Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առաջարկ ՍԴՀԿ-ից

Փետրվար 10,2010 00:00

«Դադարեցնել Թուրքիայի հետ բանակցությունները, հետ գալ ելակետային վիճակին, եւ եթե այդ ամենից հետո Սերժ Սարգսյանը նորից ի վիճակի լինի ղեկավարել Հայաստանը՝ Թուրքիայի հետ բանակցությունները սկսել հավասար դիրքերից»:

Սա ստեղծված իրավիճակից այն ելքն է, որն առաջարկում է ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների բարելավման մեկամյա պատմությանը՝ Լյուդմիլա Սարգսյանն արձանագրում է, որ այժմ ավելի քան ակնհայտ է, որ նախաձեռնելով ֆուտբոլային դիվանագիտությունը՝ Սերժ Սարգսյանը ջանում էր ընդամենը ժամանակ շահել ԼՂՀ հարցի լուծման մասով. «Այսօր հստակ երեւում է, որ կար մեծ ծրագիր՝ համաձայնեցված եւ ՌԴ-ի, եւ Արեւմուտքի հետ. տեսանելի են բոլորի դերակատարումները, այդ թվում նաեւ մեր իշխանությունների՝ նրանք գլուխները կախ միայն պետք է կատարեին իրենց տրվող հրահանգները: Ապշեցուցիչ է, որ այդ վիճակը չէր վիրավորում գործող իշխանություններին, ավելին, նրանք ընդունում էին այդ ստորացված դերակատարությունը: Եթե մի փոքր պատվախնդրություն ունենային, պարզապես կասեին՝ մենք այս հարցն ի վիճակի չենք լուծելու, ու կհեռանային»:
Մեր զրուցակիցը միանգամայն կիսում է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի որակումը, ով ստորագրված արձանագրություններն անվանեց «ցյուրիխյան ուրացում՝ հայ ժողովրդի, մեր պետության ինքնիշխանության նկատմամբ»: Ներկայիս իրավիճակը տիկին Սարգսյանն այսպիսին է համարում. «Սերժ Սարգսյանի օձիքն այսօր բաց չեն թողնի, քանի որ դեռ մինչ նախագահական ընտրությունները խոստումներ է տվել: Իսկ ՍԴ-ի որոշումը՝ կետերի բացառումը, պարզապես խաղը ձգելու հնարավորություն է տալիս Սերժ Սարգսյանին, ուրիշ ոչինչ»:
Այն, որ ԱՄՆ Կոնգրեսում նորից խոսվում է Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման մասին, մեր զրուցակիցը հոգ չի համարում: Ավելին, կարծում է, որ թուրքական դիվանագիտությունն իր մեջ ուժ կգտնի՝ ստեղծված իրավիճակից հօգուտ Թուրքիայի դիվիդենդներ շահելու: Մինչդեռ այս գործընթացի արդյունքում, ՍԴՀԿ ատենապետի համոզմամբ, տարածաշրջանում Թուրքիան լրջագույն դերակատարում ստացավ. «Համարյա Մինսկի խմբի համանախագահներին հավասար՝ Թուրքիան այսօր փորձում է միջամտել հայ-ադրբեջանական հարաբերություններին եւ փորձում է Լեռնային Ղարաբաղի հարցին լուծումներ տալ՝ ի նպաստ Ադրբեջանի: Այս ամենի գնահատականը մեկն է՝ Սերժ Սարգսյանը երկու տարի ապազգային քաղաքականություն է վարել՝ սեփական աթոռը պահպանելու համար, ինչի արդյունքում Հայաստանն օրեցօր ավելի է մոտենում պետությունն ու պետականությունը կորցնելու վտանգին»:
Նկատեցինք, որ ՀԱԿ-ը, որին անդամակցում է ՍԴՀԿ-ն, ճիշտ նույնքան, որքան պաշտոնավարում է Սերժ Սարգսյանը, խոսում է այդ վտանգներից, սակայն դրանց դեմն առնելու քայլեր այդպես էլ չի անում: Արձագանքը եղավ այսպիսին. «ՀԱԿ-ն իր քայլերը հաշվարկային է տանում: ՀՀ առաջին նախագահի՝ սեպտեմբերի 18-ին արված հայտարարությունը, որ մենք դաշտը տրամադրում ենք այլ ուժերի, թող ստեղծեն նոր ընդդիմություն, եթե կարող են, իմաստուն եւ խորիմաստ քայլ էր: Կոնգրեսի ակտիվությունը Սերժ Սարգսյանին պետք էր, որպեսզի սեփական իմիջն արտաքին աշխարհում բարձրացնի՝ ասելով, թե այսպիսի փորձությունների միջով եմ խոստումներս իրականացնում: Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդամենը դաշտը զիջեց բոլոր այն պոռոտախոսներին, ովքեր հորջորջում էին, թե Կոնգրեսն իրեն սպառել է եւ այլընտրանքային ընդդիմություն է պետք: Փորձեցին: Արդյունքը՝ տեսան բոլորը: Միտինգային պրոցեսների մեջ Կոնգրեսին ներքաշել եւ այդ կերպ այն փոշիացնել՝ ոչ ոքի չի հաջողվի: Այս ընթացքում իշխանությունը խնդիր ուներ ամեն կերպ պառակտելու ՀԱԿ-ին, բայց մենք որեւէ նման ավանտյուրայի չենք գնա: Կգա ժամանակը, եւ ՀԱԿ-ն իր դիրքերն ավելի ամրապնդած, ավելի բազմամարդ՝ կվերադառնա քաղաքական բեմ, որից չէր էլ հեռացել: Ես պնդում եմ, որ միակ իրական ընդդիմությունը եւ կարող այլընտրանքային ուժը Կոնգրեսն է: ՍԴՀԿ-ն էլ կա ու իր որդեգրած սկզբունքներին կմնա հավատարիմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել