Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿՈՏՐԵԼ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐԸ

Փետրվար 10,2010 00:00

\"\"ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի վրայով թռչելիս հորդորել է այդ երկրի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն Անգլիա մեկնելիս, երբ թռչում էր Թուրքիայի տարածքի վրայով, ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին: Ուղերձում ասված է. «Կարծում եմ՝ կհամաձայնեք, որ հայ եւ թուրք ժողովուրդների՝ միմյանց հանդեպ ունեցած կարծրատիպը կոտրելու, փոխվստահության մթնոլորտ ձեւավորելու խնդրում հիմնական դերը վերապահված է իշխանություններին: Միայն մեր գործի հանդեպ ունեցած հավատի, վճռականության եւ սկզբունքայնության շնորհիվ մենք կարող ենք հասնել արդյունքի: Այլապես, երբ հակասում են գործն ու խոսքը, դա ծնում է անվստահություն եւ թերահավատություն՝ գործունեության լայն դաշտ բացելով գործընթացին դեմ ուժերի համար: Մենք պետք է գիտակցենք, որ ժամանակն այս դեպքում ոչ թե նպաստում է գործընթացին, այլ իմաստազրկում այն»:
Հայաստանյան քաղաքական ուժերը այս ուղերձի մասին տարաբնույթ տեսակետներ հնչեցրին: Օրինակ, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանի գնահատմամբ՝ այս ուղերձը ներքին սպառման համար է: «Սերժ Սարգսյանի այս ուղերձը, ինչպես իրենք կասեին, ներքին օգտագործման փաստաթուղթ է, որի նպատակն է հայ հանրությանը ցույց տալ, թե որքան ինքնավստահ են մեր իշխանությունները: Սրանով Սերժ Սարգսյանը փորձում է ցույց տալ, թե ինքը խնդիրներ չունի հայ-թուրքական գործընթացում, եւ որ ինքը շահագրգռված է հայ-թուրքական արձանագրությունների վավերացմամբ: Սակայն դա ամենեւին էլ այդպես չէ: Որքան էլ ցույց տան, թե առաջ են շարժվում, միեւնույն է՝ իրականում առկա են հետնահանջային տրամադրություններ»,- իր ասուլիսում վստահություն հայտնեց Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցության ղեկավարը: Վերջինս կարծում է, որ այդ ուղերձը շատ լուրջ դեր չի կարող ունենալ, քանի որ առանց այդ ուղերձի էլ բոլորը տեսնում են, որ Հայաստանը այս պահին որեւէ կերպ չի խոչընդոտում գործընթացին:
Ի տարբերություն վերն ասվածի, ընդդիմության մեկ այլ թեւի ներկայացուցիչ՝ ՀԱԿ անդամ Հովհաննես Իգիթյանը tert.am-ին ասել է, թե Սերժ Սարգսյանի ուղերձը ներքին սպառման համար չէ: Հովհաննես Իգիթյանի կարծիքով՝ հազիվ թե որեւէ հայաստանցի հավատա այս ուղերձին, քանի որ յուրաքանչյուր հայաստանցու համար պարզ է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը տապալված է: «Ուղերձն արտաքին սպառման համար է, որովհետեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում արտաքին աշխարհը մեծ ճնշումներ է գործում Հայաստանի վրա, եւ Հայաստանը պետք է ցույց տա, որ կարող է դիմակայել այդ ճնշումներին»,- ասել է Հովհաննես Իգիթյանը: Ուղերձի արդյունավետությանը պարոն Իգիթյանը չի հավատում: Հարցին՝ այս ուղերձը կկարողանա՞ հնարավորություն ստեղծել՝ դիմակայելու հավանական ճնշումներին՝ Հովհաննես Իգիթյանը պատասխանել է. «Նամակներով չի որոշվում՝ դիմակայեց, թե ոչ: Կան քաղաքական, դիվանագիտական այլ ճանապարհներ, իսկ ուղերձը արվեց, որովհետեւ ինչ-որ քայլ պետք էր անել»: Որեւէ երկրի տարածքով թռչելիս ուղերձ հղելը պարոն Իգիթյանը համարել է դիվանագիտական հնարք, որը խոսում է ուղերձի առարկայի կարեւորության եւ հրատապության մասին:
Վերլուծաբան Հրաչ Գալստյանի դիտարկմամբ, բոլորովին արդարացված չեն այն գնահատականները, ըստ որոնց՝ նախագահի ուղերձը պետք է շատ ավելի խիստ եւ կոշտ լիներ եւ նման լիներ Թուրքիայի հանդեպ դեմարշի: Ըստ վերլուծաբանի, մենք Թուրքիայի հետ պատերազմի մեջ չենք, որ կոշտ եւ դեմարշային ոգով ուղերձներ հղենք այդ երկրի ուղղությամբ: Եվ քանի որ մենք ոչ թե պատերազմ ենք ուզում, այլ խաղաղություն, Սերժ Սարգսյանի ուղերձի ոգին լիովին համապատասխանում է այդ տրամաբանությանը: Իսկ ինքնաթիռից արված ուղերձները, վերլուծաբանի ասելով, ընդունված են, եւ ցանկացած երկրի նախագահ, երբ թռչում է տվյալ երկրի վրայով եւ ցանկություն ու անհրաժեշտություն է տեսնում այդ երկրի նախագահին դիմելու այս կամ այն հարցի վերաբերյալ, կարող է ուղերձ հղել ինքնաթիռից. «Բնականոն է, երբ մեկ ուրիշ երկրի վրայով թռչելիս այն երկրի նախագահին, որի հետ խնդիր ունենք, որեւէ այլ երկրի նախագահ ուղերձ հղի: Դա հստակ քաղաքական քայլ է՝ ընդունված ամբողջ աշխարհում: Ես դիվանագիտական էթիկայի մասնագետ չեմ, բայց նման դեպքեր շատ կան»: Վերլուծաբանը չի կիսում նաեւ տեսակետները, որ նման ուղերձները ներքին օգտագործման համար են. «Դա ուղղված էր կոնկրետ Թուրքիային, նաեւ հարցով շահագրգիռ կողմերին: Այդ ուղերձում հստակ ֆիքսված է Հայաստանի տեսակետը: Հստակ ասված է, որ այն պլատֆորմը, որ ստեղծված է եւ գոյություն ունի, մենք պատրաստ ենք պահպանել եւ շարունակել երկխոսությունը նույն հարթության վրա: Իմ գնահատմամբ, նախագահի ուղերձը տեղին էր եւ բավականին հավասարակշռված տեքստի տպավորություն թողեց»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Առավոտին» ասաց. «Սա ազդակ էր՝ ուղղված ե՛ւ Թուրքիային, ե՛ւ միջազգային հանրությանը: Այս ուղերձը եւս մեկ անգամ փաստում է այն կարեւորագույն հարցը, որ նախաձեռնությունը հայկական կողմինն է, եւ հայկական կողմը շարունակում է իր քաղաքականությունը: Նախագահի ուղերձում շատ հստակ ազդակներ կան՝ ուղղված թե՛ Թուրքիային, թե՛ միջազգային հանրությանը: Առաջինը, թերեւս, այն է, որ հայկական կողմը պատրաստ է իրականացնել այն պարտավորությունները, որ ստանձնել է հոկտեմբերի 10-ին: Նախագահը շատ պարզ հասկացրել է Թուրքիային, որ այդ երկիրը պարտավոր է հարգել պայմանավորվածությունները, եւ Թուրքիայի իշխանություններին շատ կոնկրետ ասել է, որ խոսքն ու գործը չպետք է իրար հակասեն: Եվ եթե Թուրքիան ստորագրել է արձանագրությունները, ապա հարիր չէ, որ ապակառուցողական մոտեցում ցուցաբերի: Ավելին, նախագահն իր խոսքում եւս մեկ հստակ ազդակ է ուղարկում, որ ժամանակն այս գործընթացի օգտին չի աշխատում, եւ կարեւոր է, որ կարճ ժամանակահատվածում այս խնդիրը լուծվի: Երկու կողմերն էլ իրենց վրա պատրաստակամություն են վերցրել, որպեսզի լուծեն այս հարցերը եւ սերունդներին այս կնճռոտ խնդիրը չթողնեն: Կարծում եմ՝ պատահական չէ, որ նախագահի խոսքն ավարտվում է այսպես՝ ժամանակն է վճռականության, եւ պետք է վճռականություն ցուցաբերել»,- նկատել է ՀՀԿ մամուլի խոսնակը:

Հ. Գ. Ավելի ուշ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Թուրքիա-Սերբիա-Բոսնիա եռակողմ հանդիպումից հետո, մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձի վերաբերյալ լրագրողների հարցին, ասել է, թե դրական է գնահատում Աբդուլա Գյուլին՝ ՀՀ նախագահի հղած ուղերձը: Ինչպես փոխանցում է news.am-ը՝ թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ Դավութօղլուն նշել է. «Այլ երկրի օդային տարածքով թռչելիս ընդունված է այդպիսի նամակներ ուղարկել: Բոլոր երկրների ղեկավարներն էլ նման կերպ վարվում են: Այս պարագայում պարոն Սարգսյանը իր դրական մեսիջն է հղել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել