընտրությունների ամբողջականությունը»: Այս գնահատականը նկատի առնելով՝ առնվազն զարմանալի է, որ ԵԽԽՎ վերջին նստաշրջանի ընթացքում Ադրբեջանի պատվիրակները ելույթներում պնդում էին, թե իրենց տեղական ընտրություններն արժանացել են դրական գնահատականի: Թերեւս նման համոզվածության պատճառն այն է, որ ինչպես եւ Հայաստանի պարագայում էր՝ ԵԽ դիտորդների նախնական ու վերջնական գնահատականներն ունեին որոշ նրբերանգային տարբերություններ: Դեկտեմբերի 24-ին Բաքվում ԵԽ դիտորդների հրապարակած նախնական գնահատականը մասնավորապես այսպես էր մատուցվել, թե «Ադրբեջանի իշխանությունների համար դեռեւս կա բարելավումների ասպարեզ»:
Մարտի 18-ին քննարկվելիք բանաձեւի նախագծում ԵԽ կոնգրեսը մտահոգություն է արտահայտում Ադրբեջանում «տարածքային ժողովրդավարության եւ ինքնակառավարման վիճակի» կապակցությամբ: ԵԽ նախարարների կոմիտեին եւ ԵԽԽՎ-ին խնդրում են հաշվի առնել իրենց ներկայացրած երաշխավորությունները՝ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները քննարկելիս:
ԵԽ կոնգրեսը Ադրբեջանի իշխանություններին առաջարկել է ձեռնարկել հնարավոր բոլոր քայլերն իրենց արձանագրած մտահոգությունները փարատելու համար: Եվ մասնավորապես՝ օրենսդրության մեջ հստակ նշել այն անձանց, ովքեր իրավունք ունեն ներկա գտնվել քվեարկության եւ ձայների հաշվարկի ընթացքում: ԵԽ կոնգրեսն Ադրբեջանին առաջարկել է «բարելավել մամուլի՝ մասնավորապես հեռուստատեսության եւ ռադիոյի բազմակարծությունը, ինչպես նաեւ ստեղծել իրավական պայմաններ, ըստ որոնց՝ անկախ լրագրողները եւ ազատ ԶԼՄ-ները կարող են աշխատել առանց ահաբեկումների եւ սպառնալիքների»:
Հանձնարարականների մեծ մասը եւս ընդհանուր է՝ նման առաջարկներ բազմիցս եւ, մեծ մասամբ՝ անպտուղ արվել են նաեւ Հայաստանին: Տարբերությունը թերեւս այն է, որ Ադրբեջանի դեպքում նաեւ առաջարկվում է «վերացնել ռադիոկայանների նկատմամբ արգելքը եւ ազատ արձակել կալանավորված լրագրողներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել